2020-ի պարտության կիսապատասխան հարցերը

Հոդվածը լույս է տեսել «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում, որը հրատարակել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնությամբ և ծախքով։
Ինչո՞ւ Հայաստանը 2020-ի Ղարաբաղյան պատերազմում այդքան ծանր պարտություն կրեց, ինչին հաջորդած ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներն ի վերջո հանգեցրին Արցախի շրջափակմանը, կորստին ու էթնիկ զտմանը։ Այս մեծ հարցի պատասխանը ստանալու և հայկական կողմի աղետալի ձախողումները բացատրելու համար բազմաթիվ հարցերի է պետք պատասխանել՝ ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, հասարակական, կառուցվածքային և այլն։
Անցած չորս տարիների ընթացքում մի շարք փորձագիտական խմբեր կամ անհատ հետազոտողներ իրենց ուսումնասիրություններում տարբեր անկյուններից արծարծել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառներն ու հարցերը։ Առաջին նման փորձը 2021-ի մայիսին լրագրող, հետազոտող Սիմոն Սարաջյանի նախաձեռնությամբ փորձագիտական խմբի հրապարակած հարցաշար-զեկույցն էր, որը վերնագրված էր «Հայաստանի պարտության պատճառները 2020-ի պատերազմում»։ Այն հարցադրումների շարք է ներկայացնում 1994-ի զինադադարից մինչև պատերազմի մեկնարկն ընկած փուլի, ինչպես նաև 2020-ի բուն պատերազմի՝ սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ։ Զեկույցը հրատապ էր համարում պատերազմի պատճառների փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ զգուշացնելով, որ «բարձրացված հարցերն անտեսելը կամ հետաձգելը կնշանակի համակերպվել այն վտանգի հետ, որ կախված է մնալու հայոց պետականության վրա»։
Ահավասիկ, 2022-ի փետրվարին Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հայաստանի քաղաքական բևեռացվածության և ընդհանուր ցածր վստահության պայմաններում այդ հանձնաժողովը, ցավոք, չկարողացավ բացահայտել 44-օրյա պատերազմի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, կառուցվածքային ու այլ պատճառների ամբողջական պատկերը։
2020-ի պարտությունից հետո հայ ժողովուրդը 2023-ի սեպտեմբերին վերապրեց 1915-ի ցեղասպանությունից հետո իր ամենամեծ ազգային ողբերգությունը՝ Արցախի կորուստն ու էթնիկ զտումը, որին նախորդել էր երկրամասի շուրջ տասնամսյա շրջափակումը։ Ըստ էության, 2023-ի հարձակմամբ ու էթնիկ զտմամբ Ադրբեջանն ավարտեց 2020-ի՝ ինչպես պատմաբան-սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանն է բնորոշում՝ «միջանկյալ թերհաղթանակը» (Георгий Дерлугьян, Мировая война меснтного значения, в книге “Буря на Кавказе”, под редакцией Руслана Пухова, Центр анализа стратегий и технологий, Москва, 2021)։
Հայկական վերնախավը՝ քաղաքական ներկապնակն իր ամբողջության մեջ, ոչ միայն չկարողացավ գնահատել 2020-ի պատերազմին հանգեցրած պատճառները ու փոփոխված իրողությունները, այլև անհեռատես եղավ պատերազմին հաջորդած իրողությունները հասկանալու առումով՝ աշխարհաքաղաքական տեկտոնիկ ցնցումների բոհում, որին հանգեցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ներքաղաքական մանր խնդիրները հաճախ գերադասվեցին ազգային առաջնահերթություններից՝ քավության նոխազների փոխադարձ որոնումներով։
Ու թեև հայկական քաղաքական վերնախավերը (թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի) չկարողացան պատշաճ դասեր քաղել 2020-ի պարտությունից՝ խմբային և անհատական մի շարք նախաձեռնություններ փորձեցին լրացնել այդ բացը։
Այդպիսի փորձ էր նաև Ժիրայր Լիպարիտյանի, Ռոբերտ Այտապիրեանի և Թալին Փափազյանի հեղինակած «Սպիտակ թուղթ․ 2020-ի Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին և անվտանգության քաղաքականությունը» զեկույցը, որ հրապարակվեց 2021-ի հունիսին։
2020-ի պատերազմին հանգեցրած ռազմաքաղաքական գործոնները, բուն պատերազմի ընթացքում մարտական գործողությունները վերլուծելու մեկ այլ փորձ է Մոսկվայի կառավարամերձ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի՝ 2021-ի ամռանը լույս ընծայած «Փոթորիկ Կովկասում» վերնագրով հոդվածների ժողովածուն՝ կենտրոնի տնօրեն, ռազմական վերլուծաբան Ռուսլան Պուխովի խմբագրությամբ։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2022-ի ամռանը (Newmag)։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մարտական գործողությունների վերլուծությանն է նվիրված ամերիկացի զինվորական և ռազմական պատմաբան Ջոն Անթալի «Յոթ վայրկյան մեռնելու համար» գիրքը, որը լույս է տեսել 2022-ի փետրվարին (John Antal, 7 Seconds to Die: A Military Analysis of the Second Nagorno-Karabakh War and the Future of Warfighting, Casemate Publishers, Philadelphia & Oxford, 2022)։
Հայկական բանակի կառուցվածքային խնդիրներին է անդրադարձել ռազմական փորձագետ և զինվորական Ժիրայր Ամիրխանյանն իր «Նորարարությանն անընդունակ․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը» աշխատանքում (Zhirayr Amirkhanyan, A Failure to Innovate: The Second Nagorno-Karabakh War, US Army War College Press, 2022)։
Քաղաքագետ Արման Գրիգորյանն իր «Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դեպքը» վերնագրված աշխատանքում ընդգծում է պարտության քաղաքական պատճառները, 2018-ի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժի քայլերը (Arman Grigoryan, Revolutionary Governments, Recklessness, and War: The Case of the Second Karabakh War, 2022)։
Հայաստանի հեղափոխական կառավարության արտաքին քաղաքականության մասին են գրում Հովհաննես Նիկողոսյանը և Վահրամ Տեր-Մաթևոսյանը ««Հեղափոխությունից» մինչև պատերազմ։ Վերծանելով Հայաստանի պոպուլիստական արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացը» հոդվածում (Hovhannes Nikoghosyan & Vahram Ter-Matevosyan. “From ‘Revolution’ to War: Deciphering Armenia’s Populist Foreign Policy-Making Process,” Southeast European and Black Sea Studies 23, 2022)։
«Տեխնոլոգիական դետերմինի՞զմ, թե՞ ռազմավարական առավելություն։ Համեմատելով Ղարաբաղյան երկու պատերազմները» հոդվածում Վիգէն Չըթըրեանն էլ անդրադառնում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անօդաչու թռչող սարքերի ու ժամանակակից սպառազինության դերին՝ կենտրոնանալով, սակայն, սոցիալական համատեքստի ու բանակների և հասարակությունների միջև հարաբերությունների ուսումնասիրության վրա (Vicken Cheterian, “Technological determinism or strategic advantage? Comparing the two Karabakh Wars between Armenia and Azerbaijan”, Journal of Strategic Studies, 2022)։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, պարտության քաղաքական և ռազմական պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերությունների ավելի լայն համատեքստը հասկանալու խմբային հերթական ջանքը Վիգէն Չըթրեանի ընդհանուր խմբագրությամբ հայ, ադրբեջանցի, թուրք և այլ հեղինակների հոդվածների ժողովածուն է, որը տպագրելու է բրիտանական I.B. Tauris հրատարակչատունը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ։
Իսկ այս գիրքը, որը լույս է տեսնում հոդվածների վերոնշյալ ժողովածուից առանձին, կենտրոնանում է 2020-ի պատերազմի ռազմական կողմի վրա։
Հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը ներկայացնում է 2020-ի պատերազմի 44 օրերի ռազմական ժամանակագրությունը, որը ցույց է տալիս այդ օրերին ռազմի դաշտում խորացող անհաջողություններն ու դրա հակադարձ քարոզչությունը Հայաստանի և Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Այս աշխատանքը մեծապես կարող է օգնել հետազոտողներին ստանալու ընդհանուր պատկերը և խորանալու առանձին դրվագների մեջ։
Այս գրքի առանցքային աշխատանքը Վիգէն Չըթըրեանի ամփոփ հոդվածն է, որը նա պատրաստել է 2020-23 թվականների իրադարձություններին անմիջական մասնակցություն և/կամ փորձառություն ունեցած հայաստանցի և արցախցի 30 քաղաքական, ռազմական գործիչների ու փորձագետների հետ 34 հարցազրույցների հիման վրա։ Հարցազրույցներն անցկացվել են 2024-ի մայիսին Երևանում և կենտրոնացել 2020-ի պատերազմի մարտական գործողությունների խնդիրների վրա։ Հետաքննող լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը և Հայկ Ղազարյանն օժանդակել են հարցազրույցների անցկացմանը՝ նախապես պատրաստված հարցաշարով։
Հարցազրույցների հիման վրա Չըթըրեանն իր ամփոփիչ հոդվածում փորձում է ուրվագծել այն իրավիճակը, որի պայմաններում տեղի ունեցավ 2020-ի պատերազմը; Հայաստանի ղեկավարության ռազմավարական մտածողությունը; պատերազմի երկարատև նախապատրաստությունն ու դրա սահմանափակումները; պատերազմի վերաճելու հանգամանքներն ու պատճառները և հայկական զինված ուժերի՝ ադրբեջանական հարձակումը պատշաճ դիմագրավելու անկարողությունը։ Հոդվածում անդրադարձ կա նաև 2020-ի պարտությունից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածին, որն ավարտվեց Արցախի անկմամբ ու նրա հայ բնակչության էթնիկ զտումով։ Հաջորդ բաժնում ներկայացված հարցերի զգալի մասը բարձրացվել է հարցազրույցներում։
Հարցեր 44-օրյա պատերազմի սկզբնապատճառների և ընթացքի վերաբերյալ
Այստեղ ներկայացված հարցերի շրջանակը, որն ամենևին չի հավակնում լինել ամբողջական և համապարփակ, կարևոր է ոչ միայն հետազոտողների, այլև նախևառաջ Հայաստանի քաղաքական հետագա ուղեգծի պատասխանատուների համար։
2020-ի պատերազմի մարտական գործողությունները հնարավոր չէ հստակ տարանջատել այդ օրերի և դրան նախորդած քաղաքական ու ռազմական ժամանակագրությունից, ուստի այս հարցերի շրջանակը նպատակ ունի օգնել վերհանելու պատերազմի նախընթաց ռազմական խնդիրները, 44-օրյայի ընթացքում մարտական գործողությունների դրվագները և ընդհանուր պատերազմավարման խնդիրները։
Թեև պատերազմի մեկնարկը համարվում է սեպտեմբերի 27-ը, սակայն պատերազմի միայն 44 օրերի դիտարկումը չի կարող տալ ամբողջական պատկեր։ Հետևապես, շարքում ընդգրկված են հարցադրումներ, որոնք վերաբերում են նաև պատերազմին նախորդած ժամանակահատվածին։
