«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկության արդյունքում 2 անձ կալանավորվել է, ևս 2-ի նկատմամբ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), որոնցից 2-ը կալանավորված են, իսկ ևս 2-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ենք տարել դատարան»,- ասաց Ավդալյանը։
Հուլիսի 2-ին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել է խուզարկություն։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակից իրավապահներն առգրավել էին համակարգիչներ և փաստաթղթեր։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Կարապետյանի կալանավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











