Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ի հունվարին հայտարարել էր, թե շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել։
«Հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չի, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր Փաշինյանը։
Տեսնենք, թե ինչ է փոխվել։ Պետեկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-օգոստոսին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է 3,9 տրլն դրամ:
Այս թիվը ռեկորդային է նախորդ տարիների համեմեմատ։ Այսպես, 2019-ի նույն ժամանակահատվածում կատարվել էր 658 մլրդի, 2020-ի ութ ամիսներին՝ 1,2 տրլնի, 2021-ի՝ 2,3 տրլնի, իսկ 2022-ի՝ 3,7 տրլնի դրամի խաղադրույք։
Այսինքն՝ 2023-ի առաջին 8 ամիսներին 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կատարված խաղադրույքների ծավալը աճել է մոտ 7%-ով, իսկ, օրինակ, 2019-ի համեմատ ավելի քան 500%-ով։
Ինչպես տեսնում ենք, վարչապետի պնդմանը հակառակ, շահումով խաղերի ոլորտում որևէ լուրջ անկում չկա, սակայն ակնհայտ է, որ վերջին տարիներին գրանցվող ոլորտի ահագնացող տեմպերով աճը դանդաղել է։
Աճել են նաև խաղատներում կատարվող խաղադրույքները
Միաժամանակ, առցանց շահումով խաղերին զուգահեռ աճում է խաղատներում կատարվող խաղադրույքները։ ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2023-ին այն գերազանցում է նախաքովիդյան 2019-ի ցուցանիշներին։
Այսպես, 2023-ի հունվար-օգոստոսին խաղատներում կատարվել է 72 մլրդ դրամի խաղադրույք, ինչը 10%-ով ավելի է 2019-ի նույն շրջանում գրանցված ցուցանիշին և ավելի քան 2,5 անգամ գերազանցում է 2022-ի ցուցանիշը։
CivilNetCheck
Civilnet




