Քաղաքապետարանում կոռուպցիան շատացել է․ փոխքաղաքապետը պարզաբանում է պատճառը

Վերջին ամիսներին պարբերաբար պաշտոնական հայտարարություններ են լինում, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել կամ կալանավորվել։ Այսօր ևս հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասում է, որ քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում կոռուպցիայի բացահայտումների թվի աճ է նկատվում, որովհետև 2018-ից հետո իրավական համակարգը բարելավվել է։
«Երևանի քաղաքապետարանում Լուսնից չեն իջնում մարդիկ: 20,000-ից ավելի մարդ ունենք, և այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պետք է աշխատեն թափանցիկ, օրենքով և կաշառքով չզբաղվեն, պարբերաբար պատժվում են։
Որևէ մեկին ՔՊ-ն կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսում, և այն մարդիկ, ովքեր կոռուպցիա են թաքցնում կամ կոռուպցիայով են զբաղվում՝ պատժվում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է փոխքաղաքապետը։
Հովհաննիսյանն ասել է, թե քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։
«Իրավական համակարգը միգուցե բացարձակ ճիշտ ուղղու վրա դեռ դրված չէ, որովհետև կան շատ խոչընդոտներ։ Բայց մի բան հստակ է՝ կոռուպցիայի դեմ այսպիսի պայքար մինչ այս չի եղել»,- ասել է փոխքաղաքապետը։
Civilnet










