Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռից հայտնում են, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ «Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ եպս․ Սարոյանը դրժել է հնազանդության ուխտը։
«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին։
Civilnet











