Գլխավոր Լրահոս

Հոսանք, որ կարող է դառնալ փորձանք. ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ

Հոսանք, որ կարող է դառնալ փորձանք. ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ) ազգայնացնելու գործընթաց է սկսել։ Վարչապետն իր գործողությունների մասին հայտարարեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը աջակցություն հայտնեց եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։ Փաշինյանի՝ օրենքի գերակայության տեսանկյունից ակնհայտորեն խնդրահարույց հայտարարությունների ու իրավապահների գործողություններից անդին կան մի շարք այլ խնդիրներ, թե ինչու պետականացումը վատ գաղափար է։ Այդ խնդիրների մասին՝ հերթով։

Կադրային և կառավարման խնդիրներ՝ կառավարությունում

Կառավարությունը նախևառաջ կարող է կադրային խնդիր ունենալ ՀԷՑ-ը կառավարելու առումով։ Արդեն ինը ամիս է, ինչ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) թափուր է էներգետիկայի գծով փոխնախարարի պաշտոնը՝ անցյալ հոկտեմբերին Հակոբ Վարդանյանի պաշտոնաթողությունից հետո։ Ստացվում է՝ կառավարությունը ոլորտի համակարգող չունի, թեև ինքը վարչապետը բազմիցս հայտարարել է, որ էներգետիկան ռազմավարական ոլորտ է երկրի համար։ 

Հանրային ենթակառուցվածքների կառավարման որակը Հայաստանում վատ վիճակում է։ Եթե, օրինակ, մասնավոր կառավարմամբ ՀԷՑ-ում երբեմն պատահում են էլեկտրաէներգիայի անջատումներ, ապա ոռոգման ջրի համակարգը, որը պետական կառավարման ներքո է, երբեմն միայն միանում է։ Փաշինյանն ինքը ոռոգման համակարգը բնորոշել է «մահացած»՝ առանց ֆինանսական ունակ մոդելի։ Այնտեղ վճարների հավաքագրումը ծայրահեղ ցածր է, ջրի կորուստները՝ բարձր։ Իսկ կառավարությունը չի կարողանում բավարար ջրամբարներ և արդյունավետ ջրանցքներ ապահովել, ինչի հետևանքով գյուղատնտեսական բազմաթիվ հողատարածքներ մնում են անջրդի։

ՀԷՑ-ում տեխնիկական կորուստները բազմապատիկ ցածր են, քան ջրային ոլորտում։ ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի կորուստները 8%-ի մակարդակում են, մինչդեռ, օրինակ, Երևանի խմելու ջրի ցանցը (որը կառավարում է «Վեոլիա Ջուրը») տասնամյակներ շարունակ մինչև 50% կորուստներ ունի։ Ոռոգման համակարգերում կորուստները ևս հասնում են 40-50%-ի։ 

Երևանի փողոցները բառացիորեն «Վենետիկի» են վերածվում յուրաքանչյուր ուժեղ անձրևից հետո ջրահեռացման հնացած համակարգի պատճառով։ 

Այս խնդիրներին կառավարությունն այդպես կտրուկ չի արձագանքում։ Կառավարությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի փաստացի կոլապսով ոչ ոք չի մտահոգվում։ Ազգային ժողովում որևէ լսումներ կամ միջոցառում չեն նախաձեռնում, իսկ ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ պետական որևէ կոշտ քայլ չի ձեռնարկվում։

Այս համատեքստում ՀԷՑ-ի ազգայնացման նախաձեռնությունը լուրջ կասկածներ է հարուցում՝ պետական կառավարումն արդյոք կարդարացնի՞ իրեն։ Վարչապետի ներկայացրած «էներգետիկ ճգնաժամը» ՀԷՑ-ում պետք է դիտարկել պետական կառավարման ընդհանուր ճգնաժամի ֆոնին, որտեղ պետությունը չի կարողանում պատշաճ կառավարել իր առկա ենթակառուցվածքները և ծառայությունները։

