Թրամփի կանխատեսմամբ Գազայի պատերազմը կավարտվի երեք շաբաթվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում շուտով կավարտվի՝ միջազգային մակարդակով աճող քննադատության և քաղաքացիական զոհերի թվի կտրուկ աճի պայմաններում։
«Կարծում եմ՝ առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում դուք կունենաք բավական լավ, եզրափակիչ ավարտ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Թրամփը նշել է. «Դա պետք է ավարտվի, քանի որ սովից բացի՝ կան նաև այլ խնդիրներ, սովից էլ վատ՝ մահ, մարդիկ սպանվում են»։
Լրագրողներն ԱՄՆ նախագահի դիրքորոշումն են հարցրել նախօրեին Գազայում Իսրայելի կողմից ռմբակոծված հիվանդանոցի վերաբերյալ, Թրամփը պատասխանել է․ «Դե, ես դրանից գոհ չեմ։ Չեմ ուզում դա տեսնել։ Միաժամանակ, պետք է վերջ տանք այդ մղձավանջին»։
Թրամփն այնուհետև անդրադարձել է Գազայում իսրայելցի գերիների ազատման ուղղությամբ իր ջանքերին։
Նախօրեին Իսրայելը հարվածել էր Գազայի հարավում գտնվող Նասերի հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում լրագրողներ։
Թրամփի վարչակազմը Գազայի պատերազմից ի վեր Իսրայելին մատակարարել է միլիարդավոր դոլարների զենք և մերժել է Պաղեստինի պետությունը ճանաչելու միջազգային ջանքերը։
Իսրայելը Գազայի օկուպացիայի ծրագիր է սկսել։
Գազայի դեմ Իսրայելի ռազմական հարձակումները, որոնք ուղեկցվում են բնակելի շրջանների, հիվանդանոցների, դպրոցների և քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններով, միջազգային իրավունքի մասնագետների կողմից բնութագրվում են որպես ցեղասպանական գործողություններ։
Թեմա
Civilnet










