Ի պատասխան Civic.am-ի. թափանցիկության մասին հարցնելն ավելի հեշտ է, քան թափանցիկ լինելը

Civic.am կայքը նոյեմբերի 19-ին հարցում է ուղարկել ՍիվիլՆեթին՝ ճշտելու նախկին արտգործնախարար կամ ինչպես իրենք են ընդգծել «քաղաքական գործիչ» Վարդան Օսկանյանի կապը ՍիվիլՆեթի հետ, նրա «միջնորդավորված հնարավոր ազդեցությունը» մեր գործունեության վրա։
Civic.am-ի հարցումը ստացել ենք այն բանից հետո, երբ մեր լրագրող Շուշան Ստեփանյանը նոյեմբերի 18-ին գրություն էր ուղարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ ճշտելու կուսակցության կապը այդ լրատվամիջոցի հետ։
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները քանիցս հայտարարել են, որ Civic.am-ը պատկանում է իրենց կուսակցությանը։
Ըստ Հայաստանի օրենքի՝ կուսակցությունները պարտավոր են լրացնել իրենց հիմնադրած լրատվամիջոցների կուսակցությանը փոխանցած միջոցները։ Մասնավորապես, պետք է լրացվի լրատվական ընկերության լրիվ անվանումը, կանոնադրական կապիտալում կուսակցության մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ և այլն։
Շուշանը իշխող խմբակցությունից հետաքրքրվել էր, թե ինչու կուսակցության տարեկան հաշվետվություններում ներկայացված չեն այդ տեղեկությունները և տեղեկատվություն էր հայցել, թե լրատվամիջոցը կուսակցությանը որքան գումար է փոխանցել։
Նախքան այդ հարցերի պատասխանները կգան, Civic.am-ից եկել են հարցեր, որոնք իբր «կասկածի տակ են դնում» ՍիվիլՆեթի լրատվական անաչառությունը՝ նրան անուղղակի վերագրելով քաղաքական ազդեցություն և կողմնակալություն։
Հարցերն ու պատասխանները դնում եմ ստորև։

Մենք, իհարկե, շնորհակալ ենք Civic.am-ին, որ առիթ է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու մեր խմբագրական անկախությունը, առաքելությունն ու արժեքներն ու էթիկական լրագրության սկզբունքները։ Մենք ուրախ ենք նաև կրկին շեշտադրելու մեր ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետողականությունը։ Հիմնադրամի հաշվետվություններն ու աուդիտի արդյունքները առցանց հասանելի են։
Բայց ահա Civic.am-ի կայքում այդպես էլ տեղեկություններ չգտա ո՛չ խմբագրակազմի, ո՛չ էթիկական սկզբունքների և ո՛չ էլ ֆինանսավորման մասին։
Ինչ խոսք, թափանցիկության մասին հարցնելն ավելի հեշտ է, քան թափանցիկ լինելը։
Հ.Գ.
Civic.am-ը մեզնից հետաքրքրվում էր, թե արդյոք այլ կուսակցությունների վերաբերյալ ևս մենք ուսումնասիրություններ կատարել ենք, թե ոչ։ Նրանք իհարկե ստացել են այդ հարցի պատասխանը, իսկ ես առաջարկում եմ կրկին ընթերցել մեր՝ «Քաղաքացիական պայմանագրի նվիրատուներն անտեղյակ են իրենց նվիրատվություններից» հոդվածը։
Կարեն Հարությունյան
Civilnet










