«Շիրակ» օդանավակայանից կարելի է մեկնել Եվրոպա
Գյումրիի օդանավակայանից շաբաթական երկու օր Եվրոպա մեկնելու հնարավորություն կա։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը Կիպրոսի Լառնակա քաղաք: Չվերթի տևողությունը երկու ժամ, քսան րոպե է, տոմսի արժեքը՝ 17 դոլար։
Գյումրիի օդանավակայանից մինչ այդ չվերթներ էին իրականացվում միայն դեպի Ռուսաստան։
Ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր աջակցության ծրագիր Հայաստանում բազավորված այն ավիաընկերությունների համար, որոնք այստեղ կունենան մասնաճյուղ առնվազն 2 մշտական օդանավով, իսկ աշխատողները գրանցված կլինեն հայկական մասնաճյուղում։
Բայց ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կարող էր ստանալ միայն այն դեպքում, եթե առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ Ծրագրին դիմել է միայն Wizz Air հունգարական ընկերությունը, որն արդեն մատչելի գներով չվերթներ է իրականացնում և հոկտեմբերի մեկից բազավորվել է Հայաստանում։
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից, այն հիմնանորոգվել է 2007 և 2021 թվականներին և հիմա կարող է ավելի մեծ թվով ուղևորներ սպասարկել:
Civilnet




