Գլխավոր Լրահոս

Google Maps-ում «Զանգեզուրի միջանցք» չկա. ադրբեջանական հին հոդվածը՝ որպես «նորություն»

Google Maps-ում «Զանգեզուրի միջանցք» չկա. ադրբեջանական հին հոդվածը՝ որպես «նորություն»

Հայկ Հովհաննիսյան

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ օգոստոսի 20-ին տարածել են տեղեկություն, թե Google-ի քարտեզում հայտնվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» անվանումը։ Որպես տեղեկության աղբյուր լրատվամիջոցները նշել են իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքում նույն օրը արված գրառումը։  

Ոսկանյանը գրել էր, թե վաշինգտոնյան հռչակագրից հետո Բաքվի քարոզչամեքենան շարունակում է առաջ մղել «Զանգեզուրյան միջանցք» կեղծ անվանումը։ Նա գրառմանը կցել էր ադրբեջանական Musavat լրատվամիջոցի հոդվածի էկրանապատկերը՝ «Զանգեզուրի միջանցքն արդեն Google-ի քարտեզում է» վերնագրով։

Էկրանապատկերում՝ տարածվող լուրն ու Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը տարածել են Aravot.am, Para.TV, Oragir.news, Detq.info և այլ լրատվական կայքեր։

#CivilNetCheck-ը ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն սխալ է։

Ադրբեջանական հոդվածը հրապարակվել է 2023-ի հոկտեմբերին

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ադրբեջանական Musavat-ի հոդվածը, որի էկրանապատկերը տարածվել է հայկական լրատվամիջոցներում, հրապարակվել է ոչ թե վերջերս, այլ դեռ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ադրբեջանական հայտնի քարոզչական աղբյուրները վերջին շրջանում նման տեղեկություն չեն տարածել։

Էկրանապատկերում՝ ադրբեջանական Musavat-ի 2023 թվականի հոդվածը

Ավելին, Google Maps-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սյունիքի հարավում՝ հայ-իրանական սահմանի երկայնքով «Zangezur Corridor» կամ համանման որևէ նշում ներկայում առկա չէ։ Սա հաստատվում է քարտեզի դիտարկմամբ ինչպես Հայաստանից, այնպես էլ ադրբեջանական IP հասցեից։

Պետք է նկատի ունենալ, որ Google Maps-ը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ առաջարկել փոփոխություններ, այդ թվում՝ ավելացնել նոր տեղանուններ կամ նշումներ։ Այս հնարավորությունը պարբերաբար օգտագործվում է տարբեր կողմերից՝ քարոզչական նպատակներով։

Ի դեպ, Վարդան Ոսկանյանն ավելի ուշ հեռացրել է իր գրառումը տելեգրամյան ալիքից (արխիվացված), սակայն լրատվամիջոցներն այն շարունակում են տարածել։

Ուշագրավ է նաև, որ հայաստանյան նույն լրատվամիջոցները նույն տեղեկությունը հայկական տիրույթում շրջանառել էին նաև 2023-ի հոկտեմբերին։ Ավելի վաղ՝ 2021-2022 թվականներին, ևս գրանցվել էին բազմաթիվ նման դեպքեր, երբ ադրբեջանցի առցանց «ակտիվիստները» փորձում էին ադրբեջանական տեղանուններ և նշումներ ավելացնել Հայաստանի տարածքում։

Եռակողմ հռչակագիրը և «Զանգեզուրի միջանցքի» հռետորաբանությունը

Իրանագետ Ոսկանյանի գրառումը վերաբերում էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, որով Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը պայմանավորվածություն ձեռք բերեցին տրանսպորտային և հաղորդակցային ենթակառուցվածքների վերաբացման շուրջ։ Հռչակագրում նշվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին, որի շրջանակում, այդ թվում, պետք է անխոչընդոտ հաղորդակցություն լինի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Ադրբեջանական պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցների դիտարկումը ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ից հետո ադրբեջանական հռետորաբանությունը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցք» տերմինից, այլ կիրառում է երկակի մոտեցում։ Միջազգային լսարանի համար հաճախ օգտագործվում է «TRIPP» անվանումը, իսկ ներքին լսարանի համար շարունակվում է «Զանգեզուրի միջանցք» տերմինի լայն կիրառումը՝ երբեմն այն վերաձևակերպելով այլ հիբրիդային անվանումներով՝ «Զանգեզուր TRIPP միջանցք» և այլն։

Այսպիսով, տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին։ 

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում