Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- հայտնում են ՊՆ-ից։
Մինչ այս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների մասին բոլոր հաղորդագրություններում հիշեցնում էր վարչապետի առաջարկը՝ Ադրբեջանին, որում ասվում էր․
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։
Նախօրեին Factor TV-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։
Civilnet










