Հայկ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերում ֆինանսական խարդախության նոր ալիք է տարածվում․ այս անգամ խարդախները շահարկում են գործարար Սամվել Կարապետյանի կերպարն ու «Ամերիաբանկի» անունը։
Ֆեյսբուքում և Ինստագրամում գործող «Digital Popular» և «Армения TV» էջերը ակտիվորեն գովազդում են կեղծ ներդրումային առաջարկներ՝ «միայն Հայաստանի բնակիչներին» խոստանալով եկամուտներ՝ սկսած 500,000 դրամից։

Օրերս #CivilNetCheck-ն անդրադարձել էր նմանատիպ մեկ այլ խարդախության, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիփֆեյք տեսանյութով փորձում էին մարդկանց ներգրավել կեղծ «Գազպրոմբանկի» ներդրումային հարթակում։ Այժմ նույն սխեման կիրառվում է՝ օգտագործելով հայտնի գործարար, ներկայում կալանավորված Սամվել Կարապետյանի կերպարը։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է նոր տարածված այս խարդախության սխեման։
Ինչպե՞ս է գործում սխեման
Սոցիալական հարթակներում գովազդվող գրառումներում օգտատերերին կոչ է արվում սեղմել հղմանը, թողնել հայտ և հետևել հրահանգներին։
Սեղմելով գրառմանը կից հղման վրա՝ օգտատերերը հայտնվում են am.aminnvesst.website հասցեով ֆիշինգային կայքում, որը նմանակում է «Ամերիաբանկի» պաշտոնական՝ ameriabank.am-ի կայքի դիզայնը։ Այստեղ օգտատերերին առաջարկվում է անցնել պարզ հարցաշար՝ լրացնելով տարիքի, ֆինանսական նպատակների և ներդրումային պատրաստակամության մասին տվյալներ։

Սակայն հարցաշարի իրական նպատակը օգտատիրոջ անձնական տվյալների հավաքագրումն է։ Վերջին փուլում պահանջվում է մուտքագրել անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար՝ իբր «ներդրումային հարթակին» մուտք ստանալու համար։
Տվյալները ուղարկելուց հետո կապ են հաստատում զեղծարարները՝ ներկայանալով որպես բանկի աշխատակիցներ կամ ֆինանսական խորհրդատուներ։ Նրանք տարբեր մեթոդներով փորձում են համոզել օգտատիրոջը «լիցքավորել ներդրումային հարթակի հաշիվը», փոխանցել գումար զեղծարարների հաշվեհամարներին կամ ուղղակի հայտնել բանկային քարտի տվյալները։
Որտեղի՞ց են կառավարվում էջերը
Ֆեյսբուքի «Թափանցիկություն» բաժնի տվյալների համաձայն՝ և՛ «Digital Popular», և՛ «Армения TV» էջերը կառավարվում են Ուկրաինայից, ինչը կարող է կապված լինել այդ էջեր ուկրաինական IP հասցեներով մուտք գործելու հետ։
«Արմենիա TV» էջը ստեղծվել է 2024-ի մարտի 5-ին և օգտագործում է Հայաստանում հայտնի համանուն հեռուստաալիքի անունը՝ վստահություն ներշնչելու համար։ «Digital Popular» էջը ստեղծվել է 2023-ի մարտի 4-ին և նախապես նշված է եղել որպես «վեբ դիզայներական» ընկերության էջ։
Հետաքրքիր է, որ am.aminnvesst.website դոմեյնը գրանցվել է ընդամենը մեկ օր առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 14-ին, Namecheap ռեգիստրատորի միջոցով։ Կայքը տեղակայված է Zomro հոսթինգի վրա, որը հայտնի է իր մատչելի գներով և թույլ անվտանգության քաղաքականությամբ և հաճախ է կիրառվում ֆիշինգային հարձակումների համար։

Ամերիաբանկի պաշտոնական կայքը www.ameriabank.am է, և բանկը երբեք չի օգտագործում նմանատիպ կասկածելի դոմեյններ իր ծառայությունների համար, ինչպես նաև չի պահանջում անձնական տվյալներ սոցցանցերի գովազդների միջոցով։
Վերջին տարիներին նմանատիպ դիփֆեյքեր և կեղծ գովազդներ են ստեղծվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, գործարար Գագիկ Ծառուկյանի և այլ հայտնի անձանց անուններով։ Բոլոր դեպքերում նպատակը նույնն է՝ օգտագործելով հայտնի անձանց կերպարը մարդկանցից գումար կորզել։
Կարդա նաև՝ «Կեղծ ներդրումային հարթակներ՝ բանկերի ու վարչապետի անունից»
CivilNetCheck











