Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը կխորանա՝ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում

Անկախ նրանից, թե 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում քաղաքական որ ուժը կհաղթի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, թե ընդդիմությունը, Հայաստանում ժողովրդավարության հետընթացը շարունակվելու է։
Որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխող քաղաքական ուժը ավելի է չարաշահում վարչական ռեսուրսները, ցուցումներ տալիս իրավապահ և ուժային կառույցներին և ուղղորդում դատական համակարգի վարքագիծը։ 2018-ի հեղափոխության արդարության, հավասարության և օրենքի գերակայության խոստումները վաղուց դավաճանված են։
Ընդդիմադիրների կալանքը իշխանության ձեռքին դարձել է մահակ։ 2024-ին մոտ 2700 ազատազրկվածներից կալանավորված անձ է եղել կեսից ավելին, արձանագրում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
2025-ի վիճակագրությունը ձեռքիս տակ չունեմ։ Սակայն ակնհայտորեն վարչապետի հրապարակային գրառումներով ուղեկցվող ձերբակալությունների և խուզարկությունների պակաս չի եղել այս տարի։ Դրանցից ամենաաղմկահարույցները Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի բանտարկությունն է, որն ուղեկցվում է իշխանությունների կողմից վերջինիս բիզնեսների նկատմամբ հետապնդումներով, հատկապես՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ վարչապետի ուղղակի հրահանգներով սկսված արշավով։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ հետապնդումները, այդ թվում՝ մոնտաժված ձայնագրությունների հիման վրա մեղադրանքն ու կալանքը ևս լրջագույն հարցեր են առաջացնում կիրառվող գործիքակազմի օրինականության և իրավաչափության վերաբերյալ։
Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավը կրոնական ազատության կոպտագույն խախտում է։ Եվ բացարձակապես անտեղի են իշխանության լոյալիստների հավասարեցումները, թե եկեղեցին էլ խառնվել է քաղաքականությանը։ Օրենքի գերակայության առումով կառավարության ու եկեղեցու պատասխանատվությունը համադրելի և հավասարազոր չէ։
Իշխող քաղաքական ուժը տևական ժամանակ է՝ մոբիլիզացնում է նաև մեդիա ռեսուրսները՝ լրագրողական էթիկայի ու ֆինանսավորման զրո թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ։ Ցավալիորեն, ամենամեծ լսարան ունեցող Հանրային հեռուստաընկերությունը մնում է քարոզչամիջոց։ Ընտրություններից առաջ հայտնվող ու ընդդիմադիրներին թիրախավորող իշխանական սունկ կայքերի ու էջերի մասին ՍիվիլՆեթն արդեն մի քանի կարևոր հետաքննություն արել է։ Անշուշտ, դրանք կակտիվանան ընտրություններից առաջ։
Ժողովրդավարության հետընթացի դրսևորումներից մեկն էլ քաղաքացիական հասարակության ու կառույցների ստվար հատվածի սերտաճումն է կառավարությանը։ Այս կառույցներից ու գործիչներից շատերն իրենց գործունեության մեջ շարժվում են ոչ թե սկզբունքներից ու արժեքներից, այլ նախընտրություններից ելնելով. «եթե պատժվողը մեր սիրելին չէ, նրանց դեմ անօրինություններն ընդունելի են և անգամ ողջունելի»։
Մեծ հաշվով, քաղաքացիական հասարակությունը երկփեղկված է. էական մի հատված դարձել է այսպես կոչված GONGO, որն առաջնորդվում է ոչ թե կառավարությանը հաշվետու պահելու իր հռչակված առաքելությունից, այլ դրա իմիտացիայից։ Բոլոր այն դեպքերում, երբ իշխանությանը լուրջ վտանգ է սպառնում, պայմանական GONGO-ները կազմ-պատրաստ պաշտպանում են նրան։ Ընդ որում, այս GONGO-ները հիմնականում ֆինանսավորվում են այնպիսի հաստատությունների կողմից, որոնք ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատական արժեքների դրոշակակիր են։
Իշխանության քարոզչագործիք են դարձել նաև մտակենտրոն ներկայացող կազմակերպությունները, որոնք աներկբա արդարացնում են կառավարության քաղաքականությունը՝ շարունակ սրբագրելով նրա սխալներն ու ձախողումները։ Սրանց կարելի է գումարել իշխանության խամաճիկ կառույցներն ու նախևառաջ «Հանրային խորհուրդ» կոչվող անախրոնիզմը։
Մեծ է վտանգը, որ ընտրություններից առաջ քաղաքական որոշ ուժերի պարզապես կարող են չգրանցել՝ տարատեսակ պատճառաբանությամբ, այդ թվում՝ «ոչ ժողովրդավար լինելու»։ Իհարկե, քաղաքական պայքարում կարող են լինել ժողովրդավար և ոչ ժողովրդավար ուժեր։ Սակայն ինչպե՞ս և ո՞վ է որոշում դա և որքանո՞վ է ժողովրդավարական այդ մոտեցումը։
Վերջապես, ինչու եմ ես կարծում, որ ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարական հետընթացը խորանալու է։ Որովհետև, եթե հաղթի Նիկոլ Փաշինյանը, նա համարելու է, որ ժողովուրդն իրեն «ամեն ինչ անելու մանդատ» է տվել, ինչպես որ հանրությանը հրամցվեց Արցախի կորուստը՝ «որպես Հայաստանի իրական անկախության ձեռքբերում»։
Եթե հաղթի ընդդիմությունը, սկսելու է վրեժխնդրության մեծ արշավ։ Ընդ որում, այդ արշավի շրջանակում քաղաքացիական հասարակության շատ գործիչների ու հաստատությունների հիշեցնելու են նրանց լռության կամ իշխանությունների հետ գործակցության մասին, երբ խախտվում էր օրենքի գերակայությունը։ Թիրախավորվելու են ժողովրդավարական ու ազատական արժեքները, դրանք հակադրվելու են ազգային նպատակներին ու ազգային պետության գաղափարին՝ դրանից բխող հետևանքներով։
Հարցը հիմա հետևյալն է՝ Հայաստանում դեռ կա՞ն ուժեր, որոնք պատրաստ են ժողովրդավարությունը պաշտպանել, երբ իշխանությունը և ընդդիմությունը պատրաստ են այն զոհաբերել իրենց նպատակների համար։
Կարեն Հարությունյան










