Ֆեյսբուքում հոկտեմբերի 28-ին տարածվել էր տեսանյութ, որում երևում է «Azarbaijan» («Ազարբայջան») գրությամբ բեռնատար մեքենա։
«Նոր Երևան-Մեղրի միջպետական մայրուղով խաղաղությունն էր դեմովս գնում»,- գրել էր տեսանյութը տարածած օգտատերը։
Նույն տեսանյութը «Խաղաղության առաջին աղավնին» Սյունիքով մտել է Հայաստան» գրությամբ տարածել է «Ազգ» օրաթերթն ֆեյսբուքյան իր էջում։
Գրությունից տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական բեռնատարները անխոչընդոտ երթևեկում են Հայաստանում։
Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, տարածված տեսանյութում երևացող մեքենան իրանական է և ոչ ադրբեջանական։
Ի՞նչ է հուշում համարանիշը
Տեսանյութում երևացող բեռնատարի վրա՝ դեղին վանդակի մեջ, պարսկերեն գրված է 61E782 35 կոդը, որը Իրանի ներքին փոխադրումների համակարգում համապատասխանում է Արևելյան Ադրբեջան նահանգի մեքենաների համարանիշին։

Համարանիշի ձախ անկյունում էլ երևում է «IR» նշումը, որը վերաբերում է Իրանի համարանիշներին։

Ի՞նչ կապ ունի «Ազարբաջան» (անգլերեն՝ Azarbaijan) գրությունը
Տեսանյութում բեռնատարի վրա առկա է «Ազարբայջան» (անգլերեն՝ Aze/arbaijan) գրությունը, ինչն էլ թյուրըմբռման պատճառ է դարձել։
Սակայն Իրանում գոյություն ունեն Արևելյան և Արևմտյան Ադրբեջան անուններով նահանգներ, որոնք անգլալեզու աղբյուրներում նշվում են «Ազարբաջան» (անգլերեն՝ Azarbaijan)։ Դրանք որևէ կապ չունեն Ադրբեջանի Հանրապետության հետ (անգլերեն՝ Republic of Azerbaijan): Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը երկրի հյուսիս-արևմուտքում է և սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին։ Մյուս՝ Արևմտյան Ադրբեջան նահանգը հենց Արևելյան Ադրբեջանի նահանգի կողքին է, իսկ նահանգի անունը ծագել է պարսկական Ատրպատականի պատմական անունից։

Այսպիսով, տարածվող տեսանյութում երևացող բեռնատարը ոչ թե ադրբեջանական է, այլ իրանական։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











