Գլխավոր Լրահոս

Կեղծ խաղարկություններ․ խաբեբաները օգտագործում են «Երևան Սիթի»-ի և «Սամսունգ»-ի անունները

Կեղծ խաղարկություններ․ խաբեբաները օգտագործում են «Երևան Սիթի»-ի և «Սամսունգ»-ի անունները

Սոցցանցերում կրկին ակտիվացել են տարբեր ընկերությունների անունից խաղարկությունների և նվերների վերաբերյալ կեղծ գրառումներ տարածող էջերը։ 

Վերջին օրերին տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և «Սամսունգ» (Samsung) ընկերության անունից։

«Այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորելու համար մենք ունենք 5 հատուկ ծրար, որոնք պարունակում են բազմաթիվ նվերներ, ընտրեք ձեր հաջողակ ծրարը»,- նշված է «Երևան Սիթի»-ի անունից տարածված գրառման մեջ։

«Սամսունգ»-ի անունից տարածվող գրառման մեջ էլ նշվում է, թե իբր ընկերության ծննդյան առթիվ հեռախոսներ են նվիրում պատահականության սկզբունքով։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մեկնաբանություններում պարզապես որևէ գույն նշել։

Հեշտությամբ նվերներ և մրցանակներ խոստացող գրառումները հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ ունեն սոցցանցերում։ Մինչդեռ, դրանք սովորական խաբեություն են։

Կեղծ էջեր՝ միանման անուններով և նույնատիպ բովանդակությամբ

«Երևան Սիթի»-ի անունից կեղծ գրառումներ տարածվում են երկու ֆեյսբուքյան էջերով։ Էջերը իրարից տարբերվում են անվան մեջ ընդամենը մեկ նիշով։ Երկուսն էլ ստեղծվել են վերջերս։ «yerevan City.’» անվանումով էջը տեղծվել է այս տարվա նոյեմբերի 13-ին, «yerevan City,»-ը հոկտեմբերի 20-ին։ Իսկ խաղարկությունների և նվերների վերաբերյալ գրառումները այս էջերի միակ ակտիվությունն են։

Էկրանապատկերը՝ «Երևան Սիթի»-ի անունից գրառումներ տարածող կեղծ ֆեյսբուքյան էջերից

Բացի հայերեն գրառումներից, նույնաբովանդակ և նույն լուսանկարով հրապարակումներ են հայտնվել նաև այլ լեզուներով։

Էկրանապատկերում՝ հայերեն և օտարալեզու նույնաբովանդակ գրառումները նույն լուսանկարով
Էկրանապատկերում՝ հայերեն և օտարալեզու նույնաբովանդակ գրառումները նույն լուսանկարով

«Սամսունգ»-ի անունից տարբեր խաղարկությունների վերաբերյալ գրառումները տարածվում են «SAMSUNG-FANS», «SAMSUNG.Fans» և «SAMSUNG․fans» անվանումներով ֆեյսբուքյան էջերով։  Այս էջերում հրապարակված խաղարկություններն ու նվերների մասին գրառումները դրանց միակ ակտիվությունն են։ Էջերը տարբերվում են միայն անվան գրության ձևով և մեկ-երկու նիշով։

Էկրանապատկերը՝ «Սամսունգ» ընկերության անունից գրառումներ տարածող կեղծ ֆեյսբուքյան էջերից

«SAMSUNG-FANS» անվանումով ֆեյսբուքյան  էջի գրառման մեջ նշվում է. «@Samsung-ի 90-ամյակի առթիվ, յուրաքանչյուր ոք, ով մեր էջում կգրի «Շնորհավորում ենք» մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը, կստանա բացառիկ նվերների տոպրակ, հեռախոս, պլանշետ և շատ ավելի նվերներ»։

Իրականում «Սամսունգ»-ը հիմնադրվել է 1938-ի մարտի 1-ին։ Էլեկտրոնիկայի ոլորտ ընկերությունը մուտք է գործել 1969-ին։ Այսինքն՝ 2025-ին «Սամսունգ»-ը նշելու է իր 87-ամյակը, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում՝ 56-ամյակը, ոչ թե 90-ամյակը, ինչպես նշված է գրառման մեջ։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր ընկերությունների՝ այդ թվում «Երևան Սիթի»-ի և «Սամսունգ»-ի անունից տարածվող կեղծ գրառումներին։ Բոլոր դեպքերում զեղծարարներն աշխատում են նույն սխեմայով. գրառումը մեկնաբանելուց հետո պահանջում են տարածել այն ֆեյսբուքյան խմբերում՝ դրանով բարձրացնելով գրառման դիտելիությունը, ապա ուղարկում են տվյալներ կորզող ֆիշինգային կայքի հղում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում