Գլխավոր Լրահոս

Ով ինչ է վերահսկում Սիրիայում հետ-ասադյան անցումային շրջանում

Ով ինչ է վերահսկում Սիրիայում հետ-ասադյան անցումային շրջանում

Մերձավոր Արևելքը լուսաբանող Al-Monitor կայքում հոդվածագիր Ադամ Լուչենտեն (Adam Lucente) ամփոփ ներկայացնում է, թե ով ինչ է վերահսկում Սիրիայում։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ 

Նախագահ Բաշար Ասադը լքել է Սիրիան ապստամբական ուժերի կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավումից կարճ ժամանակ առաջ՝ երկրի տարբեր հատվածները թողնելով տարբեր խմբավորումների վերահսկողության տակ։

Կիրակի նախագահ Ասադի տապալումից հետո Սիրիան հիմնականում վերահսկում են ապստամբական խմբավորումներն ու քրդական ուժերը։ Ներկայում ընթանում է անցումային գործընթաց Ասադի կառավարության մասնակցությամբ, թեև հարցեր են մնում, թե ով է ղեկավարելու երկիրը և ինչ կարգավիճակ են ունենալու օտարերկրյա ուժերը, այդ թվում՝ ռուսական։

Սիրիական ապստամբական խմբավորումները շաբաթ օրը ներխուժել են Դամասկոս՝ քաղաքը գրավելով առանց Ասադի ուժերի էական դիմադրության։ Ապստամբների հաջողությունը սկսվեց անցյալ ամսվա վերջին սկսված հզոր հարձակմամբ, որը հանգեցրեց կառավարության պարտությանը Հալեպում, Համայում և խոշոր այլ քաղաքներում։ 

Ապստամբական հարձակումը գլխավորում է իսլամիստական Հայաթ Թահրիր ալ-Շամ (ՀԹՇ) խմբավորումը՝ թուրքական աջակցություն ունեցող Սիրիական ազգային բանակի (ՍԱԲ), հարավի տեղական մարտիկների և այլոց աջակցությամբ։ 

Ստորև ներկայացված են հետ-Ասադյան Սիրիայում գործող հիմնական խմբավորումները։

Հայաթ Թահրիր ալ-Շամ 

ՀԹՇ-ն ապստամբներին առաջնորդեց դեպի Հալեպ՝ նախքան Համայի և վերջապես Դամասկոսի գրավումը։ Խմբավորումը ղեկավարում է Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին, որի մարտական կեղծանունն էր Ահմեդ Հուսեյն ալ-Շարա։ Նա երկարամյա մարտիկ է, որը կռվել է ամերիկյան ուժերի դեմ Իրաքում 2003-ի ներխուժումից հետո։ Ջոլանին կիրակի այցելել է Դամասկոս՝ ապստամբների հաղթանակից և Ասադի տապալումից հետո։

Մինչև ապստամբական առաջխաղացումը, ՀԹՇ-ի հենակետը հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգն էր, որտեղ այն ղեկավարում էր իր «Փրկության կառավարության» միջոցով։ «Փրկության կառավարությունը» ձևավորվել էր 2017-ին՝ իսլամիստական մի քանի զինված խմբավորումների միաձուլման արդյունքում՝ ՀԹՇ-ի ստեղծումից հետո։ Այդ միաձուլմանը նախորդել է ՀԹՇ-ի նախորդի՝ Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի անջատումը ալ-Քաիդայից 2016-ին։ ՀԹՇ-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Թուրքիայի և այլոց կողմից։

Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներ

Թուրքիան աջակցում է ՍԱԲ-ի կազմում գտնվող ապստամբական խմբավորումներին։ Խմբավորումները վերահսկում են Սիրիայի հյուսիսային՝ թուրքական սահմանին մոտ գտնվող հատվածները, այդ թվում՝ Աֆրինը, Սուլուկը և Ռաս ալ-Էյնը։ ՍԱԲ-ը գրավել է այս տարածքները 2018 և 2019 թվականներին քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերից» (ՍԴՈւ)։

ՍԴՈւ

ՍԴՈւ-ն հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի զինված ուժերն են։ Ժողովրդական պաշտպանության ջոկատները՝ քրդական զինված խմբավորումը, գերիշխող ուժն է ՍԴՈւ-ի կազմում, թեև կան նաև արաբ, քրիստոնյա և այլ համայնքների ներկայացուցիչ մարտիկներ։ ՍԴՈւ-ն վերահսկում է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան մեծ հատվածներ, այդ թվում՝ Ռաքքա և Հասակա քաղաքները, վարչական կենտրոն Ղամիշլին և Դեյր էզ-Զոր նահանգի որոշ մասեր։

Թուրքիան ՍԴՈւ-ն համարում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղը, թեև ՍԴՈւ-ն հերքում է դա։

