Հայաստանի Զինված ուժերի (ԶՈՒ) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026-ի ձմեռային զորակոչը կիրականացվի հունվարի 7-ից հունվարի 31-ը ներառյալ: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը տեղի կունենա հունվարի 8-ից հունվարի 31-ը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 20-ի կառավարության նիստի ժամանակ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինծառայությունը կկրճատվի, երկու տարվա փոխարեն կլինի մեկ ու կես տարի։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի սկզբին հանրային քննարկման էր ներկայացրել զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը։ Նշվում է, որ նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026-ի ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր են իրականացվել, օրինակ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական և ատեստավորման համակարգերը, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում ծառայության խրախուսումը։
ՊՆ-ն պնդում է, որ այս բարեփոխումների դրական արդյունքները թույլ են տալիս անցում կատարել 18-ամսյա ծառայության։ Հիմնավորում են նաև, որ օրենքի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերի նվազում է կանխատեսվում, որը զգալի կդառնա 2028-ից։
Civilnet










