Զենք ենք գնել պարտքով, որովհետև շատ է պետք եղել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմախոսներին, թե ինչի հետևանքով է կուտակվել 8 մլրդ հավելյալ պետական պարտքը։
«Եկեք տանենք, ցույց տանք։ Կարող ենք գնապիտակներն էլ վրանից կպցնել, որը ինչ արժի։ Եկեք տանենք մեր բանակի զենքերը՝ էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողք-կողքի։ Ի՞նչ ենք արել՝ բա չգիտե՞ք, որ Քովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը Քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»,- ասաց վարչապետը։
Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:
***
Ֆրանսիայի խորհրդարանի 2024-ի զեկույցը սպառազինության արտահանման մասին արձանագրեց Հայաստանի հետ ռազմական համագործակցության կայուն աճի սկիզբը։ 2023-2025 թթ. Երևանը ստացել է Bastion զրահամեքենաներ, CAESAR հրետանային համակարգեր, հակատանկային համալիրներ, Thales-ի ռադարներ, հրաձգային զենք և գիշերադիտակներ։ Ֆրանսիացի հրահանգիչները ուսուցանում են հայ զինվորականներին, իսկ կուրսանտները սովորում են Սեն-Սիր ակադեմիայում։
Բացի այդ, ֆրանսիական կողմը տվել է արտահանման 29 արտոնագիր՝ ընդհանուր 2,7 մլրդ եվրոյի զենքի և տեխնոլոգիաների մատակարարման համար՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի։ Այժմ գործող պայմանագրերը կազմում են մոտ 278 մլն եվրո, ինչը նշանակում է, որ ավելի լայնածավալ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են։ Այս համագործակցությունը կարելի է դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն, որը Հայաստանը ներգրավում է ոչ թե պարզապես գնման շուկայում, այլ ինստիտուցիոնալ տեխնոլոգիական գործընկերության մոդելում։
Հայաստանը զուգահեռաբար համագործակցություն է զարգացնում Հնդկաստանի (հրթիռային համակարգեր և ռազմամթերք), Չեխիայի (զենքի մատակարարում, սպասարկում և արդիականացում) և Հունաստանի (անվտանգության և այլ ոլորտների) հետ, ինչպես նաև կապեր հաստատում արևմտյան այլ երկրների և Չինաստանի հետ։ Սա թույլ է տալիս համադրել առաջատար տեխնոլոգիաների ներմուծումը սեփական արտադրական ներուժի զարգացման հետ։
Civilnet










