Գլխավոր Լրահոս

Հայաստանում մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Հայաստանում մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Հայաստանում այսօր մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 12-20-ը՝ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։

Զորավարժության բացման արարողությանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

***

Դեռևս մարտին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան կողմը 2025-ի ամռանը Հայաստան կտեղափոխի 10 միավոր ռազմական տեխնիկա Գերմանիայից՝ զորավարժությունների անցկացման նպատակով:

ԱՄՆ պետական գնումների համակարգում 2025-ի մարտի 5-ին հրապարակված հայտի համաձայն՝ Միացյալ Նահանգները հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Դյուլմեն ռազմակայանից դեպի Հայաստանի «Զառ» ռազմաբազա պետք է տեղափոխի 10 միավոր բարձր անցանելիության ամերիկյան զինտեխնիկա՝ 8 զրահապատ շտապօգնության մեքենա և 2 մարտական զրահամեքենա:

Փաստաթղթում նշվում է, որ տեխնիկան Հայաստանում կմնա մոտ երկու շաբաթ և կվերադարձվի Գերմանիա: 

Համատեղ զորավարժությունները նորություն չեն Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության շրջանակում։ 2023-ի սեպտեմբերին և 2024-ի հուլիսին Հայաստանում անցկացվեցին «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցել էին հարյուրավոր զինծառայողներ երկու երկրներից, կիրառվել էր նաև ամերիկյան զինտեխնիկա՝ այդ թվում զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում