Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Պաշտպանական գերատեսչությունից նաև նշում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։



Civilnet