ՍԴՈւ-ի և ՍԱԲ-ի միջև հակամարտությունը շարունակվում է, և կիրակի դեռ ընթանում էին բախումներ Մանբիջ քաղաքի համար։ Անցյալ շաբաթ ՍԱԲ-ը ՍԴՈւ-ից գրավել է Հալեպի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաաթը։

ՍԴՈւ զինյալները ուրբաթ մտել են Դեյր էզ-Զոր քաղաք։ Կիրակի ապստամբական խմբավորումները հայտնեցին, որ իրենք ևս մտել են քաղաք։

ՍԴՈւ-ի քաղաքական թևը կիրակի «սրտագին շնորհավորանքներ» է հայտնել սիրիացի ժողովրդին Ասադի ռեժիմի ավարտի կապակցությամբ և խոստացել համագործակցել երկրի տարբեր խմբավորումների հետ։

«Մենք կհամագործակցենք սիրիական բոլոր ազգային, մշակութային և հասարակական ուժերի հետ՝ ազգային երկխոսության մեջ ներգրավվելով և ստանձնելով մեր պատասխանատվությունը՝ կառուցելու նոր Սիրիա, որը ներառական կլինի իր բոլոր քաղաքացիների համար»,- ասված է Սիրիական դեմոկրատական խորհրդի հայտարարության մեջ։

Ռուսաստան

Ռուսաստանը ծովային բազա ունի Տարտուսում, ինչպես նաև ավիաբազա՝ Հմեյմիմում, որոնք երկուսն էլ Սիրիայի միջերկրածովյան ափին են։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել է, որ իր բազաները գտնվում են «բարձր պատրաստվածության վիճակում […], ներկայում դրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա»։

ԱԳՆ-ն հայտարարության մեջ հաստատել է, որ Ասադը լքել է Սիրիան և նշել, որ Ռուսաստանը «կապ է պահպանում սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ»։ Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի մեծ մասի ընթացքում աջակցել է Ասադի ուժերին ապստամբական խմբավորումների դեմ պայքարում։

ԱՄՆ

Հյուսիսարևելյան Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինծառայող կա, որտեղ նրանք ՍԴՈւ-ին օգնում են պայքարել Իսլամական պետության դեմ։ Միացյալ Նահանգներն ունի լրացուցիչ բազա ալ-Թանֆում՝ հարավում, որը Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ է։

Հարավային խմբավորումներ

Հարավային Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ օգնել են տարածքից դուրս մղել կառավարական ուժերին։ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է, որ «տեղական խմբավորումները» ուրբաթ գրավել են Դարաա նահանգի մեծ մասը, ինչպես նաև հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա նահանգը։

Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ իսրայելական բանակին հրամայել է մտնել Գոլանի բարձունքների բուֆերային գոտի, քանի որ սիրիական բանակն այնտեղի դիրքերը լքել է։ Գոտին Իսրայելի և Սիրիայի միջև ստեղծվել է 1974-ի զինադադարի համաձայնագրով։

Իսրայելը Գոլանի բարձունքների մեծ մասը Սիրիայից գրավել է 1967-ի պատերազմում և բռնակցել է տարածքը 1981-ին։

Կիրակի ավելի ուշ իսրայելական բանակի խոսնակ Ավիխայ Ադրայեն Քունեյտրայի և սահմանին մոտ Սիրիայի այլ հատվածների բնակիչներին նախազգուշացրել է մնալ տանը՝ նշելով, որ այնտեղ իրավիճակը  բանակին «ստիպում է» գործել։

Իշխանության անցում

Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին կիրակի տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ մնալու է Սիրիայում և որ երկրի հաստատությունները «պատկանում են բոլոր սիրիացիներին»՝ աջակցություն հայտնելով իշխանության անցմանը։

«Այս երկիրը կարող է լինել նորմալ երկիր, երկիր, որը լավ հարաբերություններ է կառուցում իր հարևանների և աշխարհի հետ՝ առանց տարածաշրջանային որևէ դաշինքների մեջ մտնելու։ Բայց մենք այս հարցը կթողնենք ցանկացած նոր ղեկավարության, որը կընտրվի սիրիացի ժողովրդի կողմից»,- ասել է Ջալալին։

Ջալալին վարչապետ է նշանակվել Ասադի կողմից սեպտեմբերին՝ կառավարության վերակազմավորման ժամանակ։ Նախկինում՝ 2014-2016 թվականներին, նա եղել է հաղորդակցության նախարար։ Ջալալին 2014-ից Եվրոպական միության պատժամիջոցների տակ էր՝ քաղաքացիների ճնշման մեջ իր ենթադրյալ դերի համար։

Կիրակի հայտարարության մեջ Ջոլանին ասել է, որ մարտիկներին արգելված է մտնել պետական հաստատություններ՝ նշելով, որ դրանք կմնան Ջալալիի «վերահսկողության տակ» մինչև «պաշտոնական հանձնումը»։

Կիրակի սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ապստամբ մարտիկները ուղեկցում Ջալալիին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում