«Ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, թևերներս չենք քշտում գնում իրենց ծեծելու, դա մեր վարքականոնը չի և չի կարող լինել»։ Այսօր` Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
«Այնուամենայնիվ գնահատում եմ ձեր խոսքը։ Հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն։ Իսկ քրեական գործն իր ընթացքով կգնա և դատարանը կորոշի ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ասել է Ավինյանը։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ներողություն է խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և հասարակությունից՝ ապրիլի 30-ին թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։
Քաղաքապետ Ավինյանը ծեծկռտուքի մասին խոսելիս կարևորել է իրենց թիմի վարքականոնը՝ նշելով, որ «տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերն է՛լ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել»։
«Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ Մկան նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված՝ նմանատիպ սադրանքներին։ Էն մյուս հատվածին ես գնահատական չեմ ուզում տալ։ Այսինքն, էն որ Երևանի քաղաքապետարանը մոտավորապես 100 պրոյեկտ ունի՝ մանկապարտեզների, բակերի հիմնանորոգման։ Այդ 100-ից մոտ 40-ը արդեն ավարտին է հասցրել։ Ու տարբեր փուլերում են այդ պրոյեկտները, ու այդ 100-ից 4-5 հատը խնդրահարույց են վստահաբար։ Բայց այդ խնդիրներն էլ կլուծվեն։ Դեռ դեպք չի եղել, որ քաղաքապետարանն ընդունի աաշխատանք, որ պատշաճ ու որակով չի արվել։ Նաև այն հանգամանքը, որ այդ մանկապարտեզի հետ դուք՝ պարոն Տեր-Մարգարյան, որևէ կապ չունեք, ոչ այդ աշխատանքների հետ կապ ունեք, ոչ այդ աշխատանքներն ընդունելու հետ կապ ունեք։ Այո դա սադրանք է, այդտեղ կա ահռելի սուտ, այդտեղ եղել է վիրավորանքներ»,- ասել է քաղաքապետը։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
Տիգրան Տեր-Մարգարյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել։
Civilnet











