Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայաստանում «հիբրիդային պատերազմի» և արտաքին տեղեկատվական ազդեցությունների շուրջ քննարկումների ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան որևէ առնչություն չունի Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավների հետ՝ դրանք վերագրելով «կոլեկտիվ Արևմուտքին»։
«Նման մոտեցումն օտար է Ռուսաստանի համար: Մենք միշտ հարգել ենք և կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը»,- ասել է Զախարովան։
Վերջին ամիսներին Հայաստանի տեղեկատվական դաշտում շրջանառվող ապատեղեկատվական հրապարակումների շուրջ ձևավորվել են տարբեր գնահատականներ․ գործող իշխանությունները դրանք դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի դրսևորում, մինչդեռ ընդդիմադիր որոշ շրջանակներ կասկածի տակ են դնում այդ գործընթացների ռուսական ծագումը։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է վերջին ամիսներին Հայաստանի տեղեկատվական դաշտում շրջանառվող ապատեղեկատվական բովանդակությունը՝ դրա աղբյուրները, տարածման մեխանիզմները և կիրառվող մեթոդները։
Հայաստանի վերաբերյալ տարածվող նարատիվները
2025 թվականի սկզբից տեղեկատվական դաշտում սկսել են շրջանառվել Հայաստանի վերաբերյալ օտարալեզու «հետաքննություններ» և «սկանդալային բացահայտումներ», որոնք ներկայացվում են որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումներ։ Եթե ամիսներ առաջ նման նյութերը հայտնվում էին մոտավորապես ամիսը մեկ անգամ, ապա վերջին երկու ամիսների ընթացքում դրանց ինտենսիվությունը զգալիորեն աճել է՝ հասնելով գրեթե շաբաթական հաճախականության։ Դրանց մի մասը արտատպվել է նաև հայկական մեդիայում՝ ստեղծելով տպավորություն, թե աղբյուրը վստահելի միջազգային լրատվամիջոց է։
Իրականում այդ «բացահայտումների» մեծ մասը հրապարակվում է ոչ թե իրական լրատվամիջոցներում, այլ դրանց նմանակող կեղծ կայքերում:
Հրապարակումների թիրախում հիմնականում ՀՀ իշխանություններն են, արևմտյան կառույցներն ու երկրները, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան։
Կոռուպցիայի վերաբերյալ պնդումներ ՀՀ իշխանությունների հասցեին
Մասնավորապես, տարածվել են հրապարակումներ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շքեղ առանձնատներ է գնել Կանադայում և Ֆրանսիայում։ Կեղծ հրապարակումներ էին տարածվում նաև նրա ընտանիքի անդամների մասին․ իբրև Աննա Հակոբյանը 3,4 միլիոն դոլար է հափշտակել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամից, իսկ նրա եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ Երևանի Կոնսերվատորիայի շենքը քանդում է և դրա տեղում խաղատուն է կառուցում։
Պետական դավաճանության, տարածքային և ազգային-կրոնական ինքնության զիջման վերաբերյալ պնդումներ
Տարածվեցին հրապարակումներ, թե վարչապետը պատրաստվում է Սյունիքից տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով մզկիթներ կկառուցվեն Հայաստանում։ Այս նյութերի սկզբնաղբյուրը թուրքական ODA TV-ն էր։
Հայաստանը ներկայացվում է որպես տոտալիտար և ռեպրեսիվ
Տարածված հոդվածներում ու տեսանյութերում պնդվում էր, թե Հայաստանում գործում են «ժամանակակից համակենտրոնացման ճամբարներ», և դատապարտյալների թիվը մոտենում է 25,000-ի։ Արհեստական բանականության միջոցով խմբագրված տեսանյութի «հերոսն» էլ պնդում էր, թե Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ պատժելով Փաշինյանի դեմ ցույցին մասնակցելու համար։
ՀՀ իշխանությունները՝ «բարոյապես այլասերված և հանցավոր»
Այս ընթացքում տարածվել են հրապարակումներ, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրաստիճան պաշտոնյաների համար մանկապղծության ցանց է ստեղծել։ Armenia Daily կայքում էլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեղադրվում էին անչափահասների մասնակցությամբ սեքս-ծառայությունների ցանցի ստեղծման մեջ։
