Գլխավոր Լրահոս

Կասկածելի դեղեր վաճառելու համար օգտագործվում են հայտնի բժիշկների դիփֆեյքեր

Կասկածելի դեղեր վաճառելու համար օգտագործվում են հայտնի բժիշկների դիփֆեյքեր

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում է նոր տեսանյութ՝ հայտնի կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ, որում վերջինս պատմում է, թե ստեղծել է եզակի դեղամիջոց հիպերտոնիայի բուժման համար և կոչ է անում գնել այն։ 

Տեսանյութի սկզբում օգտագործվել է Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի խոսքը, որը հայտնում է, թե իբրև կարդիովիրաբույժը «հիմար է անվանել հիպերտոնիան դեղագործական դեղերով բուժող անձանց» և ներկայացրել նրա ստեղծած դեղամիջոցը։ 

Այս տեսանյութն ամբողջությամբ կեղծ է։ Այն ստեղծված է արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են Պետրոս Ղազարյանի և Բագրատ Ալեքյանի ձայների և պատկերների կրկնօրինակները։ 

Որո՞նք են իրական տեսանյութերը

Բագրատ Ալեքյանը միջազգային ճանաչում ունեցող կարդիովիրաբույժ է, որը մեծամասամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ 

Ալեքյանի՝ տեսանյութում ներկայացված հարցազրույցը երեք տարվա վաղեմության է։ Կարդիովիրաբույժն այս հարցազրույցը տվել էր յութուբյան «Медиа взгляд» ալիքին և այդ ընթացքում որևէ «հրաշագործ դեղամիջոցի» ստեղծման մասին չի հայտնել։ Ավելին, նա չի քննադատել դեղերի ընդունումը։ Զեղծարարները արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով կեղծել են բժշկի խոսքը։ 

Ինչ վերաբերում է տեսանյութում Պետրոս Ղազարյանի խոսքին, ապա այս կադրերը վերցվել են հաղորդավարի՝ հոկտեմբերի 8-ի Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի հետ հարցազրույցից։ Կադրերը վերցված են հարցազրույցի հենց սկզբից, ամբողջությամբ համընկնում է մատների, ձեռքերի շարժումը, գրչի հետ խաղը և այլն։ Խոսքն էլ, ինչպես Ալեքյանի դեպքում, փոխվել է ԱԲ տեխնոլոգիաների միջոցով։ 

Այս տեսանյութը տարածվում է ֆեյսբուքյան Doctor stethoscope էջի կողմից։ Այն ստեղծվել է հունիսի 12-ին։ Այն գրեթե չունի ակտիվություն, գրառումներ։ Էջը կառավարվում է Ղազախստանից և Ուկրաինայից (հնարավոր է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից, քանի որ META-ն այդ հատվածները շարունակում է ցույց տալ որպես Ուկրաինա)։  

Հատկանշական է, որ վերջին օրերին նման կասկածելի էջերի միջոցով տարածվում են այլ բժիշկների մասնակցությամբ տեսանյութեր ևս, որոնցում այդ բժիշկներն իբրև ներկայացնում են իրենց ստեղծած հրաշագործ դեղամիջոցները։ #CivilNetCheck-ն անդրադարձել է այդ տեսանյութերին՝ պարզելով, որ դրանց դիփֆեյք են, որոնց միջոցով վաճառվում են կասկածելի դեղեր։ 

Ակադեմիկոս Ալեքյանի մասնակցությամբ տեսանյութը դրանցից մեկն է։ Այն դիփֆեյք է, և զեղծարարները հայտնի բժիշկի կերպարը օգտագործում են՝ վստահություն ներշնչելու և կասկածելի դեղամիջոցներ իրացնելու համար։   

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում