Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանը միայն մարտին 16 հաղորդագրություն է տարածել, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքել է:
Ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններից 14-ը տարածվել է մարտի 16-21-ը:
Մարտի 26-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Խորհրդարանում հայտարարել էր, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, «երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն»։ Նախարարն ասել էր, որ նման դեպքերում ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածում:
Civilnet










