Սիրիայում նոյեմբերի 27-ին հաստատված զինադադարը խախտվել է։ Հակակառավարական ուժերը և նրանց աջակցող իսլամիստական խմբերը հարձակում են սկսել և երկու-երեք օրվա ընթացքում ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Հալեպ քաղաքը։ Հալեպում ստեղծված իրավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության ու կացության շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։
- Ի՞նչ իրավիճակ է այժմ Հալեպում։
- Այս պահի դրությամբ Հալեպ քաղաքն ամբողջովին գտնվում է հակակառավարական ուժերի և իսլամիստական խմբերի ձեռքում։ Հակակառավարական ուժերը նաև վերահսկողություն են սահմանել մինչև Հալեպ և Հալեպից հարավ ընկած շրջաններում։ Հիմնական մարտերն այս պահին ընթանում են Իդլիբի և Համայի շրջաններում։ Իրավիճակն այսպիսին է. հալեպահայությունն առաջին ժամերին, ովքեր հնարավորություն ունեցան, դուրս եկան քաղաքից։ Արդեն երկրորդ օրն է՝ քաղաքում պարետային ժամ է հաստատված՝ ժամը 17:00-ից մինչև առավոտյան 5:00։ Ներկա պահին հայերը գտնվում են տներում, միայն առօրյա գնումների համար են դուրս գալիս և վերադառնում տուն։ Այսպիսին է պատկերը։
- Որքա՞ն հայ է մնացել Հալեպում։
- Շատ դժվար կլինի թվեր նշել, բայց մեր կարծիքով՝ հալեպահայությունը 10-12 հազարի սահմաններում է։ Սիրիայում 13-14 տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել է նրան, որ հալեպահայ համայնքի մեծ մասը ժամանակի ընթացքում արդեն դուրս է եկել քաղաքից։ Նրանց մի մասը Հայաստանում է, մի մասը այլ երկրներ է տեղափոխվել մշտական բնակության։ Կառավարության կողմից Հալեպն ազատագրելուց հետո շատ հալեպահայեր, որոնք Հայաստանում էին, վերադարձել էին իրենց նախկին քաղաքը, կյանքը նորից կառուցում էին Հալեպում։ Այս պահին, կարծում ենք, թվական այս տվյալներն են իրականությանը մոտ։
- Հստակ թիվ կա՞, թե նոյեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողություններից հետո որքան հայ է հասցրել դուրս գալ քաղաքից։
- Դժվար է նշել։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է Սիրիայի հայկական հաստատությունների և տարբեր կենտրոնների հետ։ Հստակ գիտենք, որ ընտանիքներ կան, որոնք Լաթաքիայում են, ընտանիքներ կան, որոնք հասել են Դամասկոս, բայց ամբողջական թվային պատկեր տալը շատ դժվար է, սխալվելու հավանականությունը շատ մեծ է։
- Հալեպում մնացած 10-12 հազար հայերի հետ կապ կա՞ այս պահին, ինչի՞ կարիք ունեն նրանք՝ սնունդ, դողորայք։
- Ամենօրյա կապը պահում ենք, այո, արդեն երեք-չորս օր է՝ հայկական տարբեր կազմակերպությունների, անհատների, կառույցների ներկայացուցիչների հետ։ Կապը խափանումներով է, բայց այնուամենայնիվ կա։ Այս պահի դրությամբ պարենային ճգնաժամ չկա, բայց կարող է արդեն հասունանալ առաջիկա շաբաթներին։ Քաղաքում մարտական գործողություններ չկան։ Հայտարարվել է, որ քրիստոնյաներին վնաս չեն հասցնելու, բայց մեր բոլոր հաստատությունները՝ դպրոցներ, եկեղեցիներ, ակումբներ, փակ են։ Ներկա պահին քաղաքից դուրս գնացող բոլոր ճանապարհները փակ են, քանի որ այդ հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Այս պահին իրատեսական չէ քաղաքից դուրս գալը։
- Այս պահին իրատեսական չէ, բայց հետագայում բանակցությունների միջոցով հայերի դուրսբերում իրականացնելու հնարավորություն տեսնու՞մ եք։
- Այդ հարցին դժվար է պատասխանել։ Հիմա ակտիվ գործողություններ են տեղի ունենում բոլոր ուղղություններով։ Հիմա այդ մասին խոսելը, կարծում եմ, բարդ է։
- Նշեցիք, որ մի քանի շաբաթից կարող է պարենային ճգնաժամ լինել, հումանիտար օգնություն հասցնելու հավանականությունն ինչպիսի՞ն է։
- Գիտեք, այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց փաստն այն է, որ ակտիվ գործողություններ են ընթանում բոլոր ուղղություններով։ Կարող եմ ասել, որ վտանգ կար նաև Քեսաբի հետ կապված, բայց կառավարական ուժերը համալրում են ստացել և Քեսաբի ուղղությամբ հարձակման վտանգ այս պահին չկա։
- Հայաստանի դեսպանությունը, հյուպատոսությունը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն օպերատիվ չե՞ն գործել, որ 10-12 հազար հայեր մնացել են Հալեպում։ Ինչպե՞ս կգնահատեք ձեր գործողությունները նոյեմբերի 27-ից հետո։
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է համայնքային կառույցների, անհատների հետ։ Այն հայրենակիցները, որոնք կհասնեն Հայաստան, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն իր ծրագրերի շրջանակներում աջակցություն կտրամադրի, իսկ ներկա պահին Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների խնդիրներով և արագ արձագանքման անհրաժեշտությամբ հարկ է դիմել Դամասկոսում ՀՀ դեսպանություն։ Գիտեք նաև, որ հյուպատոսը նույնպես գտնվում է Դամասկոսում։ Լիազորագրերը Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով նա մեկնել է Դամասկոս և այս պահին վերադարձը Հալեպ մեր տեղեկությամբ հնարավոր չէ։ Կապը պետք է պահել դեսպանության հետ։
- Վերջին օրերին Հալեպից դուրս եկած և Սիրիայի այլ քաղաքներում գտնվող հայերը Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնե՞լ են, կա՞ն արդեն Հայաստան ժամանած սիրիահայեր։
- Այս պահին Հայաստան հասած հայրենակիցների մասին ինֆորմացիան բացակայում է։ Ավելին ասեմ, Մերձավոր Արևելք չվերթներն ընդհանրապես իրականացվում են Բեյրութից։ Middle East ավիաընկերությունը, որը նոյեմբերին շաբաթական մեկական չվերթ է իրականացնում Բեյրութ-Երևան ուղղությամբ (նախկինում շաբաթական երկու չվերթ էր), դեկտեմբերին պետք է վերաբացեր Հալեպ-Երևան չվերթը։ Այս պահին օդանավակայանը նույնպես գտնվում է հակակառավարական ուժերի, իսլամիստների ձեռքում։ Փաստացի, դա արդեն հնարավոր չէ իրականացնել, և մեր հայրենակիցները կարող են Բեյրութ-Երևան ավիաչվերթով վերադառնալ Հայաստան, այլ ելքի ճանապարհ այս պահին չի գործում։ Սա պետք է հաշվի առնել։ Մենք հիմա տիրապետում ենք տեղեկատվության, որ Հալեպից դուրս եկածները Լաթաքիայում են կամ Դամասկոսում։ Ուրիշ տեղեկատվություն դեռ չունենք։ Հայաստան հասած հայրենակիցները դեռևս մեզ կամ մեր ինտեգրման կենտրոնին չեն դիմել։
- Ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թվում հայեր կա՞ն։ Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը մեկ հայի զոհվելու մասին էր հաղորդել։
- Այո, այդ մեկ զոհի մասին տեղեկատվությունը հաստատվել է։ Քաղաքից ելքի ժամանակ է եղել դեպքը։ Այլ տեղեկատվություն այս պահին չկա։ Հայկական հաստատությունների հետ կապված վնասների, ավերածությունների մասին տեղեկատվությունը նույնպես բացակայում է։ Այսքան այս պահին։
Հակոբ Ասլանյան
https://civilnet.am/news/807656/%d5%b0%d5%a1%d5%ac%d5%a5%d5%ba%d5%ab-60-70-%d5%bf%d5%b8%d5%af%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b0%d5%bd%d5%af%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a7-%d5%a6%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%af-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%a5%d5%a1%d5%b6/
Civilnet











