Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
2025-ի փետրվարից մեդիադաշտում և սոցցանցերում լայն տարածում են ստացել պնդումներ, թե Հայաստանի տարածքում գործում են արևմտյան «գաղտնի կենսալաբորատորիաներ» և դեղագործական ընկերություններ, որոնք իրականացնում են վտանգավոր վիրուսների և դեղերի փորձարկումներ հայաստանցիների վրա։
#CivilNetCheck-ի հետազոտությունը բացահայտել է, որ սա միջազգային համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն իրականացվել է երկու հիմնական փուլով՝ փետրվարին «կենսալաբորատորիաներում վիրուսների» փորձարկումների մասին, իսկ մայիսին՝ եվրոպական դեղագործական ընկերությունների կողմից իբր հայաստանցիների վրա «ստերոիդների գիտափորձերի» անցկացման պնդումներով։
Այս կեղծ պատմությունների տարածման համար օգտագործվել են կեղծ «փաստաթղթեր», «գաղտնի արտահոսքներ» և «անանուն աղբյուրներ»։ Նյութերը սկզբում հայտնվել են կասկածելի ծագման կայքերում, այնուհետև համակարգված տարածվել ռուսական, թուրքական, ադրբեջանական և որոշ հայկական լրատվամիջոցներով:
Ամերիկյան «գաղտնի կենսալաբորատորիաների» մասին կեղծիքը
2025-ի փետրվարի 14-ին Mynews24.co.uk անգլալեզու կայքում հայտնվեց «Բացահայտելով Վաշինգտոնի գաղտնի կենսալաբորատոր փորձերը Հայաստանում» վերնագրով հոդված։ Ըստ հրապարակման՝ USAID-ի նախկին աշխատակցից ստացվել են «բացառիկ նյութեր», որոնք իբր ապացուցում են, որ ԱՄՆ-ը Հայաստանում գաղտնի կենսաբանական փորձեր է իրականացնում։ Պնդվում էր նաև, որ վիրուսները հավաքվել են Թուրքիայում, գաղտնի տեղափոխվել Հայաստան և հանձնվել ամերիկյան ռազմական կցորդին:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Mynews24.co.uk-ը անհայտ ծագման կայք է, որը ստեղծվել է 2023-ի օգոստոսին, իսկ սեփականատերերի տվյալները գաղտնագրված են։ Կայքը հիմնականում տարածում է ռուսամետ դավադրության տեսություններ (բոլոր հոդվածները՝ այս հղմամբ)՝ թիրախավորելով արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրները և պնդելով, թե դրանք գտնվում են արևմտյան գաղտնի վերահսկողության տակ:
Թեման լայն տարածում ստացավ 2025-ի փետրվարի 24-ից հետո, երբ մերձկրեմլյան ANNA News և այլ տելեգրամյան ալիքներ հրապարակեցին «գաղտնի փաստաթղթերը»՝ հղում անելով Mynews24.co.uk-ին։ Շուտով նյութերը հայտնվեցին պրոկրեմլյան EADaily, «Голос Армении», Sputnik International և այլ կայքերում։

Օրեր անց արշավը տարածվեց թուրքական և ադրբեջանական մեդիադաշտում։ Թուրքական Trhaber և dikGAZETE լրատվամիջոցները վերահրապարակեցին կեղծ փաստաթղթերը, պնդելով, որ դրանք տարածաշրջանում համաճարակի սպառնալիք են ստեղծում։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեցին ահազանգեր Հայաստանի տարածքից «Թուրքիայի դեմ կենսաբանական հարձակման» մասին։
Հայաստանում կեղծ պատմությունը տարածվեց Yerkir.am, News.am, Past.am, Slaq.am, Ankakh.com, Oragir News, 1or.am և այլ լրատվական կայքերով: «5-րդ ալիքը» նույնիսկ պատրաստեց հատուկ ռեպորտաժ՝ կրկնելով դավադրության թեզերը՝ առանց սկզբնաղբյուրի հավաստիությունը ստուգելու:
DFRLab միջազգային հետազոտական կենտրոնի 2025-ի մարտյան հետազոտությունը բացահայտել է, որ այս կեղծ պատմությունը տարածվել է առնվազն 9 լեզվով, տարբեր փոխկապակցված կայքերի և տելեգրամյան ալիքների միջոցով, որոնք սերտ կապեր ունեն Կրեմլի հետ։
Ինչու են փաստաթղթերը կեղծ
«Արտահոսված» փաստաթղթերը, որոնք ներկայացվում են որպես ACCU Reference Medical Lab-ի և ԱՄՆ ռազմական կցորդի միջև նամակագրություն, ունեն կեղծիքի բազմաթիվ ակնհայտ նշաններ։
Առաջին հերթին, փաստաթղթերում օգտագործվում է գոյություն չունեցող usa.am դոմեյնը, մինչդեռ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքն է am.usembassy.gov։ Ռազմական կցորդի ազգանունը սխալ է գրված ("Steel" փոխարեն "Steele"), բացակայում են ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերի համար պարտադիր գաղտնիության դրոշմները, և առկա են անգլերենի քերականական և շարադասական սխալներ։
Փաստաթղթերի PDF ֆայլերի մետատվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր փաստաթղթերը ստեղծվել են նույն սկանավորված ետնապատկերի վրա, որին հետագայում ավելացվել է տեքստը։ Ետնապատկերի բոլոր բնութագրիչները (ֆորմատ, քաշ, սեղմվածություն) և սկանավորման հետքերը տարբեր ֆայլերում նույնական են, ինչը հաստատում է դրանց արհեստական խմբագրումը։

Թեև 2023-ի վերջին ACCU ընկերության սերվերներից իսկապես տեղի է ունեցել տվյալների արտահոսք, այս կեղծ փաստաթղթերը չեն կարող այդ արտահոսքից լինել, քանի որ դրանք թվագրված են 2024-ի օգոստոս-սեպտեմբերին՝ արտահոսքից ամիսներ անց։ Հավանաբար, կեղծարարները օգտագործել են արտահոսած իրական փաստաթղթերից մեկը՝ որպես հիմք։
Ուշագրավ է նաև, որ հրապարակման մեջ տեղադրված են տեղանքների լուսանկարներ, որտեղ իբրև թաքցված են եղել կենսաբանական նմուշներով տարաներ, որոնք գտնվում են «Հայաստանի սահմանի մոտ» գտնվող թուրքական տարածքում։

#CivilNetCheck-ը ստուգեց այս կոորդինատները առցանց քարտեզների և փողոցային դիտարկման գործիքների միջոցով։ Պարզվեց, որ դրանք իրականում գտնվում են Թուրքիայի Տրաբզոնի շրջանում՝ հայ-թուրքական սահմանից 250-350 կմ հեռավորության վրա: Բացի այդ, չեն համապատասխանում «արտահոսքում» ներկայացված նկարների տեսարաններին։
Առողջապահության նախարարությունը հերքում է
Հայաստանի առողջապահության նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հերքել է տարածվող պնդումները՝ հաստատելով, որ Հայաստանում չկան ԱՄՆ վերահսկողության և ֆինանսավորման տակ գտնվող կենսաբանական լաբորատորիաներ:
«Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներում դաբաղ հիվանդության հարուցչի SAT-2 շտամի և դրա մոդիֆիկացիայի հետազոտություններ չեն իրականացվել։ Թուրքիայի տարածքից Հայաստան կենսաբանական նմուշներ փոխանցելու որևէ ծրագիր նախարարությունը չի իրականացրել»,- նշված է պաշտոնական պատասխանում։
Արշավի երկրորդ ալիքը. «դեղագործական փորձեր քաղաքացիների վրա»
2025-ի մայիսին մեկնարկեց ապատեղեկատվական արշավի երկրորդ փուլը, որը թիրախավորում էր արևմտյան Bayer, STADA, Sanofi և Servier դեղագործական ընկերություններին՝ պնդումով, որ դրանք «Հայաստանը վերածել են փորձադաշտի» նոր հոգեխթանիչների և ստերոիդների համար:
Մայիսի 4-ին ռուսաստանյան «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (ФБР/FBI) հրապարակեց «հետաքննություն», որտեղ պնդվում էր, թե արևմտյան դեղագործական ընկերությունները Հայաստանում խոցելի խմբերի՝ հղի կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցողների վրա փորձարկում են ՆԱՏՕ-ի բանակում «գերզինվորներ» ստեղծելու համար նախատեսված դեղորայք:

Intelligence Online վերլուծական հարթակի համաձայն՝ այս կասկածելի հիմնադրամը, որը նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անվանումը, վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից: Այս հիմնադրամը նախկինում նմանատիպ «հետաքննություններ» է հրապարակել մի շարք երկրների մասին՝ տարածելով ռուսամետ պատումներ:
Գրեթե միաժամանակ հրապարակումը հայտնվեց անգլիալեզու LondonTimes.live և Vtforeignpolicy.com կայքերում: Բրիտանական հեղինակավոր The Times-ի հետ որևէ կապ չունեցող LondonTimes.live կայքի հրապարակումը, մեծ տարածում ստացավ։ Այս կայքը փոխկապակցված է ռուսական քարոզչություն տարածող CNBSnews.live, CanadianTimes.live և այլ կայքերի հետ, որոնք գրանցված են ընդհանուր սերվերում։ Օրեր անց այս կեղծ պատմությունը տարածվեց ռուսական մի շարք լրատվամիջոցներով։
Պաշտոնական հերքումներ
Եվրոպական STADA դեղագործական ընկերությունը #CivilNetCheck-ին հայտնել է, որ հրապարակված մեղադրանքներն անհիմն են և արդեն հերքվել են ՀՀ պաշտոնական մարմինների կողմից։ STADA-ն հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններից, իսկ մյուս հիշատակված դեղագործական ընկերություններից պատասխաններ դեռ չեն ստացվել։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է այս պնդումները՝ նշելով, որ «լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածել գոյություն չունեցող պայմանավորվածությունների մասին»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես հերքել է այս հրապարակումները: Նախարարը հայտնել է, որ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) միայն Servier-ն է 2018-2025-ին դիմել կլինիկական փորձարկման թույլտվության համար, որը կապ չի ունեցել «ստերոիդների և հոգեմետ նյութերի» հետ:
Իրական պատկերը. ի՞նչ լաբորատորիաներ կան Հայաստանում
Հայաստանում իրականում գործում են ժամանակակից կենսաբանական լաբորատորիաներ, որոնք սկզբնապես ստեղծվել են ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ՝ 2016-ից «Կոոպերատիվ սպառնալիքների նվազեցման» ծրագրի շրջանակում:
Սակայն այս լաբորատորիաներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին, գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ և ֆինանսավորվում են պետբյուջեից։ Դրանց նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության միջոցով:
Տես՝ Կենսաբանական զենքի ռուսական թեզը՝ Ուկրաինայից Հայաստան
2018-ին ռուսական մասնագետներն այցելել են այս հաստատություններ և հաստատել, որ դրանցում ռազմական բնույթի գործողություններ չեն իրականացվում, իսկ 2021-ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ:
Հայաստանի դեմ ուղղված այս ապատեղեկատվական արշավը բացառիկ չէ: Նմանատիպ հիբրիդային գործողություններ ռուսական կողմը նախկինում էլ է իրականացրել՝ այդ թվում Հայաստանում կազմակերպված ցույցերի և քարոզչական արշավների միջոցով։
Ավելի վաղ՝ 2018-ին, նույն մեթոդով տարածվեցին պնդումներ Վրաստանի Լուգարի լաբորատորիայի դեմ, իսկ 2022-ին՝ Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաների մասին: Բոլոր դեպքերում անկախ միջազգային ստուգումները հերքել են այս կեղծ մեղադրանքները:
2022-ին #CivilNetCheck-ը վերլուծություն էր իրականացրել՝ բացահայտելով, թե ովքեր են կանգնած Հայաստանում կազմակերպված «ԱՄՆ բիոլաբորատորիաների դեմ» բողոքի ակցիաների հետևում։
Տես՝ Բիոլաբորատորիաների դեմ բողոքի ակցիայի ժամանակ՝ կեղծ և հերքված պնդումներ
CivilNetCheck











