Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա՝ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ։
Պատվիրակության կազմում են նաև՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի հրապարակված որոշումից։
Վարչապետի հետ Թուրքիա մեկնող պատվիրակության կազմը կազմված է ընդհանուր 12 հոգուց։
Վարչապետի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հունիսի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետը Թուրքիա է մեկնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։
Մայիսի 16-ին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին Տիրանայում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։
Civilnet