Նախապատերազմյան շրջան
- Որքանո՞վ է հայկական բանակը պատրաստ եղել դիմակայելու տեխնիկապես ավելի լավ զինված և հագեցած ադրբեջանական բանակին։ Ի՞նչ դասեր են քաղվել նախընթաց երկու տասնամյակում ադրբեջանական բանակի սպառազինությունների ձեռքբերումից ու զինված ուժերի բարեփոխումներից։
- Ի՞նչ դասեր է քաղել հայկական կողմը 2016-ի ապրիլյան մարտերից, երբ Ադրբեջանն առաջին անգամ լայնածավալ օգտագործեց անօդաչու թռչող սարքեր։ Ինչո՞ւ հայկական բանակը առաջնահերթություն չի տվել ԱԹՍ-ներին կամ դրանց հակազդմանը։
- 2016-ի քառօրյա մարտերի ժամանակ Արցախում իրականացված մասնակի զորահավաքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին ի հայտ եկել, օրինակ` մոբիլիազացված անձնակազմը հաճախ չէր ենթարկվում սպաներին, կար հաղորդակցության խնդիր հրամանատարության և տարբեր ստորաբաժանումների միջև: Որքանո՞վ են նման խնդիրներ եղել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչո՞ւ։
- Ինչո՞ւ է հայկական կողմը սպառազինությունների ձեռքբերման խնդրում գլխավորապես ապավինել ռուսականին։ Որքանո՞վ են բազմազանեցված եղել Հայաստանի կողմից սպառազինության ներկրումները։
- Ի՞նչ սպառազինություններ են ձեռք բերվել պատերազմից առաջ։ Ինչպե՞ս է որոշվել այս կամ այն տեսակի սպառազինության ձեռքբերումն ու առաջնահերթությունը։
- Որքանով են զորքերը պատրաստ եղել մարտական գործողություններին։ Ինչպե՞ս են անցկացվել զորավարժությունները պատերազմից առաջ։
- Ի՞նչ խնդիրներ է ստեղծել 2020-ի Covid-19 համավարակի կարանտինը զորքերի մարտական պատրաստության առումով։
- Ինչո՞ւ պատերազմից առաջ ռեզերվային զորամասերը նախապես չեն զբաղեցրել իրենց ելման բնագծերը։ Ինչո՞ւ պաշտպանական որոշ շրջաններ պահպանությունից անցել են պաշտպանության, իսկ որոշները՝ ոչ։
- Տեղեկություններ կան, որ ՊԲ-ն հականտանկային «Корнет» համակարգեր էր ստացել, որոնք պահվում էին պահեստում/պահեստներում։ Զորամասի հրամատարների մի մասը պահեստներից այն ընդունել էր, մի մասը՝ ոչ։ Ինչո՞ւ պատերազմից առաջ նման կարևոր զինատեսակների հանձնում-ընդունումը պատշաճ ժամանակահատվածում չի իրականացվել։
- Հայտնի է, որ 44-օրյայի ժամանակ հակառակորդը խոցել է զինապահեստ Այգեստան (Բալուջա) գյուղի մոտ՝ շարքից հանելով կարևոր մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ «Корнет»։ Ինչո՞ւ պատերազմից առաջ կամ ընթացքում այդ պահեստը/պահեստները չեն տեղափոխվել այլ վայրեր։ Պատերազմի ընթացքում ստացված նոր սպառազինությունը այդ նույն պահեստներում տեղավորվե՞լ է արդյոք։
- Ադրբեջանը կարևոր տեղեկություններ էր ստացել նաև լրտեսների միջոցով։ Նրանցից մի մասը ծառայում էր զինված ուժերում։ Ո՞ւմ կամ ո՞ր կառույցի թերացումն է սա։
2020-ի հուլիսյան մարտեր
- Ինչո՞ւ 2020-ի հուլիսին Տավուշի սահմանագոտում տեղի ունեցան մարտեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ո՞րն էր հայկական կողմի հիմնական խնդիրն այդ մարտերում։ Ո՞ր կողմն սկսեց դրանք և ինչո՞ւ։
- Մարտավարական և ռազմավարական ի՞նչ խնդիր լուծվեց այդ մարտերի արդյունքում։ Որքանո՞վ այդ մարտերը արագացրին լայնածավալ պատերազմի բռնկումը։
- Մարտական ի՞նչ դասեր քաղեց (կամ չքաղեց) հայկական կողմն այդ բախումներից։
