Վանաձորի (ան)իշխանությունը. ինչպե՞ս է դատական քաոսը չորս տարի պարալիզացրել քաղաքը

Հայկ Հովհաննիսյան
Վանաձորը՝ Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքը, արդեն չորս տարի է՝ կառավարման ճգնաժամի մեջ է։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրություններից հետո համայնքը դեռևս չունի ընտրված ղեկավար։ Փոխարենը քաղաքը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
«Անկախ դիտորդ» դաշինքը նոյեմբերի 1-ին ահազանգեց, որ Վանաձորում չարաշահվում են իշխանության վարչական ռեսուրսները, և համայնքի ինքնակառավարումը փաստացի կազմալուծված է։ Ըստ դաշինքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ՀԿԱԾ) «ապօրինի որոշմամբ» շարունակում է պահպանել համայնքի ղեկավարի ընտրության դատական արգելանքը, որը հիմնվում է գոյություն չունեցող հայցի վրա։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Վանաձորում ստեղծված իրավիճակը և պարզել, թե ինչպես է երկարատև դատական գործընթացը խաթարել քաղաքի կառավարումը։
Դատական վեճերի չորս տարին և «գոյություն չունեցող» արգելանքը
Վանաձորի կառավարման ճգնաժամը սկսվեց 2021-ի ընտրություններից հետո, որտեղ ավագանու 33 մանդատից 15-ը ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ մնացած մանդատները բաշխվեցին երեք այլ ուժերի միջև։
Ընտրություններից անմիջապես հետո հաղթող ուժի ղեկավար, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Փոխարենը ՔՊ-ն 2022-ի մայիսին ընդունեց հատուկ օրենք, որը հնարավորություն տվեց վարչապետին համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել։ 2022-ի մայիսի որոշմամբ ԺՊ նշանակվեց քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը, որն ավագանի էր ընտրվել «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով։
Ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021-ի դեկտեմբերին դատարան դիմեց երկու առանձին հայցով. առաջինով վիճարկում էր ընտրության արդյունքները, երկրորդով՝ պահանջում արգելել ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելը։

Առաջին հայցն անցավ բոլոր ատյաններով և վերջնականապես մերժվեց 2023-ի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանի կողմից՝ ուժի մեջ թողնելով ընտրությունների արդյունքները։ Սակայն երկրորդ առանձին հայցով Վարչական դատարանը դեռ 2021-ի դեկտեմբերին բավարարել էր միջնորդությունը և, որպես հայցի ապահովման միջոց, արգելել էր ավագանուն համայնքի ղեկավար ընտրել՝ մինչև առաջին գործով դատարանի վերջնական որոշումը։ Ուշագրավ է, որ երկրորդ գործով այս արգելանքը շարունակեց գործել նույնիսկ այն բանից հետո, երբ 2023-ի սեպտեմբերին առաջին գործով վեճը վերջնականապես լուծվեց։
Արդեն 2024-ի մայիսին դատարանը մերժեց նաև երկրորդ հայցը։ Սակայն այս անգամ վերաքննիչ բողոք ներկայացրեց «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը, որի ներկայացուցիչը փաստացի ղեկավարում է համայնքը։ Ըստ «Անկախ դիտորդի»՝ բողոքը ներկայացվել էր ոչ թե վեճը ըստ էության շարունակելու, այլ գործի քննությունը ձգձգելու նպատակով՝ իբր դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու համար։
Բողոքի քննության փուլում հայցվորը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ամբողջությամբ հրաժարվեց հայցից։ Ի վերջո, այդ հիմքով 2025-ի հոկտեմբերի 15-ին դատարանը որոշում կայացրեց գործի վարույթը կարճել։ Թվում էր՝ այս որոշումը պետք է վերջ դներ շուրջ չորս տարի տևած իրավական խառնաշփոթին և վերականգներ համայնքի բնականոն կառավարումը, սակայն արգելանքը մնաց ուժի մեջ։
ՀԿԱԾ-ի որոշած, ՀԿԱԾ-ի փոխած
Դատարանի որոշումից հետո ընտրություններին մասնակցած «Հայրենիք» կուսակցությունը դիմեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ պահանջելով կարճել համայնքի ղեկավար ընտրելու հարցով ավագանու նիստ գումարելու արգելքը։
Արդյունքում հոկտեմբերի 29-ին ՀԿԱԾ հարկադիր կատարող Դավիթ Պապոյանի որոշմամբ վերացրվեց համայնքի ղեկավարի ընտրության վրա դրված դատական արգելանքը՝ հիմք ընդունելով, որ հիմնական դատական գործով վեճը վերջնականապես լուծվել էր դեռ 2023-ի սեպտեմբերին։

Սակայն ընդամենը մեկ օր անց ՀԿԱԾ Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը վերադասության կարգով վերացրեց իր ենթակայի որոշումը՝ փաստացի վերականգնելով իրավական փակուղին։ Նա պատաճառաբանել է, թե դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը դեռ կարող է մեկ ամսվա ընթացքում վճռաբեկության կարգով բողոքարկվել։
Ստացվում է, որ 2021-ին ընտրված ավագանու կողմից իշխանության ձևավորումը շարունակում է ձգձգվել, քանի որ ՀԿԱԾ-ը պահպանել է կարճված գործով կիրառված ապահովման միջոցը, որի հայցվորը նույնիսկ հրաժարվել է իր հայցից։

Քաղաքական նպատակահարմարությունը՝ Վանաձորի դեմ
«Անկախ դիտորդ» դաշինքը նոյտեմբերի 1-ի իր հայտարարության մեջ այս գործողությունները որակեց տեղական իշխանության զավթում՝ նշելով, թե ՀԿԱԾ-ն այլևս իրականացնում է գոյություն չունեցող վեճի հայցի ապահովում։ Դաշինքի փորձագետ Անտոն Իվչենկոն #CivilNetCheck-ի հետ զրույցում գործընթացը որակեց ոչ թե պարզապես իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից բխող ձգձգում՝ ստատուս քվոն պահպանելու նպատակով։
«Սա քաղաքական նպատակահարմարությունից բխող ձգձգվող պրոցես է, որովհետև իշխող կուսակցությունը շահեր ունի, քանի որ չկարողացավ վերցնել համայնքային իշխանությունը Վանաձորում։ Արդյունքում կառավարում է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնակատարը»,– ասաց Իվչենկոն։
Ներկայում իրավիճակն անորոշ է։ Վանաձորի ավագանին ամիսներ շարունակ չի կարողանում անգամ արտակարգ նիստեր հրավիրել քվորումի բացակայության պատճառով, քանի որ ընդդիմադիր ավագանիները բոյկոտում են նիստերը։ Վերջերս իրավիճակն էլ ավելի է բարդացել՝ իշխանությունների կողմն անցած ավագանու անդամներից մեկի մահից հետո։
Պարզ չէ՝ արդյոք ավագանին կկարողանա քվորում ապահովել 2026-ի բյուջեն հաստատելու կամ առավել ևս՝ համայնքի ղեկավար ընտրելու համար։ Օրենքի համաձայն՝ եթե արգելանքների վերացումից հետո ավագանին չկարողանա ընտրել համայնքապետ, այն կարող է լուծարվել, և կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ։
Կարդա նաև՝ Հօգուտ ՔՊ-ի վերջնարդյունքով համայնքային ընտրությունների հակասական շարք՝ երևանյան ընտրությունից առաջ
Հոդվածի գլխավոր նկարը ստեղծված է արհեստական բանականության կիրառմամբ։
Փաստերի ստուգում
CivilNetCheck