Արևմուտքը օգտագործում է Հայաստանի տարածքը՝ վտանգավոր փորձերի համար
Հոդվածներ տարածվեցին, թե եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանում փորձարկում են վտանգավոր նյութեր հղիների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա՝ իշխանությունների համաձայնությամբ։ Իսկ ֆրանսիական Orano ընկերությունն էլ գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխում Դիլիջանի ազգային պարկ։
Տես՝ Հայաստանը «գաղտնի լաբորատորիաների» թիրախում. ուր են տանում ապատեղեկատվական արշավի հետքերը
Այս բոլոր հրապարակումներում ներկայացված պնդումները ապացույցներով հերքվել են փաստեր ստուգող կազմակերպությունների և պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Սակայն ի՞նչ ընդհանրություններ ունեն այս հրապարակումները, ի՞նչ մեխանիզմներով են դրանք տարածվում, և արդյոք նմանատիպ ապատեղեկատվություն նկատվե՞լ է նաև Հայաստանից դուրս։
Ի՞նչ մեխանիզմ է օգտագործվում
Տեղեկատվական դաշտում այս «բացահայտումները» տարածվում են մի քանի մեխանիզմով։ Օրինակ՝ լուրը հրապարակվում է միջազգային հայտնի լրատվամիջոցին նմանակող կայքում, ապա ակտիվորեն տարածվում է սոցցանցերում հարյուրավոր անհայտ հաշիվների միջոցով։ Որոշ դեպքերում «սկանդալային բացահայտման» սկզբնաղբյուրը սոցցանցերի անհայտ օգտատեր է կամ արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ խմբագրված տեսանյութ։
Եվ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ նկատվել է այս մեխանիզմը։ Ինչպես պարզել են միջազգային կազմակերպությունները, դրանք համակարգված ապատեղեկատվական արշավներ են, որոնք տարբեր երկրներում արդեն իսկ իրականացվել են։ Միջազգային ուսումնասիրություններում այս արշավները, կախված կիրառվող մեթոդներից, բաժանում են հիմնականում երեք խմբի՝ Դոփլգենգեր (Doppelgänger), Մատրյոշկա (Matryoshka) և Փոթորիկ 1516 (Storm 1516)։
Որո՞նք են այս երեքի առանձնահատկությունները
Դոփլգենգեր արշավի դեպքում ստեղծվում են կեղծ կայքեր, որոնք արտաքին տեսքով և դոմեյններով նմանակում են հայտնի լրատվամիջոցներին։ Հայաստանի հետ կապված ապատեղեկատվական նյութերից որոշները տարածվել են, մասնավորապես, France 24-ին նմանակող Courrier France 24 կայքում, The Times of Canada-ին նմանակող timescanada[.]ca կայքում, որոնք ներկայում չեն գործում։

Հայաստանում տարածվող ապատեղեկատվական հրապարակումների զգալի մասը մասնագետները դիտարկում են որպես Storm-1516 արշավի մաս։ Այս արշավի շրջանակում օգտագործվում են կեղծ լրատվական կայքեր, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն և բազմալեզու deepfake-եր, որոնք համակարգված կերպով տարածվում են սոցիալական հարթակներում, հիմնականում՝ X-ում, բազմաթիվ անանուն և կարճաժամկետ օգտահաշիվների միջոցով։ Որոշ դեպքերում հոդվածները տարածվում են նաև տելեգրամյան ռուսալեզու ալիքներում` հայկական լսարանին ավելի դյուրին հասնելու նպատակով:
Այս արշավի շրջանակում տարածված նյութերից էր ԱԲ-ով խմբագրված տեսանյութը, որտեղ աղջիկը պնդում էր, թե Փաշինյանի դեմ ցույցին մասնակցելուց հետո բռնաբարվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Armenia Daily կայքում հրապարակված հոդվածը Փաշինյանի և Պապիկյանի՝ անչափահասների մասնակցությամբ սեքս-ծառայությունների ցանցի վերաբերյալ էր։
Այս արշավի մաս էր նաև Հայաստանի տարածքում մզկիթների կառուցման մասին հրապարակումը․ Oda.tv-ում հրապարակվելուց հետո X-ում հարյուրավոր հաշիվներ սկսել էին տարածել նույն թեզերը՝ ուղեկցելով դրանք ԱԲ-ով ստեղծված տեսանյութերով։ Որոշ դեպքերում հոդվածները տարածվում են նաև տելեգրամյան ռուսալեզու ալիքներում՝ հայկական լսարանին ավելի դյուրին հասնելու նպատակով:
«Մատրյոշկա» արշավի դեպքում կեղծ կամ մանիպուլացված բովանդակությունը սկզբում հրապարակվում է սոցիալական հարթակներում փոքր թվով անանուն հաշիվների կողմից՝ հաճախ նմանակելով հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցների կամ հաստատությունների ոճն ու ձևաչափը, ապա համակարգված կերպով բոտային հաշիվներով տարածվում է լրագրողների, լրատվամիջոցների և փաստերի ստուգող կազմակերպությունների հրապարակումների տակ՝ նրանց «ստուգման» կամ «արձագանքի» խնդրանքով:
Հայաստանի դեպքում վերջերս արձանագրվել է «Մատրյոշկա» ցանցի ակտիվացում, երբ X և Bluesky սոցիալական հարթակներում նույն ցանցի հետ կապվող բոտային հաշիվները տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված և խմբագրված ավելի քան 60 տեսանյութ՝ թիրախավորելով վարչապետ Փաշինյանին:
Դրանցում հիշատակվել են 2026-ի խորհրդարանական ընտրությունները: Տեսանյութերում օգտագործվել են հանրային դեմքերի և հեղինակավոր կառույցների անուններն ու կերպարները՝ այդ թվում Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Անդրե Աղասին, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանը, Euronews-ն ու այլ մեդիաներ ու հետազոտական կառույցներ։
Տեսանյութերում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է որպես «գազային խցեր կառուցող», իսկ նրա քաղաքականությունը համեմատվում է Գերմանիայում Հոլոքոստին նախորդող ժամանակաշրջանի հետ։
Кремлеботы запустили кампанию по дезинформации к июньским выборам в Армении. Они рассказывают, как Пашинян строит газовые камеры
— Новости «Агентства» (@agents_media) October 8, 2025
Во вторник аккаунты российской сети дезинформации «Матрешка» начали распространять в соцсетях X и Bluesky видео с упоминанием назначенных на июнь 2026… pic.twitter.com/5UM47oLsEb
#CivilNetCheck-ը պարբերաբար նամակներ է ստանում անհայտ օգտատերերից, որոնք առաջարկում են «ստուգել» ակնհայտ կեղծ կամ մանիպուլացված բովանդակություն՝ կիրառելով այն նույն մեխանիզմը, որը բնորոշ է «Մատրյոշկա» արշավին։

Ինչ են ցույց տալիս միջազգային ուսումնասիրությունները այս արշավների ծագման մասին
Միջազգային հետազոտությունները և փաստագրված տվյալները ցույց են տալիս, որ «Դոփլգենգեր», «Մատրյոշկա» և Storm-1516 Ռուսաստանի կողմից իրականացվող տեղեկատվական ազդեցության գործողություններ են։
Օրինակ՝ 2024-ին արտահոսած և հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ Ռուսաստանի «Սոցիալական նախագծման գործակալությունը» Ռուսաստանի իշխանությունների պատվերով իրականացրել է տեղեկատվական արշավներ՝ ուղղված Եվրոպայում ծայրահեղ աջ ուժերին աջակցելուն և Արևմուտքում Ուկրաինային տրամադրվող աջակցության թուլացմանը։ Փաստաթղթերում բացահայտվել է, որ նաև այս գործակալությունն է կանգնած «Դոփլգենգեր» արշավի հետ։
Բացի այդ, Հայաստանի վերաբերյալ հրապարակվող «սկանդալային բացահայտումների» մի մասի սկզբնաղբյուրը եղել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի՝ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с репрессиями) կայքը։ Հենց այստեղ են սկզբնապես հրապարակվել Ալեն Սիմոնյանի՝ մանկապղծության, 25,000-ին դատապարտյալների առկայության, ինչպես նաև դեղագործական փորձարկումների վերաբերյալ «հետաքննությունները»։ Հետագայում այդ նյութերը անգլերենով վերահրապարակվել են VT Foreign Policy և londontimes[.] live կայքերում։
Այնուհետև այս բովանդակությունը վերահրապարակում են (repost) սոցցանցերում կեղծ կամ ռուսամետ օգտատերերի կողմից։

Բացի այդ, Հայաստանի դեմ ուղղված մի շարք կեղծ հրապարակումներ վերագրվում են Լուկաս Լեյրոզին (Lucas Leiroz) և Օկայ Դեպրեմին (Okay Deprem), որոնք, ըստ բաց աղբյուրների, կապեր ունեն Ռուսաստանի հետ։
Բրազիլացի լրագրող Լեյրոզը վերոնշյալ VT Foreign Policy կայքում հանդես է եկել որպես հեղինակ այն հոդվածների, որոնցում պնդվում էր, թե Հայաստանում փորձարկվում են վտանգավոր նյութեր հղիների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա, գործում են «ժամանակակից համակենտրոնացման ճամբարներ», իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներգրավված է մանկապղծության ցանցի ստեղծման մեջ։
Բաց աղբյուրներում նա ներկայացվում է որպես լրագրող և հետազոտող, սակայն հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական լրատվամիջոցներին և մասնակցում Ռուսաստանում անցկացվող միջոցառումների։

Մյուս հեղինակը՝ Օկայ Դեպրեմը, թուրքական ODA TV-ի լրագրող է։ Նա հեղինակել է հրապարակումները Փաշինյանի՝ Սյունիքից տարածքների հնարավոր զիջումների և Էրդողանի խնդրանքով Հայաստանում մզկիթներ կառուցելու մասին։ Տարբեր հարցազրույցներում Դեպրեմը առաջ է քաշել ռուսական քարոզչական թեզեր։ ODA TV կայքը հիշատակվում է նաև Ֆրանսիայի արտաքին ապատեղեկատվության դեմ պայքարի գործակալության (VIGINUM) 2025 թ․ զեկույցում՝ որպես Storm 1516 արշավի շրջանակում բովանդակություն տարածող հարթակ։
Նույն սցենարը, նույն «հերոսները»՝ այլ երկրների դեպքում
Հայաստանի դեմ տարածված նարատիվների մեծ մասը գրեթե նույնական է այն կեղծ լուրերի հետ, որոնք տարածվել են, օրինակ, Ուկրաինայի վերաբերյալ՝ օգտագործելով նույն հարթակները և նույն մեթոդները։ Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հասցեին նույնպես տարածվել են կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ՝ շքեղ անշարժ գույք արտերկրում ձեռք բերելու վերաբերյալ, որոնք հետագայում հերքվել են։

Նման օրինակ է նաև ֆրանսիական Orano ընկերության շուրջ տարածված ապատեղեկատվությունը։ 2025-ին լուրեր էին շրջանառվում, թե Ուկրաինան պատրաստվում է Նիգերից ուրան գնել՝ միջուկային զենք ստեղծելու նպատակով։ Մինչդեռ Ուկրաինայի պաշտոնյաները 2023-ին չեն այցելել Աֆրիկա, Orano ընկերությունը քաղաքական փոփոխություններից հետո կորցրել է Նիգերում ուրանի արդյունահանման լիցենզիան, իսկ Ուկրաինան միջուկային զենքի ստեղծման ծրագիր չունի, ինչը բազմիցս հաստատել են ՄԱԳԱՏԷ-ն և երկրի պաշտոնական մարմինները։

Մոլդովայի սեպտեմբերյան ընտրություններից առաջ «Մատրյոշկա» ցանցը լայնածավալ ապատեղեկատվական արշավ է իրականացրել՝ տարածելով հարյուրավոր կեղծ և մանիպուլացված տեսանյութեր։ Դրանցում թիրախավորվում էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ որպես երկրի ինքնիշխանությունը վտանգող գործիչ, իսկ եվրաինտեգրումը ներկայացվում էր որպես տնտեսական անկման և միգրացիոն ճգնաժամի աղբյուր։
Նմանատիպ ապատեղեկատվական արշավներ արձանագրվել են նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում։
Այն, որ այս արշավները կապվում են Ռուսաստանի հետ, արձանագրում է նաև ռուսական անկախ Gnida Project-ը (Всероссийский научно-исследовательский институт гнид), որը համակարգված կերպով ուսումնասիրում և փաստագրում է ռուսական տեղեկատվական ազդեցության և ապատեղեկատվական գործողությունները տարբեր երկրներում։
Բացի այդ, #CivilNetCheck-ը զրուցել է ռուսական մեկ այլ անկախ նախաձեռնության՝ Bot Blocker (Блокировщик ботов) նախագծի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես հետևում են այս ապատեղեկատվական արշավներին։ Նրանք նշում են, որ Հայաստանում կիրառվում են նույն մեխանիզմները, որոնք նախկինում արձանագրվել են այլ երկրներում, և որոնց կապը Ռուսաստանի հետ բազմիցս փաստագրվել է միջազգային ուսումնասիրություններում։ Նրանց խոսքով՝ այդ բովանդակության մի մասը շրջանառվում է նաև պրոկրեմլյան տելեգրամյան ալիքներում և արդեն բացահայտված ռուսական բոտային հաշիվներում։
Փաստերի ստուգում
Հասանելի է
english
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










