Գլխավոր Լրահոս

Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում

Խուճապ առաջացնող կեղծ լուրեր․ ինչպե՞ս են ֆեյսբուքյան էջերը հորինված լուրերով այցելություններ հավաքում

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են խուճապ առաջացնող գրառումներ՝ «Անդառնալի կորուստ․ դիպուկահարի կրակոցը խլեց Դավիթի կյանքը», «Հրատապ․ ադրբեջանցին օրը ցերեկով կացինով ներխուժել է գյուղ», «20 անգամ ավելի շատ մահեր կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին» և այլ վերտառությամբ։

Սակայն այս «լուրերը» կա՛մ որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ, կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ ամբողջությամբ հորինված։

Սենսացիոն, տագնապային գրառումներ տարածող ֆեյսբուքյան այս էջերը ներկայանում են որպես լրատվական, մինչդեռ դրանք մեծամասամբ տարածում են հորինված տեղեկություններ։ Այդ էջերը իրենց ստեղծումից ի վեր հավաքել են մեծ թվով հետևորդներ, ինչի հետևանքով ահաբեկող գրառումներն հասնում են լայն լսարանի։     

Կորոնավիրուսից սարսափելի աղետից մինչև կացինով ներխուժած ադրբեջանցի․ հորինված լուրերի հետքերով

Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթի մասին գրառման տակ օգտատերերը դժգոհել են․ կցված հղումով անցնելիս պարզվել է, որ հոդվածը ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ոմն Դավիթի մասին է, և որևէ կապ չունի Հայաստանի հետ։

Նմանատիպ արձագանք է առաջացրել նաև՝ «Հրատապ լայվով դիմում եմ ողջ բնակչությանը. ահավոր բան է տեղի ունեցել» վերնագրով գրառումը։ Այն տարածվում է կառավարության շենքի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով՝ ստեղծելով տպավորություն, թե նա շտապ հայտարարություն է արել։ Մինչդեռ, կցված հոդվածում նշվում է, որ ուղիղ եթերում հաղորդվել է ինչ-որ «սարսափելի միջադեպի» մասին, սակայն չի հստակեցվում, թե ինչ է տեղի ունեցել։

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումից

Նույն ֆեյսբուքյան էջերը խուճապային գրառումներ են տարածում, թե իբր օրը ցերեկով ադրբեջանցի է կացինով ներխուժել գյուղ։

Վստահություն ներշնչելու համար լուսանկարում օգտագործված է «Այսօր» լրատվամիջոցի տարբերանշանն ու aysor.am կայքի անվանումը նմանակող apsor.am գրությունը։

Էկրանապատկերում՝ կեղծ գրառումը և իրական լրատվամիջոցը

Հոդվածում  նշված չէ, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը։ Ըստ հոդվածի՝ գյուղացիները կարողացել են չեզոքացնել ադրբեջանցուն և կան վիրավորներ։ Բայց Հայաստանի որևէ գյուղում կացինով ադրբեջանցու ներխուժման դեպք չի գրանցվել։

Նույն ֆեյսբուքյան էջերը մի քանի օրվա տարբերությամբ գրել են ոչ միայն դիպուկահարի կրակոցից զոհի, սարսափելի միջադեպերի, այլև կորոնավիրուսից ավելի մահացու աղետի մասին։

«20 անգամ ավելի շատ մահեր, քան կորոնավիրուսից․ նոր աղետը ցնցել է բոլորին»,- գրում են ֆեյսբուքյան էջերը։ 

Սակայն հոդվածում խոսքը ոչ թե նոր համաճարակի մասին է, այլ ինչ-որ աղետի, որի մասին որևէ հստակ տվյալ չի նշվում։

Ո՞րն է խուճապային կեղծ լուրերի թիրախն ու իրական նպատակը

Կեղծ գրառումներին կցված բոլոր հոդվածները ռուսերեն են՝ հավանաբար երկու լեզվով խոսող լսարանին թիրախավորելու նպատակով։ Արհեստական բանականության (ԱԲ) գործածությունը հայտնաբերող հարթակների գնահատմամբ՝ այդ  տեքստերը 70–90% հավանականությամբ գեներացվել են ԱԲ գործիքներով։ Նույնը վերաբերում է նաև լուսանկարներին, որոնք ևս ստեղծված կամ մշակված են արհեստական բանականության գործիքներով։

Էկրանապատկերը՝ ԱԲ-ն հայտնաբերող հարթակներից

Այսպիսի խուճապային գրառումների հիմնական նպատակը դրանց կցված կայքերի այցելությունների թվի ավելացումն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Սահմանային, արտակարգ իրավիճակների մասին լուրերը սովորաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում օգտատերերի շրջանում։ Եվ այդ նպատակով վերնագրերում հաճախ կիրառվում են «հրատապ», «արտակարգ», «սարսափելի» ձևակերպումները՝ մարդկանց ստիպելով բացել հղումները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում