Արցախի ՊԲ զինծառայողների ներգրավման հարցում նկատվում է որոշակի դրական տեղաշարժ․ պահեստազորի գնդապետ

Հայաստանի զինված ուժերում Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ինտեգրման հարցում որոշակի դրական տեղաշարժ կա. ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, «Արցախի պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության անդամ Գրիգորի Սահակյանը։
«Գերատեսչությունը՝ ոչ բաց ձևով, սկսել է պահեստազորի սպաներին հրավիրել՝ պարզելու նրանց ներկայիս իրավիճակը, տրամադրվածությունը ծառայության նկատմամբ և ներկայացնելու որոշ առաջարկներ շարք վերադառնալու վերաբերյալ»,– ասում է Սահակյանը։
2024-ի հոկտեմբերից գործում է Պաշտպանության նախարարության «Վերադարձի՛ր շարք» ծրագիրը, ըստ որի՝ պահեստազորում հաշվառված և երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող քաղաքացիներին հնարավորություն է տրվում որոշակի զորամասերում ծառայության ընդունվել՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Ըստ գնդապետ Սահակյանի՝ վերջերս Պաշտպանության նախարարությունից սկսել են հրավիրել ոչ միայն երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող սպաներին, այլև՝ տարբեր տարիքային խմբերի սպաների։ Նա կարծում է, որ Պաշտպանության նախարարության այս մոտեցման փոփոխության դրդապատճառներից մեկը հանրային հնչեղությունն է։
«Խոսքը ոչ թե Պաշտպանության բանակի զինծառայողների մասին է, այլ ընդհանուր է, բայց ուշադրություն է դարձվում նաև ղարաբաղցի սպաներին, որոնք մեծ թվաքանակ էին կազմում, բացի այդ էլ՝ պատրաստվածության բարձր մակարդակ են ունեցել։ Հնարավոր է՝ հետագայում ավելի հարմար առաջարկներ լինեն։ Այս փուլում անհատական մոտեցումներ են ցուցաբերվում՝ զրույցի միջոցով ճշտում են զինվորականների պատրաստվածությունը՝ նոր ու որոշակի հեռանկարներ առաջարկելով։ Մի քիչ ավելի կանոնակարգված մոտեցում է, քան թե նախկինում եղել է. դրական միտում եմ տեսնում այդ գործընթացի մեջ»,– ասում է պահեստազորի գնդապետը։
ՍիվիլՆեթը մի շարք հարցեր է ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որոնց պատասխանները մերժվել են՝ հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքը։ Մասնավորապես հարցրել ենք․
- Ի՞նչ լրացուցիչ աշխատանք է տարվում Արցախից ժամանած զինծառայողների ներգրավման համար ՀՀ ԶՈւ շարքեր։ Արդյոք մշակվու՞մ են նոր մոտիվացիոն մեխանիզմներ, թե՞ այս հարցն այլևս արդիական չէ։
- Անցկացվե՞լ է արդյոք Արցախից ժամանած զինծառայողների բժշկահոգեբանական և սոցիալական վերականգնում, և եթե այո՝ ապա ինչ ձևաչափով։
- Չե՞ք կարծում, որ հոգեբանական աջակցության ապահովման դեպքում հնարավոր կլիներ ՀՀ ԶՈՒ ներգրավել ավելի մեծ թվով զինծառայողներ ՊԲ-ից։
- Արդյոք փորձ է արվե՞լ ԼՂ ՊԲ ստորաբաժանումներն ու զորամասերը ՀՀ ԶՈՒ կազմ ներառել ամբողջությամբ։ Եթե ոչ՝ ապա ինչու՞։


Մյուս կողմից էլ Սահակյանը գտնում է, որ այդ ծրագիրը բավականին ուշացրել են, սակայն ամեն ինչ կորած չէ։
«Այն կարևոր սկզբունքները, որ նախկինում եղել են, հիմա չկան։ Խոսքը մարդկանց պատրաստակամության, բարոյահոգեբանական պատրաստվածության ու տրամադրվածության մասին է ծառայության նկատմամբ, որովհետև մեկուկես տարի չծառայած և այդ ընթացքում ծառայության մեջ գտնվող սպաները լրիվ տարբեր մարդիկ են։ Հնարավոր է՝ մեկուկես տարվա ընթացքում մարդկանց նպատակներն էլ են փոխվել։ Բավականին շատ իրադարձություններ են տեղի ունեցել՝ ոչ միայն անձնական, այլև հասարակական կյանքում։ Մարդիկ նաև ազատություն են տեսել, կարող են այդ նույն գումարը աշխատել քաղաքացիական կյանքում։ Գործընթացը ուշացած է, բայց կարծում եմ՝ կրիտիկական պահին դեռ չի հասել։ Եթե կարողանանք լավ մոտիվացիա առաջարկել, կարելի է մեր պահեստազորի սպաների որոշակի քանակ հետ բերել բանակ»,– ասում է Սահակյանը։
Տեղահանված սպաների համար ծառայությունը շարունակելու լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ բնակարանային ծրագրերի և կենսապայմանների բարելավումը։
Ըստ Սահակյանի՝ Պաշտպանության բանակից Հայաստանի զինված ուժերի համակարգ էր ներգրավվել զինծառայողների մոտ 12 տոկոսը։ Նա վստահ է, որ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե Պաշտպանության նախարարությունը պահը չկորցներ, համակարգված աշխատանք կատարարեր և փորձեր Պաշտպանության բանակը ներգրավել ստորաբաժանումների կազմով։
Ավելի վաղ ՍիվիլՆեթը ռեպորտաժով անդրադարձել էր Պաշտպանության բանակի զինծառայողների ինտեգրման խնդիրներին։
Հայկ Ղազարյան
Տեղադրություն
Թեմա
Civilnet










