Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանդիպում տեղի կունենա։ Հունիսի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Կոստանյանն ընդգծել է, որ հայկական կողմը դրական է տրամադրված խաղաղության գործընթացին։
«Հույս ունենք, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ հանդիպում կլինի։ Հայկական կողմը դրական է տրամադրված, և հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը», - հայտարարել է Վահան Կոստանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին, թե արդյոք ներկայում գործընթաց կա Ադրբեջանի հետ, փոխնախարարը նշել է․ «Գործընթացի համար հանդիպում է պետք»։
Կոստանյանն արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը Հայաստանն անվանել է «ռազմական հանցագործ պետություն»։ Փոխնախարարը նման հայտարարությունները գնահատել է ոչ կառուցողական։
«Նման հայտարարությունները չեն նպաստում, որ կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար, և հույս ունենք, որ հետագայում նման հայտարարություններ չեն հնչի»,- ասել է փոխնախարարը։
Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթի մասին
Կոստանյանն անդրադարձել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի ամփոփիչ հռչակագրին և Ադրբեջանի ներկայացրած բանաձևերին, որոնցով 57 անդամ ունեցող կազմակերպությունը մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանին։
Մասնավորապես՝ կոչ է արվել հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խանգարող իրավական և քաղաքական խոչընդոտները, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարումը։ Դատապարտվել է նաև Հայաստանի՝ «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ երկխոսությունից հրաժարվելը։ Վերահաստատվել է այդ համայնքի՝ իրենց «ծագման վայրեր»՝ այսօրվա Հայաստանի տարածք, վերադարձի իրավունքը։
«Չեմ կարծում, որ հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Նաև որպես տեղեկատվություն նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում։ Նրանց մի մասը հավաստիացրել է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը»,- նշել է փոխնախարարը։
Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Վահան Կոստանյանը նշել է.
«Թուրքական կողմը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին»։
Civilnet