Պետության պարտավորություններն ու ռազմավարական անկատար ծրագրերը

Կառավարության՝ էներգետիկ համակարգը «վերահսկելու» ցանկությունը հակասության մեջ է իր իսկ անմիջական պարտավորությունների թերակատարումների հետ։ Ավելի քան վեց տարի է, ինչ նախատեսվում էր կառուցել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գիծ, որը պետք է խթանի տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։ Այս ծրագրի ընթացքը չափազանց դանդաղ է ու փոթորկալից։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների՝ դեպի Վրաստան գնացող 400 կՎ լարման գծի նախագծումը սկսվել է մոտ վեց տարի առաջ, սակայն նախագիծը մի քանի անգամ վերափոխվել է։

Միայն 2023-ին արձանագրվել է վերջնական նախագծի ավարտը, հայտարարվել են շինարարության մրցույթներ։ Ծրագիրը բաժանվել է երեք հատվածների՝ ներառյալ Սևանի մոտ Դդմաշեն գյուղում ենթակայանի կառուցումը և հայ-վրացական սահմանին կայուն հոսանքի փոխակերպիչ ենթակայանի ստեղծումը, քանի որ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը տարբեր սինխրոնիզացիոն տարածքներում են։ 

Այդուհանդերձ, մրցույթներն անարդյունք են մնացել. 2023-ի վերջին կայուն հոսանքի փոխակերպիչ ենթակայանի մրցույթում հաղթող չի հայտարարվել. մասնակիցներից մեկը սնանկության ընթացակարգ է հայտարարել, իսկ մյուսը (Siemens) հրաժարվել է ծանրաբեռնվածության պատճառով։ Ավելին, հաջորդ փորձը ևս ձախողվել է՝ դեկտեմբերին ոչ մի ընկերություն չի ներկայացրել հայտ նույն ենթակայանի կառուցման համար, ինչի հետևանքով ամբողջ ծրագիրը կրկին կասեցվել է։ Արդյունքում այսօր էլ Հայաստանը Վրաստանի հետ կապված է ընդամենը մեկ 220 կՎ և երկու 110 կՎ գծերով՝ ինչը սահմանափակում է տարանցիկ և արտահանման հնարավորությունները։

Նմանատիպ պատկեր է նաև Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրում։ Ռազմավարական այս նախագիծը սկսվել է դեռ 2006-ին, սակայն երկար տարիներ կանգ էր առել՝ իրանցի կապալառուի ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակտիվ շինարարությունը վերսկսվեց միայն 2015-16 թվականներին։ Այնուամենայնիվ, ավարտի ժամկետները բազմիցս հետաձգվել են։ Վերջապես, ըստ պաշտոնական տեղեկանքների, աշխատանքների շուրջ 80%-ը միայն այժմ՝ 2025-ի դրությամբ, ավարտված է, և կառավարությունը հույս ունի գիծը շահագործման հանձնել 2026-ին։ 

Այսպիսի խիստ ուշացումները նշանակում են, որ Հայաստանը տասնամյակից ավելի չի կարողացել իրականություն դարձնել հայտարարված էներգետիկ ծրագրերը, որոնք էական էին ինչպես երկրի էներգետիկ անվտանգության, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համար։ 

Եթե կառավարությունը չի կարողանում ժամանակին ավարտել պայմանագրային պարտավորություններով ամրագրված պլանները, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատկերացնում ավելի բարդ համակարգի (բաշխիչ ցանցի) կանոնավոր կառավարումը։

Կանոնակարգման անկայունություն և կադրային տուրբուլենտություն 

Էներգետիկ ոլորտի կարգավորումը ևս վերջին տարում տարօրինակ անկայուն վիճակում էր, ինչը վտանգավոր նշան է պետական քաղաքականության կանխատեսելիության առումով։ Օրինակ է ՀԾԿՀ-ի շուրջ տեղի ունեցած մի իրադարձություն։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, որը 2019-ից զբաղեցնում էր այդ պաշտոնը, 2024-ի սկզբին վերընտրվեց ևս մեկ ժամկետով։ ԱԺ քվեարկության արդյունքում նա ստացավ 67 կողմ ձայն՝ առանց որևէ դեմ ձայնի։ Իշխանությունն ամբողջությամբ աջակցում էր նրա թեկնածությանը։ Այսինքն՝ դեռ փետրվարի վերջին կառավարող ուժը վստահեցնում էր, որ Բաղրամյանը ճիշտ մասնագետն է շարունակելու ՀԾԿՀ ղեկավարումը։ Մի քանի ամիս անց՝ 2024-ի հոկտեմբերի 10-ին, Բաղրամյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և դադարեցրեց լիազորությունները (նույն օրը, երբ աշխատանքից հեռացավ էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը)։ 