- Որքանո՞վ հուլիսյան մարտերն ազդեցին պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը՝ թե՛ սպառազինությունների և վարձկանների մատակարարման, թե՛ բուն մարտական գործողությունների ղեկավարմանը մասնակցության առումով։
- Պատերազմի ընթացքի և ելքի վրա ի՞նչ և ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Թուրքիայի ռազմական և քաղաքական ներգրավվածությունը։ Որքանո՞վ էր հայկական կողմը պատրաստ Թուրքիայի լայնածավալ ներգրավվածության սցենարին։ Եթե պատրաստ չէր, ապա ինչու։
Պատերազմի սկիզբ և ընթացք
- Ինչպե՞ս է աշխատել հետախուզությունը և արդյոք տեղեկություններ հաղորդե՞լ է վերահաս հարձակման մասին։ Որքանո՞վ է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ գնահատել պատերազմի բռնկման հնարավորությունը։
- Որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ եղել 2020-ի սեպտեմբերի 27-ի հարձակմանը։
- Հավաստի տեղեկություններ կան, որ պատերազմի հենց սկզբում ոչնչացվել է Արցախում գտնվող հայկական ՀՕՊ-ի ու հրետանու էական մասը։ Ինչո՞ւ հնարավոր չի եղել խուսափել ահռելի նման կորստից։ Որքանո՞վ են քողարկված/պաշտպանված եղել հրետանային և ՀՕՊ միջոցները։
- Հավաստի պնդումներ կան, որ հայկական «Оса» ՀՕՊ համակարգերի մեծ մասը խոցվել է պատերազմի առաջին ժամերին կամ օրը։ Ինչո՞ւ «Оса»-ները չեն հանվել մշտական տեղաբաշխման վայրերից։
- Պատերազմի առաջին օրը Արցախում խոցվել է նաև հայկական «C-300» զենիթահրթիռային համալիրներից մեկը։ Ինչո՞ւ այն պատշաճ չի պատսպարվել ՀՕՊ միջոցներով։
- Որքանո՞վ են նախնական կորուստները (օրինակ՝ ՀՕՊ-ի և հրետանու) ազդել պատերազմի հետագա ընթացքի վրա։
- Որքանո՞վ է հայկական ՀՕՊ-ը արդյունավետ եղել ԱԹՍ-ների դեմ։ Հատկապես ՀՕՊ ո՞ր համակարգերն են եղել արդյունավետ կամ ոչ արդյունավետ։
- «Тор» զենիթահրթիռային համալիրները արդյունավետ են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչո՞ւ են դրանք սահմանափակ քանակությամբ ձեռք բերվել։
- Ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է ընդունվել հոկտեմբերի 6-7-ին Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման որոշումը։ Ինչո՞ւ է գործողությունը ձախողվել և ի՞նչ ազդեցություն է դա ունեցել հետագա մարտերի վրա։
- Ինչո՞ւ հայկական կողմը տարբեր ուղղություններով չէր հարձակվում, երբ հակառակորդի ուշադրությունը կենտրոնացած էր հարավի/Ջաբրայիլի ուղղությամբ։ Օրինակ՝ ինչո՞ւ գործողություններ չձեռնարկվեցինն հյուսիսից ու արևելքից՝ Քարվաճառից, Հաթերքից, «Եղնիկներից» կամ Ասկերան/Աղդամից։
- Ինչո՞ւ հակառակորդին հաջողվեց ճեղքումը զարգացնել հարավում, մինչդեռ ճակատի այլ մասերում նրա հաջողությունները սահմանափակ էին։ Դա Ադրբեջանի նախնական պլա՞նն էր, թե՞ հարավում հայկական կողմի խոցելիության և Ջաբրայիլի ձախողված գործողության հետևանքը։
- Հոկտեմբերի 7-ի հակահարձակման ժամանակ ստեղծվե՞լ էր արդյոք պատսպարման գոտի՝ ՀՕՊ միջոցներով։
- Ի՞նչ հետևություն է արել հայկական բանակը Ջաբրայիլի ձախողված գործողությունից և ինչպե՞ս է դա ազդել նրա հետագա մարտավարության վրա։ Հայկական կողմն անցա՞վ արդյոք բնագծերով պաշտպանական ամրություններ ստեղծելուն։ Եթե այո, ապա ինչպես։ Եթե ոչ, ապա ինչու։
- Ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Հադրութի անկումը։ Որքանո՞վ են հայկական ուժերը արդյունավետ եղել ինքնապաշտպանական գործողություններում։
