Գլխավոր Լրահոս

Գագիկ Սուրենյանը՝ սունկ կայքերի անփոխարինելի «հերոս»

Գագիկ Սուրենյանը՝ սունկ կայքերի անփոխարինելի «հերոս»

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառումներ, որոնցում նշվում է, թե իբր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնել է կտրուկ եղանակային փոփոխությունների մասին։ 

«Հարգելի հայրենակիցներ, լավ լուր ունեմ․ ամառային շորերը հանեք․ Սուրենյանը կանխատեսում է անսպասելի ջերմային ալիք»,- նշված է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ էլ Սուրենյանին հետևյալ խոսքերն են վերագրվել. «Համ շոգ, համ էլ․․․ Շտապ տեղեկացեք հայե՜ր․ Սուրենյանը 2 րոպե առաջ հայտնեց․ Սկսվում է նոր»։  

Եղանակային փոփոխության մասին խուճապային գրառումները, սակայն, կեղծ են։ Իրականում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսպիսի հայտարարություններ չի արել։ 

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից

Գրառումներում մեկ բան է ներկայացվում, հոդվածում՝ բոլորովին այլ

Գրառումները տանում են պարբերաբար կեղծ լուրեր տարածող՝ arm.arminfonews[.]ru, h8.arminfonews[.]ru, lureronline[.]ru և այլ կայքեր կամ տելեգրամյան էջեր, որտեղ հրապարակված լուրը կարդալու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել ալիքին։ 

Ֆեյսբուքյան գրառումները արված են հայերեն ու օտարալեզու տառերով՝ հավանաբար հետագայում դրանց հայտնաբերումը բարդացնելու նպատակով։ Իսկ կցված հոդվածները ռուսերեն լեզվով են, ինչը ենթադրաբար արվում է ռուսախոս լսարանին թիրախավորելու համար։

Ֆեյսբուքյան էջերով տարածվող՝ շոգի վերաբերյալ գրառմանը կցված հոդվածներից մեկում նշվում է առաջիկա օրերին սպասվող կտրուկ ցրտահարության, մեկ այլ հոդվածում՝ անձրևների ու կարկուտի մասին։ 

Էկրանապատկերը՝ կեղծ լուրերը տարածող կայքերից
Էկրանապատկերը՝ կեղծ լուրերը տարածող կայքերից

Խուճապ տարածող գրառումների իրական նպատակը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» պարբերաբար հրապարակում է առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը։ Կենտրոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կտրուկ եղանակային փոփոխություններ չի կանխատեսել։

Էկրանապատկերը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կայքից

Գագիկ Սուրենյանը ևս ֆեյսբուքյան  իր էջում նման տեղեկություններ չի հրապարակել։ 

Առհասարակ, եղանակի վերաբերյալ կանխատեսումները մեծ հետաքրքրույթուն ունեն հանրության շրջանում։ Իսկ Գագիկ Սուրենյանը սունկ կայքերի թոփ «հերոսներից» է։ 

Ավելի վաղ #CivilNetCheck-ի հետ զրույցում Սուրենյանը ցավով նշել էր, որ շատերը հավատում են նման լուրերին․ հետևորդները պարբերաբար ուղարկում են հղումներ և խնդրում մեկնաբանել դրանք։ Թեև այս երևույթը նրան նույնպես անհանգստացնում է, նա ընդգծել էր, որ պայքարի գործիքները սահմանափակ են, քանի որ նման էջերի թիվը հարյուրավոր է։

Տե՛ս նաև https://civilnet.am/news/970872 

Կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը կցված կայքերի այցելությունների թիվը մեծացնելն է՝ գովազդից եկամուտ ստանալու նպատակով, իսկ տելեգրամյան էջերի դեպքում՝ հետևորդների թիվը մեծացնելը։ Այս նպատակին հասնելու համար հաճախ օգտագործվում են «շտապ», «սկսվում է», «հենց հիմա» և նմանատիպ այլ ձևակերպումներ՝ ստիպելու համար ընթերցողին անցնել հղումով։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում