Վրաստանում ճանապարհ փակելու համար բողոքի ակցիայի ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկված առաջին ցուցարարը՝ Զուրաբ Մենթեշաշվիլին, արդեն ավելի քան 60 օր է գտնվում է հացադուլի մեջ՝ կալանքի պայմաններում։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
61-ամյա Մենթեշաշվիլին ակտիվ մասնակցում էր ամենօրյա հակակաիշխանական ցույցերին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որը ավանդաբար բողոքի ակցիաների հիմնական վայրն է։ Մի քանի օր անց տեղեկություններ տարածվեցին, որ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։
Մենթեշաշվիլին դատվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ հոկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա։ Այդ փոփոխություններով ճանապարհ փակելու համար նախատեսված վարչական տուգանքները փոխարինվել են վարչական կալանքով՝ առաջին խախտման դեպքում, իսկ կրկնակի խախտումների համար սահմանվել է քրեական պատասխանատվություն։
Փոփոխությունների ընդունումից հետո տասնյակ ցուցարարներ դատապարտվել են մի քանի օր տևող վարչական կալանքի։ Սակայն Մենթեշաշվիլին միակ դեպքն է, երբ անձը հոկտեմբերի 24-ին կրած հինգօրյա վարչական կալանքից հետո կրկին ձերբակալվել է՝ արդեն քրեական մեղադրանքով։
Դեկտեմբերի 24-ին կայացած վերջին դատական նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Բուգիանիշվիլին բավարարել է դատախազության միջնորդությունը և որոշել, որ Մենթեշաշվիլին պետք է մնա նախնական կալանքի տակ՝ հիմնավորելով դա նոր իրավախախտում կատարելու հնարավոր ռիսկով։
Մենթեշաշվիլին դատարանում հայտարարել է, որ մասնակցել է խաղաղ ցույցի և ուրախ է եղել կանգնել մյուս ցուցարարների կողքին Ռուսթավելիի պողոտայում։
«Խնդրում եմ բացատրեք ինձ՝ ի՞նչն է այստեղ այդքան սարսափելի, որ ինձ փաստորեն հանցագործ են համարում»,- դիմել է նա դատավոր Բուգիանիշվիլիին։
Անկախ Netgazeti լրատվամիջոցը հրապարակել է աուդիո ձայնագրություն, որտեղ Մենթեշաշվիլին պատմում է, որ հացադուլի ընթացքում հաճախ է գլխապտույտ ունեցել և մի քանի անգամ ընկել է։ Նրա խոսքով՝ հացադուլի ընթացքում կրկին ի հայտ են եկել նաև նախկինում ունեցած կոմայի հետ կապված ախտանշանները։
Խոսելով հացադուլ հայտարարելու պատճառների մասին՝ Մենթեշաշվիլին նշել է, որ ցանկանում է հասնել այն քաղաքացիներին, որոնք մնացել են տներում և չեն միացել բողոքի ցույցերին։
«Մինչև վերջ։ Միայն մինչև վերջ։ Այսպես եմ ծնվել, այսպես էլ կմեռնեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր նպատակը «երկիրը բռնապետությունից ազատելն է»։
Մենթեշաշվիլիի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում նա ստացել է շուրջ 300 նամակ, որոնց մեծ մասը պարունակում էր հացադուլը դադարեցնելու կոչեր։
Հակակառավարական ամենօրյա բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե անընդմեջ շարունակվում են 2024-ի նոյեմբերի 28-ից, երբ իշխանությունները հայտարարեցին Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցման մասին։
Միևնույն ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած մի շարք սահմանափակող օրենքներ ուղղակի կամ անուղղակիորեն թիրախավորել են փողոցային բողոքները՝ սկսած ճանապարհ փակելու համար պատժաչափերի խստացումից մինչև դեմքի ծածկման և այլ գործողությունների արգելքներ։
Վերջին օրենսդրական փոփոխություններից մեկը վերաբերում է մայթերի վրա անցկացվող բողոքի ակցիաներին․ այն սահմանում է, որ ցուցարարները պարտավոր են նախապես տեղեկացնել Ներքին գործերի նախարարությանը, իսկ ոստիկանությանը լիազորում է փոխել ցույցի անցկացման ժամը կամ վայրը։ Նոր կանոններին չհետևելը պատժվում է ազատազրկմամբ։
Civilnet