- Ո՞վ, ի՞նչ հանգամանքներում, հետախուզական ի՞նչ տվյալների և ի՞նչ գնահատականների հիման վրա է որոշում ընդունել հոկտեմբերի 21-ին Զանգելանի ուղղությամբ հարձակման համար։
- Ինչպե՞ս է կազմակերպվել Շուշիի պաշտպանությունը։ Մարտավարական և ռազմավարական ի՞նչ ձախողումներ են եղել։
- Ինչո՞ւ է Շուշիի պաշտպանությունը կազմակերպվել տարբեր՝ չներդաշնակված ուժերով (օրինակ՝ Հադրութի զորամասի նորակոչիկներ, «ՑՕՐ»-ի հակատանկայիններ, ոստիականական ուժեր) և ոչ թե, օրինակ, ՀՀ ԶՈՒ առաջին կորպուսի ուժերով։
- Ինչո՞ւ այդպես էլ չի կայացել Սղնախի օպերացիան։
- Ի՞նչ գործողություններ են եղել Շուշին վերադարձնելու համար նոյեմբերի 8-ին և 9-ին։
- Ո՞վ էր պատասխանատու Շուշիի պաշտպանության համար։
- Որքա՞ն խելամիտ էր, առհասարակ, կազմակերպել Շուշիի պաշտպանությունը։ Որքա՞ն երկար կարող էր պաշտպանվել Շուշին, որտեղ ադրբեջանցիները ռազմաբազա էին ստեղծել։
- Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների վայրից զանգվածային փախուստի ի՞նչ դեպքեր են եղել։ Ո՞ւմ և ի՞նչ թերացումների պատճառով են եղել փախուստի դեպքերը։
- Ինչո՞ւ էր ՊԲ-ն տարբեր ուղղություններում բնագիծ պահպանում (Ֆիզուլի, Կարախանբեյլու, Ջաբրաիլի ուղղություն), երբ հակառակորդն այդ ուղղություններից վաղուց թափանցել էր թիկունք ու առաջանում էր դեպի Շուշի։ Եթե այդ ուղղություններից որևէ գործողություն չէր նախատեսվում, ինչո՞ւ էր զորքը պահվում այնտեղ։
- Ինչու՞ Հայաստանը մինչև պատերազմի մեկնարկը չէր ականապատել շփման գծից թիկունք ընկած տարածքները։ Ինչո՞ւ պատերազմի ժամանակ չէին ականապատվում տարածքները հարավում նահանջին զուգահեռ։
- Ինչո՞ւ և մարտական ի՞նչ հաջողությունների համար են պատերազմի ընթացքում որոշ զինվորականներ ստացել ազգային հերոսի կոչումներ։ Օրինակ, գեներալներ Տիրան Խաչատրյանը և Անդրանիկ Փիլոյանը Հայաստանի վարչապետի կողմից արժանացան այդ կոչմանը հոկտեմբերի 20-ին, երբ նրանց ղեկավարած ուղղություններում ձախողումներ էին գրանցվել։
Ռազմական ղեկավարում և որոշումների կայացում
- 44-օրյա պատերազմի կարևոր խնդիրներից մեկն առհասարակ Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգերի արդյունավետությանն է վերաբերում։ Որքանո՞վ է պետությունը պատերազմի ժամանակ ի վիճակի եղել ամբողջովին անցնելու մարտական ռելսերի։
- Ինչպե՞ս է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը տեղեկատվություն ստացել Արցախում մարտական գործողությունների ընթացքի մասին, ինչպե՞ս են այդ տեղեկություններն ազդել որոշումների վրա։
- Որքանո՞վ են բանակի ղեկավարության որոշումները հիմնված եղել մարտադաշտում օպերատիվ տեղեկատվության վրա։ Որքանո՞վ են դաշտային հրամանատարները ինքնուրույն եղել իրավիճակից բխող գործողությունների հարցում։
- Ինչո՞ւ պատերազմի ամբողջ ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չայցելեց Արցախ։
- Ովքե՞ր են եղել Արցախում բանակի ղեկավարման կետում։ Կողմնակի մարդկանց առկայությունը որքանո՞վ և ինչպե՞ս է ազդել մարտական գործողությունների ղեկավարման վրա։ Ո՞վ կամ ովքե՞ր են թերացել ղեկավարման կետում կարգապահությունը երաշխավորելու հարցում։
- Որքանո՞վ է արդյունավետ եղել հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը պատերազմի ժամանակ, օրինակ՝ ՀՕՊ-ի և ավիացիայի։
- Որո՞նք էին Հայաստանի կապի և հաղորդակցության համակարգերի հիմնական թերությունները:
- Ինչո՞ւ մինչև պատերազմի վերջը հայկական հրետանային միջոցները շարունակեցին տեղակայվել միասին՝ դասական սխեմայով, այլ ոչ թե առանձին։
- Ինչու՞ պատերազմի սկզբում կորսված տարածքներում չմնացին հայկական հատուկ նշանակության թաքնված խմբեր՝ հակառակորդի թիկունքային ապահովումը չեզոքացնելու համար։
- Ինչո՞ւ հայկական կողմը չկարողացավ արդյունավետ դիմակայել Ադրբեջանի էլեկտրոնային պատերազմի միջոցներին, որոնք խաթարում էին հայկական ՀՕՊ-ը և կապը։
- Ո՞ւր էին «Верба» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, որոնց ձեռքբերման մասին պաշտոնապես հայտարարվել էր 2017-ին։
Զորքերի համալրում և թիկունքային ապահովում
- Ինչպե՞ս և ի՞նչ ծավալներով է իրականացվել զորահավաքը։
- Ինչո՞ւ զորակոչի հայտարարումից մի քանի օր անց Հայաստանում կասեցվեց այն։
- Ինչո՞ւ Արցախում զորակոչը ոչ պատշաճ մակարդակով է իրականացվել, մասնավորապես՝ Ստեփանակերտում և Ասկերանում։
- Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիների տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ մտցվեցին միայն հոկտեմբերի 15-ին։
- Ինչպե՞ս է գործել Արցախի պարետը։ Ինչպե՞ս են կանխվել կամ կանխվե՞լ են արդյոք դասալքության և զորակոչից խուսափելու դեպքերը։
- Ինչպե՞ս է կազմակերպվել պահեստազորի ներգրավումը մարտական գործողություններում։ Ի՞նչ դեր է ունեցել պահեստազորը պատերազմի ժամանակ։
- Ինչպե՞ս է կամավորականությունը պատերազմի ժամանակ ներգրավվել մարտական գործողություններում։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել կամավորականների ներգրավումը բանակի մարտունակության վրա։
- Ինչո՞ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին կոչ արեց կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ և մեկնել առաջնագիծ։ Դա տարերային հայտարարությո՞ւն էր, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված պլան։
- Ինչպե՞ս է իրականացվել զորքերի համալրումը, օրինակ՝ 9-րդ պաշտպանական շրջանում, որտեղ եղավ ռազմաճակատի ճեղքում։
- Պատերազմի ընթացքում ինչպե՞ս է լուծվել ռազմական մատակարարումների խնդիրը։ Ի՞նչ խոչընդոտներ են եղել և որքանո՞վ են դրանք հաշվարկված եղել հայկական կողմի համար։
- Որո՞նք էին Հայաստանի ռազմական լոգիստիկ համակարգի խնդիրները, ինչո՞ւ էր հատկապես պատերազմի երկրորդ կեսին մատակարարումը թերի:
- Ինչո՞ւ հայկական վերահսկողության տարածքում թեթև խոցված հայկական տեխնիկան, այդ թվում՝ թանկարժեք տանկերը արդյունավետ չէին քարշակվում թիկունք։ Դա հրամանատրմա՞ն, թե՞ ինժեներական զորքերի թերացումն էր։
- Որքանո՞վ է հնարավոր և արդյունավետ եղել Հայաստանի տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը մարտական գործողությունների շրջաններ։ Ի՞նչ խոչընդոտներ և ի՞նչ թերացումներ են եղել այդ առումով։
- Ի՞նչ սպառազինություններ են ձեռք բերվել պատերազմի ընթացքում։
- Ինչպե՞ս են ձեռք բերված զենքերը տեղափոխվել Հայաստան։ Ի՞նչ խոչընդոտներ են եղել։
- Ինչո՞ւ մարտադաշտում անմիջապես գործող առաջնային ստորաբաժաննումները համալրված չէին ջերմատեսիլ նշանոցներով։
