Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են։ Այս մասին հայտարարել է արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Նախորդ մի քանի ամիսների համեմատությամբ կարող ենք ասել այս պահին անվտանգային սպառնալիքները շատ ցածր են։ Շատ կարևոր է երկու բառը՝ «այս պահին», ժամանակի մեջ սպառնալիքների աճը և փոփոխությունները շատ արագ է տեղի ունենում, այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, քան, օրինակ՝ մի քանի ամիս առաջ, մի տարի առաջ և այլն։ Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ չպետք է թերագնահատել ժողովրդավարության սպառնալիքները, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են։ Հարցին, թե որ պետություններն են Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիք ներկայացնում, Գրիգորյանը նշել է․ «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից, դրանք որպես կանոն շատ դեպքերում գալիս են համակցված, գալիս են առանձին-առանձին։ Ես կարող եմ վստահ պնդել, որ չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության կամ կառավարման կարգի նկատմամբ սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից կամ մեկ պետությունից, և հասկացեք Հայաստանը բացառություն չէ»։
Civilnet










