Գլխավոր Լրահոս

Արդյոք Կոնջորյանը թաունհաուզը շուկայական արժեքո՞վ է ձեռք բերել

Արդյոք Կոնջորյանը թաունհաուզը շուկայական արժեքո՞վ է ձեռք բերել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 10-ին արձագանքել է «Հետքի» հետաքննությանը, ըստ որի՝ նա 2024 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում բնակելի տունը ձեռք է բերել շուկայականից էականորեն ցածր գնով։ Կոնջորյանը քննադատել է հրապարակումը՝ այն անվանելով «կեղծ»։

«Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին»,- գրել է Կոնջորյանը՝ հավելելով, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:

Նա պնդել է, որ անշարժ գույքը գնել է շուկայական արժեքին համապատասխան, հիպոտեկային վարկով` 20 տարով: Եվ ոչ թե առանձնատուն է, այլ թաունհաուզ։ 

Ինչ է գրել «Հետքը»

«Հետքը» դեկտեմբերի 9-ին հրապարակել էր հոդված, որի համաձայն՝ Կոնջորյանը 2024-ի հուլիսին Առինջ Բ թաղամասում բնակելի տուն է ձեռք բերել 54 մլն դրամով, որից 48.2 մլն-ը հիպոթեկային վարկ է։ Այս անշարժ գույքի ձեռքբերումը արտացոլված է Կոնջորյանի՝ գույքի և եկամուտների 2024-ի հայտարարագրում։ 

Լրագրողները զանգահարել են առանձնատան կառուցապատող «Միլոն Մայնինգ» ՍՊԸ, որը հայտնել է, որ կառուցվող թաղամասում բնակելի տան 1 քմ-ը արժե 420,000 դրամ։ Այդ հիմքով «Հետքը» հաշվարկել է, որ Կոնջորյանի տան արժեքը կլիներ մոտ 75.6 մլն դրամ՝ 21.6 մլն-ով ավելի, քան նշված է հայտարարագրում։

Ինչ գին է գործել Կոնջորյանի գնման պահին

Այսպիսով, Կոնջորյանը հայտարարում է, որ իր թաունհաուզի կառուցապատողի ֆեյսբուքյան էջում ներկայացված գները ավելի ցածր են եղել, և «Հետքը» դրանք անտեսել է։ Նա նաև պնդում  է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում գները կարող էին փոփոխվել, ինչը իրոք հնարավոր է։

Կոնջորյանի հայտարարագրում նշվում է, որ անշարժ գույքը ձեռք է բերվել «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ից, որը Առինջում իրականացնում է «Milon Hills» թաղամասի կառուցապատումը։ Այս թաղամասում նախատեսված են թաունհաուզներ և բազմաբնակարան բնակելի շենքեր։ 

«Միլոն Մայնինգ»-ը ֆեյսբուքյան էջում բավականին ակտիվ գովազդում է թաունհաուզների վաճառքը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրեց, թե 2024-ի հուլիսին, երբ Կոնջորյանը ձեռք է բերել անշարժ գույքը, գրառումներում ինչ գումար է նշվել 1քմ-ի համար։  

Օրինակ, 2024-ի հուլիսի 8-ին արված գրառման մեջ թաունհաուզի 1 քմ-ի արժեքը նշվում է «Հետքի» թվից ընդամենը 10,000 դրամով քիչ՝  410,000 դրամ (չշփոթել բազմաբնակարան շենքում առաջարկվող արժեքների հետ)։ 

2024-ի հունիսին արված գրառման մեջ նույնպես նշվում է, որ թաունհաուզի 1 քմ-ի գինը սկսվում է 410,000 դրամից։ Նույն գինն է նշված նաև ապրիլին և մարտին՝ 410,000 դրամ։

Ավելին, 2023 հոկտեմբերին արված գրառման մեջ թաունհաուզի 1 քմ-ի արժեքը նշված է եղել 420,000 դրամ։ 

Որքա՞ն է վճարել Կոնջորյանը

Կառուցապատողը նշում է, որ «Milon Hills» թաղամասի թաունհաուզներն ունեն 2 տիպ՝ 246 քմ մակերեսով, որից 179 քմ-ն է բնակելի և 249 քմ մակերեսով, որից 207 քմ-ն է բնակելի։ Ըստ հայտարարության՝ արժեքի մեջ ներառվում է միայն բնակելի մակերեսը։ «Միլոն Մայնինգ»-ը ֆեյսբուքյան էջում բավականին ակտիվ գովազդում է թաունհաուզների վաճառքը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրեց, թե 2024-ի հուլիսին, երբ Կոնջորյանը ձեռք է բերել անշարժ գույքը, գրառումներում ինչ գումար է նշվել 1քմ-ի համար։  

Եթե դիտարկենք, որ Կոնջորյանը ձեռք է բերել փոքր մակերեսով թաունհաուզը, ապա 2024-ին կառուցապատողի առաջարկած գնով նա պետք է վճարած լիներ 73,3 մլն դրամ (179*410,000 դրամ)։ Մեծ մակերեսով տան դեպքում գինը կլիներ 102 մլն դրամ։ 

Կոնջորյանը հայտարարագրում նշել է, որ թաունհաուզը ձեռք է բերել 54 մլն դրամով։ Սակայն այս թիվը որևէ կերպ չի համընկնում կառուցապատողի՝ նախորդ տարի բոլոր գնորդներին առաջարկած «շուկայական արժեքի» հետ։

Այպիսով անհայտ է մնում, թե ինչ պայմաններով է Կոնջորյանը կարողացել ձեռք բերել թաունհաուզը շուկայական գներից էականորեն ցածր գնով։

«Հետքը» մատնանշել էր, «Միլոն Մայնինգ»-ը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին, որն ունի ընկերական կապեր Կոնջորյանի հետ, իսկ նույն խմբի մեկ այլ ընկերություն ղեկավարում է Կոնջորյանի եղբայրը։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում