Գլխավոր Լրահոս

«Օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում». Քոչարյանը՝ վճարի դիմաց կրճատ ծառայելու օրինագծի մասին

«Օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում». Քոչարյանը՝ վճարի դիմաց կրճատ ծառայելու օրինագծի մասին

Վճարի դիմաց կրճատ ծառայելու մասին օրինագիծը «ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խնդիր է լուծում». հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծին։

Վճարի դիմաց «բանակից ազատվելու» կամ կարճ ժամկետով ծառայելու նախագիծն այսօր բացասական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգությանհարցերի հանձնաժողովի կողմից։

«Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում, ոչ էլ պայմանագրայինի խնդիր է լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է»,- ընդգծել է Քոչարյանը՝ հավելելով, որ օր առաջ մենք պետք է ունենանք այնպիսի զինված ուժեր, որոնք կարողանան պաշտպանել ժողովրդին։

Քոչարյանը մատնանշել է Իսրայելի հարձակումն Իրանի դեմ՝ նշելով, որ անհանգիստ աշխարհի բախումները մոտեցել են Հայաստանի հարավային սահմաններին։ Ըստ իշխանական պատգամավորի՝ իր գործընկերը պետք է հետ քաշեր իր ներկայացրած օրինագիծը։

«Իսրայելի կողմից Իրանի հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պիտի հետ քաշեր, ասեր, որ դրա վախտը չի»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով, հանձնաժողովում այսօր օրինագիծն արդեն ստացել է բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ այն խորհրդի նիստում չի ներկայացվելու։ «Բայց հեղինակը կարող է պնդել, որ նախագիծը դրվի ԱԺ լիագումար նիստում քննարկման և քվեարկության։ Դրանից առաջ, սակայն, ես համոզված եմ, որ այն նորից կքննարկվի խմբակցության ներսում»,- ասել է Քոչարյանը։

Ըստ նրա, օրինագծի քննարկման հարցը դրվել է նաև կուսակցության ներսում, և անգամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է այդ քննարկմանը։ «Բայց հետո, երբ պարոն Սարգսյանը նախաձեռնեց առանձին հանդիպում կազմակերպել խմբակցության պատգամավորների հետ, որքան ես գիտեմ, միայն մեկ մարդ է գնացել այդ հանդիպմանը»,- նշել է իշխանական պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում