Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցություններն անարդյունք են անցել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի անուղղակի բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, BBC-ին հայտնել է բանակցություններին ծանոթ պաղեստինյան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ բանակցությունները տևել են մոտ երեք ու կես ժամ և անցկացվել են Դոհայի երկու առանձին շենքերում։ Կողմերի միջև ուղերձներ և պարզաբանումներ են փոխանակվել Քաթարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունները՝ 60-օրյա հրադադարի և պատանդների ազատման՝ ԱՄՆ-ի հովանու ներքո մշակված առաջարկների վերաբերյալ են։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ դրական է արձագանքել հրադադարի վերջին առաջարկին, սակայն ակնհայտ է՝ կողմերի միջև դեռևս տարաձայնություններ կան, որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի հնարավոր լինի որևէ գործարքի հասնել։
Բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս լրագրողներին հայտնել էր, որ «շատ կոշտ» է եղել Նեթանյահուի նկատմամբ՝ պատերազմի ավարտի հարցում, և հավելել, որ կարծում է՝ «այս շաբաթ համաձայնություն կլինի»։
Նեթանյահուն ինքն էլ հայտարարել է․ «Մենք աշխատում ենք՝ իրականություն դարձնելու այն գործարքը, որի շուրջ քննարկումներ են եղել՝ մեր պայմանների շրջանակներում։ Կարծում եմ՝ Թրամփի հետ իմ հանդիպումը կարող է զգալիորեն նպաստել արդյունքին»։
ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել իր հիմնական պայմանները, որոնց շարքում է լիարժեք հրադադարի երաշխավորումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից։ Իսրայելի կառավարությունը նախկինում արդեն մերժել է այս պայմանները։
Մինչ բանակցությունները շարունակվում են, Գազայում հումանիտար ճգնաժամը սրվում է։ Գազայի առողջապահական նախարարության տվյալներով՝ պատերազմի մեկնարկից՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր, զոհվել է առնվազն 57,338 մարդ։
Իսրայելում հասարակական ճնշումը աճում է՝ պատանդների ընտանիքները և հազարավոր քաղաքացիներ կրկին դուրս են եկել փողոց՝ պահանջելով համաձայնության հասնել և վերջ տալ պատերազմին։
Թեմա
Civilnet










