Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են հայտնի անձանց մասնակցությամբ կեղծ տեսանյութեր, որոնք օգտագործվում են քաղաքացիներից գումարներ կորզելու նպատակով։ Այդ տեսանյութերը ստեղծվել են արհեստական բանականության միջոցով և գովազդում են կեղծ ներդրումային հարթակներ ու կասկածելի դեղամիջոցներ։
Կեղծ էջերի միջոցով գովազդվող տեսանյութերից (արխ.) մեկում, օրինակ, «1in.am» լրատվական կայքի հաղորդավարը «սենսացիոն» լուր է հաղորդում, թե ռուս դերասան, շոումեն Պավել Վոլյան «բացահայտել է ներդրումային հարթակ, որն օգնել է հազարավոր հայերին փոխել իրենց կյանքը»։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է սոցցանցերում տարածվող կեղծ տեսանյութերը և բացահայտել խարդախության սխեմաները։
Հերթական ֆինանսական խարդախությունը
«Новости 24» ֆեյսբուքյան կեղծ էջի միջոցով տարածվող մեկ րոպեանոց տեսանյութում Վոլյան իբր պատմում է, որ «հայ ընկերոջից» ստացել է հատուկ հավելված, որտեղ կարելի է «առանց ռիսկերի» գումար վաստակել։
«Բավական է պարզապես գրանցվել և հետևել մենեջերի հրահանգներին։ Արդեն մեկ ամիս անց իմ եկամուտն աճեց չորս անգամ։ Ես տեսել եմ, թե ինչպես Երևանից սովորական մարդիկ սկսեցին այլ կերպ ապրել»,- ասում է Վոլյայի նմանակված ձայնը։
Պավել Վոլյայի փոփոխված ձայնով կեղծ տեսանյութի կադրերը վերցված են 2023-ի հունիսին հրապարակված հարցազրույցից, իսկ «1in.am»-ի հաղորդավար Սիրանույշ Պապյանի կադրերը՝ «Կեսօրից առաջ և հետո» հաղորդումից, որտեղ նա նման հայտարարություն չի արել։
Ներդրումային հարթակների գովազդների հղումները տանում են ventureupward.site կայք, որը նմանակում է Ամերիաբանկի կայքը։ Այնտեղ անձնական տվյալներ մուտքագրելուց հետո զեղծարարները կապվում են զոհերի հետ և ուղղորդում դեպի մեկ այլ՝ Rbimarketslimited.digital կայք, որտեղ առաջարկում են ներդնել առնվազն 100 դոլար՝ խոստանալով մեծ եկամուտներ։
Նույն կեղծ կայքը, սակայն այլ հասցեով, ամիսներ առաջ կրկին տարածվում էր ֆեյսբուքյան էջերի գովազդների միջոցով, սակայն նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ։

Ֆեյսբուքյան էջերը տարածում են նաև Զարուհի Փոստանջյանի և Թինա Կանդելակիի պատկերների և ձայների կրկնօրինակմամբ նմանատիպ կեղծ տեսանյութեր։ Նախորդ շաբաթ #CivilNetCheck-ն պարզել էր, որ Փոստանջյանի դիփֆեյքով տեսանյութը ևս տանում էր նույն կեղծ ներդրումային հարթակ։
Հայտնի գիտնական բժիշկը չի գովազդել կասկածելի դեղամիջոց
Սոցցանցերում միաժամանակ տարածվում է մեկ այլ դիփֆեյք տեսանյութ (արխ.), որում միջազգային ճանաչում ունեցող հայազգի գիտնական-բժիշկ Կարինե Սարգսյանն իբր պատմում է «հրաշագործ դեղամիջոցի» մասին, որը կարող է օգնել տղամարդկանց «վերականգնել իրենց սեռական ակտիվությունը»։
Ֆեյբուքյան «Med Source» էջից գովազդվող տեսանյութին կից հղումը տանում է Pe-nexushub.icu անվամբ կայք, որը նմանակում է Tert.am լրատվական կայքը և պարունակում է մտացածին պատմություններ բուժված բուժառուների մասին։
Կայքում գովազդվում է «Mascu Lex» անունով անհայտ դեղամիջոց, որն իբր բուժում է տղամարդկանց սեռական խնդիրները և անգամ կարգավորում շաքարի մակարդակը։

Իրականում Կարինե Սարգսյանը նման հայտարարություն չի արել։ Նրա ձայնը և խոսքը պատճենվել և գեներացվել են արհեստական բանականության միջոցով, իսկ կադրերը վերցված են 2023-ի հուլիսին տված հարցազրույցից։
Սոցցանցերում տարածվող «հեշտ եկամտի» և «հրաշագործ բուժման» խոստումները գրեթե միշտ կապված են խարդախության հետ։ Անձնական և բանկային տվյալները կասկածելի կայքերում մուտքագրելը կարող է հանգեցնել դրամական միջոցների կորստին։
CivilNetCheck
Civilnet











