Ադրբեջանից և Թուրքիայից պատվիրակություններ են մասնակցում Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարին։ ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նրանց ներկայությունը կարևոր է համարում՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու ուղիներում երկխոսության և համագործակցության համար։
«Վերջին հաշվով, եթե խոսում ենք խաղաղության մասին, պետք է սկսել խոսքից, իսկ խոսքը փոխանցելու համար սա լավագույն հարթակներից մեկն է՝ ՆԱՏՕ-ի հարթակը», - նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սեմինարի օրակարգը մշակվել է նաև հայկական կողմի մասնակցությամբ։
«Մենք ցանկացել ենք Կովկասին վերաբերվող օրակարգ բերենք Հայաստան և քննարկենք ՆԱՏՕ անդամ պետությունների և ոչ միայն անդամ, ասոցիացված անդամների հետ։ Այսինքն՝ խորհրդաժողովի անդամ երկրները ունեն հնարավորություն լսել մեր տեսակետները, մեր պատկերացումները։ Հետպատերազմյան Հայաստանը, վերջին հաշվով, ինչ խնդիր պետք է լուծի։ Խնդիր համար մեկ՝ հասնել խաղաղության»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ Հայաստանը, որպես ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցացված անդամ, վերջին տարում ընդլայնված լիազորություններ ունի։
«ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի ասոցացած անդամ ենք, բայց անցյալ տարվանից մեր լիազորությունների փաթեթը մի քիչ ավելացել է, այսինքն՝ մենք ոչ միայն մասնակցում ենք տեղեկացված լինելու և աշխատանքներին ըստ անհրաժեշտության, հնարավորության դեպքում հարցեր ուղղելու և մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու, նաև եղել է մեր աշխատանքի ընթացքում, որ դա հաջողությամբ մենք իրացրել ենք»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը՝ Քոչարյանը ընդգծել է, որ տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ ծրագրերը նպաստել են բանակի բարեփոխումներին և անվտանգային համակարգի ամրապնդմանը։
«Նախորդ գործընկերային համագործակցության փաստաթղթի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խիստ ընդգծված ընթացակարգեր են ունեցել և դրանք իրականություն են դարձել և՛ բանակի բարեփոխումների ծրագրերի մեջ, և՛ ժողովրդավարական խնդիրների դեպի բանակ տեղափոխման և՛ դրանց խնդիրների լուծումների մեջ։ Բազմաթիվ ծրագրեր են արվել այս տարիների ընթացքում և այդ ծրագրերը շարունակական են։ Դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի համար եղել են շատ օգտակար», - ասել է նա։
Քոչարյանը հավելել է, որ առանց ՆԱՏՕ-ի հետ այդ ծրագրերի իրականացման, բանակում թափանցիկության ապահովումը դժվար կլիներ։
Civilnet










