Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ չկան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ուրբաթ օրը Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Ըստ շրջանառվող լուրերի նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այս լուրը։

Civilnet