Բաղրամյանի հեռանալու պատճառների մասին պաշտոնական մեկնաբանություն չներկայացվեց, բայց համընկնումները խոսուն են. հենց նախօրեին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր եղել կառավարությունում՝ նվիրված էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրներին, որտեղ, ըստ հրապարակման, վարչապետը «կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրամատակարարում ապահովելը»։ Կուլիսային տեղեկություններով, այդ քննարկումների ընթացքում կարող էին մեղադրանքներ հնչել նաև կարգավորողի հասցեին՝ էներգահամակարգում ստեղծված թերությունների համար։ Արդյունքը եղավ այն, որ թարմ վերահաստատված ՀԾԿՀ նախագահը հեռացվեց պաշտոնից։ Այս իրադարձությունը ցույց է տալիս էներգետիկ քաղաքականության անկայունությունը և քաղաքականացված լինելը։ 

Կարգավորող հանձնաժողովի անկախությունն ու հետևողականությունը կարևոր նախապայման են ոլորտի առողջ զարգացման համար։ Եթե կառավարությունը փոխում է իր որոշումները ամիսների ընթացքում՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, որ ՀԾԿՀ ղեկավարը ճիշտ կադրն է, հետո հանկարծ նա դառնում է «անհարմար», ապա ինչպե՞ս կարող են մասնավոր ներդրողները վստահ լինել կայուն և իրավունքի գերակայությամբ միջավայրի վրա։ ՀԾԿՀ-ի դեպքը վկայում է, որ իշխանությունը հակված է արագ փոխել խաղի կանոնները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչը բացասաբար է անդրադառնում ներդրումային միջավայրի կանխատեսելիության վրա։

Արբիտրաժային վեճեր և հարված ներդրումային միջավայրին

Մասնավոր հատվածի նկատմամբ կառավարության կտրուկ գործողությունները (ինչպես ՀԷՑ-ի ազգայնացման հայտարարված նպատակը) պետք է դիտարկել նաև վերջին տարիներին արբիտրաժային մի շարք վեճերի լույսի ներքո։ Ցավոք, Հայաստանը ներկայում ներքաշված է թանկարժեք մի շարք միջազգային վեճերի առաջ, որոնք ուղղակիորեն բխում են իշխանության կատարած կամ չկատարած որոշումներից։ Այդ վեճերը կարող են պետության վրա դնել հսկայական ֆինանսական բեռ և լրջորեն փչացնել երկրի ներդրումային վարկանիշը։ Ահա ամենաուշագրավ օրինակներից մի քանիսը.

  • Ամուլսարի ոսկու հանքի գործը. 2018-ի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը փաստացի թույլ տվեց բնապահպան ակտիվիստներին շարունակել շրջափակած պահել Ամուլսարի հանքի մուտքերը՝ նախընտրելով չկիրառել ուժ և չլուծել խնդիրը իրավական հարթությունում։ Արդյունքում հանքը սպասարկող Lydian ընկերությունը զգալի վնասներ կրեց, և արդեն 2019-ի մարտին հայտարարվեց, որ սկսում է ներդրումային վեճի գործընթաց Հայաստանի դեմ՝ իր կրած վնասների փոխհատուցման պահանջով։ 2022-ին հայտարարվեց, որ ԱՄՆ-ում գրանցված նոր ընկերությունը՝ Amulsar Investor Ventures LLC-ն Հաագայի արբիտրաժում հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ ըստ ԱՄՆ-Հայաստան ներդրումային պայմանագրի դրույթների։ Թեև գործի մանրամասները գաղտնի են, տարբեր փուլերում փորձագետները գնահատել են հնարավոր պահանջների չափը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշում էր, որ հայցի ծանուցումում խոսվում է ընկերության կողմից շուրջ 500 մլն  դոլարի ներդրումների մասին, և կարելի է ենթադրել, որ պահանջը կարող է գերազանցել այդ թիվը։ Դեռ 2019-ի ամռանը միջազգային արբիտրաժի մասնագետները ենթադրում էին, որ խոսքը կարող է լինել 500 մլն-ից մինչև 700 մլն հնարավոր վնասի մասին, եթե Հայաստանը պարտվի վեճում։ 

Անկախ վերջնական թվերից՝ ակնհայտ է, որ Ամուլսարի խնդիրը հսկայական ռիսկեր է ստեղծել պետական բյուջեի համար։ Պաշտոնական Երևանը ստիպված է եղել միլիոնավոր դոլարներ վճարել միջազգային իրավաբանական ընկերությունների (օրինակ՝ Foley Hoag) ծառայությունների համար՝ իր դիրքերը պաշտպանելու նպատակով, և դեռ հարց է, թե ինչ վերջաբան կունենա այս պատմությունը։ Սա ոչ միայն ֆինանսական հնարավոր բեռ է ՀՀ  հարկատուների համար, այլև բացասական ազդակ ներդրողներին, որ Հայաստանում մեծածավալ ներդրումները կարող են պաշտպանված չլինել քաղաքական փոփոխությունների և հասարակական ճնշումների պայմաններում։

  • Հյուսիս-Հարավ ճանապարհի գործը. իսպանական Corsán-Corviam Construcción ընկերությունը 2012-ից պայմանագիր ուներ Հյուսիս-հարավ մայրուղու տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) հատվածի կառուցման համար, սակայն աշխատանքները ձգձգվել և թերի են կատարվել։ 2018-ին Հայաստանի կառավարությունը միակողմանի խզեց պայմանագիրը իսպանական կողմի հետ, իսկ իրավապահները սկսեցին քրեական գործեր՝ կապալառուին մեղադրելով ֆինանսական չարաշահումների մեջ։ Ակնկալելի էր, որ ընկերությունը չի հաշտվի իր ներդրումների կորստի հետ, և իսկապես վերջին տարիներին արբիտրաժային վեճ է ընթանում։ Հայտնի է, որ Հայաստանը ստիպված է եղել մոտ 1,2 մլն դոլար հատկացնել բրիտանական խորհրդատվական ընկերություն վարձելու համար այս արբիտրաժում իր շահերը պաշտպանելու նպատակով։ 

Ընդհանուր առմամբ, Հյուսիս-հարավ նախագծի ձախողման մոտ 50 մլն դոլար կորուստներին (2009-2018 թթ. ընթացքում հայտնաբերված չարաշահումների և կորուստների տեսքով) այժմ կարող են ավելանալ դատական փոխհատուցման գումարներ, եթե որոշումը կայացվի ի նպաստ իսպանական ընկերության։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերի խզումը և խոստումները չկատարելը բերում են ֆինանսական ծանր հետևանքների, որոնք կրկին ընկնում են պետության (այսինքն՝ հարկատուների) ուսերին։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետիրական վեճը. 2021-ին կառավարությունը հանկարծ դարձավ ԶՊՄԿ-ի 25%-ի բաժնետեր՝ հայտարարելով, որ կոմբինատի սեփականատերերը այդ բաժնեմասը «նվիրաբերել» են պետությանը։ Իրականում այդ գործարքներին նախորդել էին սեփականատերերի փոփոխություններ և ապակենտրոնացում, որոնց իրավաչափությունը վիճարկվեց առնվազն մեկ նախկին բաժնետիրոջ կողմից։ 2024-ի կեսերին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի 12,5% բաժնեմաս ունեցող Walnort Finance Limited ընկերությունը դիմել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) ընդդեմ Հայաստանի՝ պնդումով, որ իր ներդրումները Հայաստանում պաշտպանված չեն եղել։ Walnort-ը հայտարարում է, որ կառավարության «քաղաքական դրդապատճառներով արշավի» հետևանքով իրենց ընկերությունը զրկվել է կոմբինատում բաժնետիրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, և այդ գործընթացի հետևանքով կրած վնասները գնահատվում են առնվազն 1,2 մլրդ դոլար։ Ընկերության հայտարարության մեջ ուղղակի ասվում է, որ կառավարությունը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերել և այդ նպատակով Walnort-ի հանդեպ խոչընդոտներ է հարուցել (չթույլատրելով օգտվել քվեարկության իրավունքից և այլն)։ 

Walnort Finance-ը՝ նույն 12,5%-ի բաժնեմասով դեռ 2020-ից սկսել էր տասնյակից ավելի դատական վեճեր Հայաստանում ԶՊՄԿ այլ բաժնետերերի և կառավարության դեմ՝ բաժնետոմսերի գործարքները անվավեր ճանաչելու պահանջներով։ Ըստ լուրերի՝ Հայաստանի կառավարությունը ԶՊՄԿ արբիտրաժային գործով շուրջ 2,5 մլն դոլար է նախատեսում վճարել իրավաբանական ծառայությունների համար։

Վերոնշյալ արբիտրաժային վեճերը միայն մասամբ են արտացոլում ընդհանուր միտումը։ Միջազգային ներդրողները սկսել են ավելի հաճախ ապավինել պայմանագրային իրավունքներին և դատարաններին Հայաստանում իրենց շահերը պաշտպանելու համար։ Դա վտանգավոր ազդակ է երկրի համար. յուրաքանչյուր նման գործ ոչ միայն բազմամիլիոն վնասի ռիսկ է, այլև հարված երկրի ներդրումային համբավին։ Երբ կառավարությունը հերթական անգամ հայտարարում է, որ պատրաստվում է իր ձեռքը վերցնել մասնավոր ընկերություն, պետք է հաշվի առնի՝ ինչ ազդակ է ուղարկում շուկային։ 

Ցավոք, ներկայիս իշխանության որոշ քայլեր (ԶՊՄԿ-ի բաժնեմասի «նվիրատվություն», Ամուլսարի նախագծի դադարեցում, ՀԾԿՀ նախագահի հանելուկային փոխարինում և այլն) արդեն ստեղծել են մի միջավայր, որտեղ խոշոր ներդրողը կարող է կասկածել, թե արդյոք վաղն իր բիզնեսը չի հայտնվի պետականացման կամ անհիմն ճնշումների թիրախում։

***

Փաշինյանի կառավարությունը ՀԷՑ-ի ազգայնացման նախաձեռնությունը ներկայացնում է որպես էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարձրացման քայլ։ Սակայն վերը բերված փաստերը խոսում են հակառակի մասին։ Կառավարությունը չունի բավարար կադրային և փորձագիտական կարողություն ոլորտը ղեկավարելու համար (ամիսներով թափուր մնացող առանցքային պաշտոններ), պետական կառույցների կառավարման ցածր որակ՝ համեմատ մասնավորի (եռապատիկ-քառապատիկ բարձր կորուստներ ջրի և այլ համակարգերում), ռազմավարական անկատար ծրագրեր և կարգավորող մարմինների շարունակվող կախվածություն քաղաքական իշխանությունից։ 

Բացի այդ, աճում է Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վեճերի թիվը, որոնք բխում են պետության ապաշնորհ և կամայական քայլերից։ Այդ վեճերից յուրաքանչյուրի պարտությունը սպառնում է հարյուր միլիոնավոր դոլարի վնասներով։

ՀԷՑ-ի ազգայնացումը չի կարող արդարացնել սպասումները, եթե այն արվում է նույն մեթոդներով, որոնք արդեն խնդիրներ են առաջացրել այլ ոլորտներում։ 

Անհրաժեշտ է խորքային վերանայել էներգետիկ ոլորտի խնդիրները, լուծել կադրերի և կառավարման արդյունավետության բացերը, շարունակել ներդրումային միջավայրի կայունության վրա աշխատել։ Հակառակ դեպքում կառավարությունը, ՀԷՑ-ը «վերաազգայնացնելով», կարող է լրջորեն ռիսկի ենթարկել ինչպես համակարգի կայունությունը, այնպես էլ երկրի հեղինակությունը ներդրողների աչքում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում