Հայաստանի պաշտպանության նախարարությունը խուսափել է ուղիղ հերքել կամ հաստատել Սյունիքի մարտական հենակետերում հայ զինծառայողների՝ ադրբեջանական կողմից զննության ենթարկվելու մասին պնդումները։
«ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը 168.am-ի եթերում պնդել էր, թե Սյունիքի որոշակի դիրքերում ադրբեջանցի զինվորականները սահմանափակում են հայկական ստորաբաժանումների սննդի և փամփշտատուփերի քանակը՝ թույլ չտալով զինվորներին լքել հենակետը մինչև զննության փուլն անցնելը։
Քերոբյանը, մասնավորապես, ասել է․ «Կան վկայություններ, ես տեղերն էլ գիտեմ այդ դիրքերի, որտեղ մեր զինվորները գնում են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո։ Երկու օրվա սնունդ, երկու փամփշտատուփից ավելին ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Մինչև փոխարինող զինվորը չգա, այնտեղի զինվորներին թույլ չեն տալիս դուրս գալ։ Կրկնում եմ՝ Հայաստանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող մարտական հենակետերում ադրբեջանցիները հայ զինվորներին զննում են, նոր թույլատրում բարձրանալ։ Այդ տղաներին պատանդ են պահում»։
Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցմանը՝ արդյոք Ավետիք Քերոբյանի ասածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, պաշտպանական գերատեսչությունը նշել է միայն, որ իրենց համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի հրապարակումները և դրանց արձագանքում «ըստ անհրաժեշտության»։
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»,- հայտնել են ՊՆ-ից:
Civilnet










