Գլխավոր Լրահոս

Չինաստանի պաշտպանական ծախսերի աճը. գլոբալ հավակնություններ և կառուցվածքային խնդիրներ

Չինաստանի պաշտպանական ծախսերի աճը. գլոբալ հավակնություններ և կառուցվածքային խնդիրներ

Ռաթիշ Մեհթա 

Պեկինի՝ վերջերս հայտարարած պաշտպանական բյուջեի 7,2%-ով աճը, որը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը, շարունակում է Չինաստանի ռազմավարական հետագծի երկարատև միտումը: Պաշտոնական հայտարարություններում այս ընդլայնումը ներկայացվում է որպես ազգային անվտանգության և տեխնոլոգիական արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող քայլ, բայց այս ծախսերի մասշտաբն ու շրջանակը վկայում են ավելի լայն հավակնության մասին՝ ստեղծել այնպիսի բանակ, որն ունակ է գերակայություն ցուցադրել իր ավանդական ազդեցության ոլորտներից դուրս: Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը այլևս կենտրոնացած չէ միայն Թայվանի կամ սահմանային անվտանգության հարցերի վրա, այլ զարգանում է որպես հեռահար գործառնական հնարավորություններով ուժ՝ ցույց տալով Չինաստանի մտադրությունը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս:

Սակայն գլխագրային այս թվերի ետևում ավելի բարդ իրականություն է թաքնված, որը հավասարակշռում է Չինաստանի արտաքին հավակնությունները ներքին խոցելիությունների հետ: Կոռուպցիոն սկանդալները, քաղաքական զտումները և Չինաստանի բանակի ներսում համակարգային անարդյունավետությունը լուրջ հարցեր են առաջացնում Չինաստանի ռազմական արդիականացման իրական կայունության վերաբերյալ: Հրթիռային ուժերի և պաշտպանական գնումների ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը վկայում է խորքային խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտել Պեկինի ռազմական ընդլայնումը, նույնիսկ, երբ բյուջեն աճում է:

Գլոբալ հավակնության նշաններ

Չինաստանի՝ տասնամյակներ տևող պաշտպանական ծախսերի աճի հիմքում ընկած է նրա զարգացող ռազմավարական դոկտրինը, որը առաջնահերթություն է տալիս ինչպես տարածաշրջանային գերիշխանությանը, այնպես էլ տարածաշրջանից դուրս ռազմական ներկայությանը: Սի Ծինփինի՝ մինչև 2049 թվականը «համաշխարհային մակարդակի բանակ» կառուցելու կոչը միայն հավակնոտ հռետորաբանություն չէ, այլև ծառայում է որպես գործառնական ուղեցույց Չինաստանի գլոբալ ռազմական ներկայության համար: Բյուջեի աճը ուղղակիորեն վերաբերում է ռազմածովային ուժերի ընդլայնմանը, պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը և ավելի վճռական ռազմական դիվանագիտությանը, որոնք բոլորն էլ ամրապնդում են Պեկինի՝ Թայվանի նեղուցից և Հարավչինական ծովից շատ ավելի հեռու ազդեցություն գործադրելու կարողությունը:

Տես նաև՝ Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին

Այս փոխակերպման կարևոր ասպեկտ է եղել չինական նավատորմի՝ բաց ջրերում գործելու հնարավորությունների ընդլայնումը: Նոր ավիակիրների, միջուկային սուզանավերի և արտերկրյա լոգիստիկ կենտրոնների ցանցի կառուցմամբ Չինաստանը հիմք է դնում գլոբալ ռազմական գործողությունների իրականացմանը: Պեկինի մոտեցումը պատմականորեն նման է գերտերությունների ռազմավարություններին, երբ տնտեսական և ռազմական գործիքները փոխլրացնում  են իրար:

Այս հավակնությունը հատկապես ակնհայտ էր Չինաստանի «երկակի նշանակության» մոտեցման մեջ, որտեղ տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքային ծրագրերը ծառայում են ռազմական գործառույթները լրացնելուն: 

Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը ապահովել է Պեկինի հասանելիությունը հիմնական լոգիստիկ կենտրոններին, որոնցից որոշներն այժմ ծառայում են որպես հնարավոր ռազմական միջոցներ: Ջիբութին, Սողոմոնյան կղզիները և Կամբոջայի Ռեամ ծովային բազան այս տեղաշարժի օրինակներ են, որոնցից յուրաքանչյուրը Չինաստանին թույլ է տալիս ընդլայնել իր գործառնական հասանելիությունը:

Չինաստանի պաշտպանական ընդլայնումը նաև ռազմավարական խորը հետևանքներ ունի տարածաշրջանային անվտանգության կառուցվածքների համար: Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի նման երկրները, որոնք արդեն զգուշանում են Պեկինի ծովային ագրեսիվությունից, կանգնած են չինական այնպիսի մի բանակի մարտահրավերի առջև, որը շուտով այլևս աշխարհագրորեն սահմանափակում չի ունենա: Չինաստանի՝ վերջերս Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մոտ անցկացրած ծովային զորավարժությունները ևս ցույց են տալիս այս տեղաշարժը. դրանք պարզապես սովորական ռազմական մանևրներ չէին, այլ Պեկինի ներկայության նորմալացման փորձ՝ նախկինում չվիճարկված ջրերում:

Ասիայից դուրս Չինաստանի ընդլայնվող ռազմական կարողությունները վերաձևակերպել են ուժերի հավասարակշռությունը նաև գլոբալ անվտանգության հարցերում: Ի տարբերություն Սառը պատերազմի ժամանակաշրջանի Խորհրդային Միության՝ Չինաստանը օգտագործում է տնտեսական փոխկախվածությունը՝ մեղմելու ռազմական ուղղակի հակազդեցությունը՝ միաժամանակ ընդլայնելով իր ռազմական ազդեցությունը: Սա Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար բարդացնում է զսպման ռազմավարությունը, քանի որ տնտեսական նկատառումները հաճախ շարունակում են հակասել Չինաստանի ռազմական վերելքին հակազդելու հրամայականին:

Պեկինի աճող պաշտպանական բյուջեն, այսպիսով, զուտ արձագանք չէ ներքին անվտանգության կարիքների, այլ ավելի լայն հավակնությունների արտացոլում: Այլ պետությունների համար մարտահրավերն այժմ այն է, որ նրանք ընդունեն՝ Չինաստանի ռազմական ընդլայնումը վերաբերում է ոչ միայն Թայվանին, սահմանային անվտանգությանը կամ տարածաշրջանային հեգեմոնիային, այլև այնպիսի ուժի ստեղծմանը, որն ունակ է ձևավորել գլոբալ անվտանգության դինամիկան իր սեփական պայմաններով: Առաջիկա տարիները կորոշեն՝ արդյոք միջազգային հանրությունը կկարողանա հարմարվել այս նոր ռազմավարական իրականությանը, թե կշարունակի արձագանքել Չինաստանի փոփոխվող ռազմական դիրքորոշմանը:

Չինական բանակի ներքին մարտահրավերները. կոռուպցիա և իշխանության կենտրոնացում

Չինաստանի աճող պաշտպանական բյուջեն թեև վկայում է ռազմական ակտիվ ընդլայնման մասին, չինական բանակի ներսում զարգացումները ավելի բարդ պատկեր են ներկայացնում: Վերջին շրջանում բարձր մակարդակի կոռուպցիոն սկանդալները վկայում են զինված ուժերի ավագ շարքերում խորքային բացերի մասին, նաև լուրջ մտահոգություններ առաջացնում Չինաստանի ռազմական հզորացման արդյունավետության վերաբերյալ:

Հրթիռային ուժերից բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը, այն ստորաբաժանումից, որը պատասխանատու է Չինաստանի միջուկային և հրթիռային հնարավորությունների համար, վկայում է, որ Սի Ծինփինի ռազմական արդիականացման քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներին ու ընդլայնմանը, այլև ներքին վերահսկողությանն ու կուսակցական կարգապահությանը: Այնուամենայնիվ, հակակոռուպցիոն արշավների տասնամյակից հետո կաշառակերության և քաղաքական հովանավորչության շարունակական գոյությունը ցույց է տալիս, որ այս խնդիրները համակարգային են, ոչ թե մեկուսի դեպքեր:

Չինական բանակում կոռուպցիան երկարատև խնդիր է եղել, որը գալիս է նրա պատմությունից՝ որպես հովանավորչությամբ առաջնորդվող կազմակերպություն Չինաստանի վարչա-հրամայական տնտեսության պայմաններում: Հեռացումների վերջին ալիքը, չնայած կաշառակերության դեմ Սի Ծինփինի անողոք ջանքերին, հարցեր է առաջացնում նաև ինստիտուցիոնալ հաշվետվողականության վերաբերյալ:

Ներքին այս անկայունությունը զգալի հետևանքներ ունի Չինաստանի ռազմական պատրաստվածության և ռազմավարական հավակնությունների համար: Նախ, այն հարցեր է առաջացնում մարտական պատրաստվածության վերաբերյալ, հատկապես այնպիսի հիմնական ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են հրթիռային զսպումը և ծովային գործողությունները: Գնումների ոլորտում խարդախությունը, ռեսուրսների սխալ բաշխումը և լոյալության վրա հիմնված առաջխաղացումները շարունակում են խանգարել բանակի զարգացմանը, և երկրի՝ ռազմական բարդ գործողություններ իրականացնելու կարողությունը կարող է վտանգվել: Անկախ աճող ֆինանսական ներդրումներից՝ կոռուպցիան կարող է խարխլել կարգապահությունը և հրամանատարական կառույցների նկատմամբ վստահությունը:

Երկրորդ, Սի Ծինփինի իշխանության շարունակվող կենտրոնացումը առաջնահերթություն է տվել քաղաքական լոյալությանը՝ ի հաշիվ մասնագիտական ռազմական կոմպետենտության: Սա կարող է ստեղծել հրամանատարական մշակույթ, որը գնահատում է գաղափարախոսական համապատասխանությունը՝ ի հաշիվ գործառնական արդյունավետության:

Վերջապես, ներքին զտումների ենթարկվող բանակը դժվարություններ կարող է ունենալ պահպանելու իշխանության գլոբալ ցուցադրման այն մակարդակը, որը Պեկինը մինչ այժմ պատկերացրել է: Եթե Չինաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը շարունակի խոցելի մնալ հաճախակի վերադասավորումների և քաղաքական ճնշումների նկատմամբ, բանակը կարող է՝ դժվարանա ամրապնդել երկարաժամկետ ինստիտուցիոնալ կայունությունը:

Ռազմական ընդլայնում սահմանափակումներո՞վ

Չինաստանի արագ աճող պաշտպանական ծախսերը հստակ ազդանշան են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը գլոբալ ուժի վերածելու հավակնության մասին: Սակայն այս հավակնությունը զերծ չէ կառուցվածքային լուրջ սահմանափակումներից: Կոռուպցիայի, քաղաքական միջամտության և հրամանատարական անկայունության շարունակականությունը վկայում են, որ Չինաստանի ռազմական վերելքը կարող է լինել նվազ գծային և ավելի փխրուն, քան բյուջետային թվերն են ենթադրում:

Թեև Պեկինը ձգտել է վերասահմանել գլոբալ ռազմական հավասարակշռությունը, նրա ներքին ռազմական դժվարությունները կարող են սահմանափակել այս ընդլայնման արդյունավետությունը և կայունությունը: Չինաստանը կկարողանա՞ արդյոք լուծել ինստիտուցիոնալ այս մարտահրավերները՝ առանց գործառնական արդյունավետությունը վտանգելու, մնում է բաց հարց: Միջազգային հանրության համար այս պարադոքսը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն, ինչը պահանջում է կենտրոնանալ Չինաստանի ռազմական ուժի աճող աշխարհագրությունը կանխատեսելու կարողության՝ միաժամանակ ընդունելով այն սահմանափակումները, որոնք կձևավորեն Պեկինի ռազմավարական հետագիծը առաջիկա տարիներին: 

Ռաթիշ Մեհթան հետազոտող է Չինաստանի և Ասիայի հետազոտությունների կազմակերպությունում (Research Associate at Organisation for Research on China and Asia): Հոդվածը հրապարակվել է Dailymirror թերթում։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում