Գլխավոր Լրահոս

Տավուշի մարզում մեկ ամիս առաջ են կրակոցներ եղել․ մարզպետ

Տավուշի մարզում մեկ ամիս առաջ են կրակոցներ եղել․ մարզպետ

Տավուշի մարզում հրադադարի խախտման դեպքեր գրանցվել են մոտ մեկ ամիս առաջ։ Կրակոցները հիմնականում եղել են Բերդ բնակավայրի ուղղությամբ, անկանոն բնույթի և ոչ ուղղորդված որևէ կոնկրետ կետի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Հիմա հանգիստ վիճակ է։ Այս պահին ժողովրդի մոտ անհանգստություն չկա»,- նշել է մարզպետը։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, մարզպետը նշել է, որ որևէ գործընթաց չկա այս պահին։ 

«Ոչ մի աշխատանք, իմ տեղեկատվությամբ, չի իրականացվում», - ասել է Ղալումյանը։  

Մայիսի 28-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին վստահեցրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն։ Միևնույն ժամանակ Գրիգորյանն ասել էր, որ այս պահին որևէ նորություն չկա և հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

***

Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ազգային ժողովն էլ 2024-ի հոկտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն էր տվել նախագծին և ներկայացրել խորհրդարանի վավերացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում