Գլխավոր Լրահոս

3,4 մլն դոլարի հորինված հափշտակումը․ ՀՀ իշխանությունները՝ նոր տեղեկատվական գրոհի տակ

3,4 մլն դոլարի հորինված հափշտակումը․ ՀՀ իշխանությունները՝ նոր տեղեկատվական գրոհի տակ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում օգոստոսի 15-ից սկսեց ակտիվորեն տարածվել հոդված, որում նշվում է, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 3,4 միլիոն դոլար է հափշտակել նախկինում իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամից։ 

Տեղեկության սկզբնաղբյուրը EU Leaks անվամբ կայքն էր, ըստ որի՝ այս չարաշահումն իբրև բացահայտել է «Սրբազան շարժման» առաջնորդ, հիմնարդամի գործող ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչն էլ դարձել է վերջերս նրա ձերբակալության իրական պատճառը։

#CivilNetCheck-ը պարզել է, որ այս տեղեկատվությունը տարածող կայքը կեղծ է, իսկ ներկայացված պնդումները՝ անհիմն։

Կեղծ կայք, գողացված ինքնություններ և հորինված «սկանդալ»

EU Leaks կայքը օգոստոսի 13-ին է հրապարակել «Կոռուպցիոն սկանդալ. Փաշինյանի կինը 3,4 միլիոն դոլար է հանել մանկական քաղցկեղի հիմնադրամից» վերտառությամբ հոդվածը, որի հեղինակ է նշված Ջեյմս Քրիդոնը (James Creedon)։

Հրապարակման մեջ նշվում է, թե Բագրատ արք. Գալստանյանը, որը 2021-ի մարտից նախագահում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, իբր պատրաստվում էր հայտարարել Հակոբյանի կատարած հափշտակության մասին, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ է եղել մինչև 2020-ի սեպտեմբերը։ Ըստ կայքի՝ Գալստանյանը, սակայն, հաջորդ օրը ձերբակալվել է։ Նշվում էր, թե Գալստանյանի փաստաբաններից Սերգեյ Հարությունյանը հաստատել է կոռուպցիոն սխեմայի առկայությունը։ 

Էկրանապատկերում՝ euleaks.eu կայքի հրապարակումը

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ euleaks.eu կայքը ստեղծվել է նյութի հրապարակումից ընդամենը երկու օր առաջ՝ 2025-ի օգոստոսի 11-ին։ Թեև այս դոմեյնով նախկինում գործել է Կանաչների եվրոպական ազատ դաշինքի (Greens-EFA) խմբակցության՝ թափանցիկության և փաստաթղթերի հրապարակման հարթակը, ներկայիս կայքը որևէ կապ չունի այդ նախաձեռնության հետ։

Էկրանապատկերում՝ դոմեյնի գրանցման տվյալները Եվրոպական ինտերնետային անունների գրանցամատյանի պաշտոնական կայքից

Կայքում առկա մյուս հոդվածները, որոնք տեղադրվել են հետին թվով, պարզապես պատճենված են հեղինակավոր լրատվամիջոցներից, օրինակ՝ BBC-ից, սակայն ներկայացված են այլ լրագրողների անուններով։

Հերքումներ և փաստերի անհամապատասխանություն

Հոդվածի հեղինակ նշված Ջեյմս Քրիդոնն աշխատում է ֆրանսիական France24 հեռուստաալիքում։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Քրիդոնը կտրականապես հերքեց իր կապը հոդվածի հետ. «Ես այս հոդվածի հեղինակը չեմ։ Ըստ իմ աղբյուրի՝ կայքը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով»։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ, որը հոդվածում նշվում էր որպես կոռուպցիոն սխեմաների բացահայտման աղբյուր, օգոստոսի 16-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ երբևէ նման հայտարարություն չի արել։

Պատկերում՝ փաստաբան Հարությունյանի և France24-ի լրագրողի հերքումները

Կեղծ հոդվածում նաև պնդվում է, թե 3,4 միլիոն դոլարի հափշտակումը բացահայտվել է «վերջին աուդիտի» արդյունքում։ Մինչդեռ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված 2024 թվականի անկախ աուդիտորական եզրակացությունում ոչ մի խախտում կամ յուրացում չի արձանագրվել։ Ավելին՝ եզրակացությունը տրված է «առանց վերապահումների»։

Հարկ է նշել, որ Բագրատ արք. Գալստանյանը, փոխարինելով Աննա Հակոբյանին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, երբևէ չի խոսել ֆինանսական խախտումների մասին։

Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից տարածվեց կեղծիքը

Հրապարակումից մեկ օր անց՝ օգոստոսի 14-ին, լուրը տարածել է ադրբեջանական Haqqin.az կայքը։ Օգոստոսի 15-ին այն արտատպել է հայկական ընդդիմադիր hayeli.am կայքը, և այն աստիճանաբար տարածվել այլ կայքերում։ Տեղեկության տարածմանը նպաստել են նաև ընդդիմադիր բլոգերներ Վարդան Ղուկասյանը, Արիանա Հովսեփյանը, ինչպես նաև մի շարք այլ օգտատերեր՝ որպես աղբյուր նշելով EU Leaks կայքը։

Կեղծիքը լայնածավալ տարածում ստացավ օգոստոսի 18-ին՝ ռուսական քարոզչական ցանցերում։ Այն հրապարակեցին News.ru, Crimea-news.com, News.Pravda, 360.ru կայքերը, ինչպես նաև փոխկապակցված մի շարք տելեգրամյան պրոռուսական ալիքներ՝ «Выпускайте КракенаZ!», «Голос Мордора», «Параллель Z», «Mika Badalyan» և «Товарищ Майор»։

Այսպիսով, Աննա Հակոբյանի կողմից «Ժպիտների քաղաք» հիմնադրամից 3,4 միլիոն դոլար յուրացնելու մասին տեղեկությունը ամբողջությամբ հորինված է։ Այն տարածվել է նորաստեղծ կեղծ կայքի միջոցով, որն օգտագործել է եվրոպական նախկին նախագծի անունը՝ կասկածելի տեղեկությանը վստահություն տալու նպատակով։

Նախկինում ՍիվիլՆեթը և DFRLab-ը բացահայտել են Հայաստանի և իշխանությունների դեմ ուղղված կոորդինացված ապատեղեկատվական արշավներ՝ կապված «ԱՄՆ բիոլաբորատորիաներում գաղտնի փորձարկումների», հայաստանցիների վրա «դեղագործական փորձերի», Փաշինյանի կողմից Ֆրանսիայում վիլլա գնելու և այլ կեղծ լուրերի հետ։ Գրեթե բոլոր դեպքերում տարածող կայքերը նմանակում են հայտնի և առավել վստահելի լրատվամիջոցների կամ նախաձեռնությունների՝ իրենց կեղծիքներին հավաստիություն հաղորդելու համար։

Կարդա նաև՝ «Փաշինյանի «Մարսելի առանձնատունն» ու դրա իրական սեփականատերերը»

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում