ԶՊՄԿ-ն 4,7 մլրդ դրամ է պահանջում գործադուլին մասնակցած ութ աշխատակցից

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) 4,7 մլրդ դրամ է պահանջում 2025-ի հունվարի 31-ից փետրվարի 10-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված ութ աշխատակցից։ Ըստ կոմբինատի՝ այդքան է կազմում գործադուլի պատճառած վնասի չափը։ Քաղաքացիական հայցը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ կոմբինատը նաև պահանջում է պատասխանողներից բռնագանձել 25 մլն դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,5 մլն դրամ։
ԶՊՄԿ ՓԲԸ-ի գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ արդեն իսկ 4,7 մլրդ դրամի արգելանք է դրվել յուրաքանչյուրի գույքի վրա (բացառությամբ բանկային հաշիվների)։ Նա նաև հայտնել է, որ այդ աշխատողները ևս հայցեր են ներկայացրել՝ աշխատանքի վերականգնման նպատակով։ Ըստ փաստաբանի՝ ԶՊՄԿ-ն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, ովքեր հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը։
Գործադուլի մասնակիցները ակնկալում էին, որ ԶՊՄԿ-ն կբարձրացնի աշխատավարձը՝ 120–150 հազար դրամով, հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում և ներգրավված են արտադրական պրոցեսներում։
Փետրվարի 10-ին գործադուլի մասնակիցները դադարեցրին այն՝ հայտարարելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոմբինատի ղեկավարության հետ՝ բարձրացված բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ։
Թեմա
Civilnet