- Ինչո՞ւ զորքերն ամբողջությամբ համալրված չէին անհատական զրահաբաճկոններով, սաղավարտներով և առաջին բուժօգնության դեղատուփերով։
Զինատեսակների կիրառում
- Որքանո՞վ է ռուսական/խորհրդային սպառազինությունը օգնել դիմակայելու ադրբեջանական հարձակմանը։ Ի՞նչ զինատեսակների կարիք է ունեցել հայկական բանակը։
- Ի՞նչ զինատեսակներ են եղել հայկական բանակում, որոնց ամբողջական կիրառման իրավունք հայկական կողմը չի ունեցել, ինչպես ավելի ուշ պնդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- Որքանո՞վ է հայկական կողմն անկաշկանդ եղել օգտագործելու ռուսական որոշ զինատեսակներ, օրինակ՝ «Искандер» հրթիռները։ Ինչո՞ւ են դրանք օգտագործվել պատերազմի վերջում և ոչ թե սկզբում։
- Ինչո՞ւ չեն թիրախավորվել ադրբեջանական կարևոր ռազմական ենթակառույցներ, օրինակ՝ ԱԹՍ-ների թռիչքուղիները։
- Մարտավարական կամ ռազմավարական ի՞նչ խնդիր էր լուծելու Գյանջայի թիրախավորումը։ Ինչո՞ւ է հայկական կողմը հայտարարել, թե Գյանջայի օդանավակայանին է հարվածել, մինչդեռ հարվածը այլ ուղղությամբ էր։
- Հնարավո՞ր էր, արդյոք, առկա զենքով ավելի արդյունավետ պաշտպանություն կազմակերպել։
- Ինչո՞ւ էին հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումներում պակասում էժան և արդյունավետ քաղաքացիական կվադրոկոպտերները, որոնք թույլ կտային տակտիկական մակարդակում որոշակի խնդիրներ լուծել։
- Ո՞րն էր էլեկտրոնային պատերազմի «Репеллент», «Автобаза» և հայկական նորագույն այլ ՌԷՊ համակարգերի՝ անօդաչուների դեմ պայքարում ձախողման պատճառը։
- Ինչպե՞ս բացատրել հայկական թանկարժեք ՀՕՊ համակարգերի անպաշտպանությունը հակառակորդի «Harop» կամիկաձե ԱԹՍ-ների դեմ։ Ինչու՞ ՀՕՊ համակարգերին չէին պաշտպանում զինված ուժերում առկա զենիթա-հրանոթային և խոշորատրամաչափ գնդացիրներերով համալրված կայանքները։
Պատերազմի ավարտ և հետևանքներ
- Ինչո՞ւ պատերազմի ընթացքում հրադադարի հաստատման մի քանի փորձերը ձախողվեցին։ Որքանո՞վ են Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումները բխել մարտադաշտում առկա իրավիճակի տրամաբանությունից։
- Ինչո՞ւ պատերազմի ավարտին տեղի ունեցավ Արցախի բնակչության տարհանում։ Ո՞վ կամ ո՞ր մարմինն է եղել այդ որոշման հեղինակը։ Ի՞նչ տրամաբանություն է եղել այդ որոշման հիմքում։
* * *
2020-ի պատերազմից չորս տարի անց Հայաստանն իսկապես գոյութենական մարտահրավերների առաջ է։ Կորսված է Արցախը՝ Երրորդ Հանրապետության քաղաքական ինքնության հիմնասյուներից մեկը։ Փլուզված է անվտանգության ճարտարապետությունը՝ առանց կենսունակ այլընտրանքների, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը էլ ավելի խոցելի է դարձրել Հայաստանի՝ առանց այն էլ թուլացած անվտանգությունը։ Այս ամենին գումարվում է հայ հանրության ու քաղաքական վերնախավերի խոր բևեռացվածությունն և անցյալի ու ներկայի խնդիրները անաչառ քննելու, վերլուծելու և դասեր քաղելու անկարողությունը։
Պատերազմի՝ գլխավորապես ռազմական և մարտական հարցերին վերաբերող այս հարցաշարը հուշում է, թե որքան բազմաշերտ ու բազմագործոն է եղել հայկական կողմի պարտությունը։
Հարցերի նպատակը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ 44-օրյա պատերազմի ամբողջական պատկերն ուրվագծելը: Իսկ պատասխանների որոնումը թույլ կտա թեկուզ ուշացած, բայց դասեր քաղել։
Տեղադրություն
Կարեն Հարությունյան









