Գլխավոր Լրահոս

«Նորքի այգիների» գործով դատախազությունը 16 դեպքով 21 հայց է ներկայացրել դատարաններ

«Նորքի այգիների» գործով դատախազությունը 16 դեպքով 21 հայց է ներկայացրել դատարաններ

Գևորգ Թոսունյան

Գլխավոր դատախազությունը «Նորքի այգիներ» պայմանական անունը կրող քրեական գործով արձանագրված 16 դեպքերով ներկայացրել է 21 հայց, որից 10-ը՝ հակակոռուպցիոն դատարան, իսկ 11-ը՝ վարչական դատարան: Նորքի այգիների կամ անտառների հողահատկացումների իրավաչափությանն էր անդրադարձել ՍիվիլՆեթի հետաքննությունը։ 

Այս գործով բազմաթիվ հողակտորների առուվաճառքների պայմանագրեր են վիճարկվում դատարաններում, արդեն կան հօգուտ պետությանը կայացրած վճիռներ։ Այդ մասին հայտնեց դատախազությունը՝ ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը, թե որ փուլում է գտնվում ՍիվիլՆեթի՝ «Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ» վերտառությամբ հետաքննության հիման վրա սկսած ուսումնասիրությունը։ Դատախազությունից նաև պարզաբանեցին, որ «Նորքի այգիների» քրեական գործը մի շարք վարույթների ու ուսումնասիրությունների արդյունք է, որոնք տարբեր ժամանակահատվածներում միացել են մայր գործին։ Այս գործի շրջանակում Նորքի այգիների կամ Նորքի անտառների տարածքի յոթ հողակտորի պայմանագիր է վիճարկվում, նաև կան Երևանի այլ հատվածների հողամասերի վերաբերյալ հայցեր։ Այդ գործընթացների իրավաչափությանն էր անդրադարձել ՍիվիլՆեթի հետաքննությունը։ 

Մասնավորապես, ՍիվիլՆեթը գրել էր Նորքի անտառների տարածքի մասնատման ու անտառային հատվածի սեփականաշնորհման խնդիրների մասին։ Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի «թոքերը»։ 

1990-ականներին ցրտի խնդիրը լուծելու համար բնակչությունը սկսեց հատել Նորքի անտառները, իսկ 2000-ականներին իշխանությունը որոշեց «կտրել» ու «մաս-մաս բաժանել» անտառի ընդհանուր տարածքի կեսը։ Նորքի անտառների տարածքը իշխանությունը մասնատեց 2004-ին։ Այնուհետև սկսվեց լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։ 

Ըստ պատասխանի՝ հակակոռուպցիոն դատարանի վարույթում է Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 9 420 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով գլխավոր դատախազության հայցը, որով դատական ակտը կհրապարակվի փետրվարի սկզբին: 

Բացի այդ, նույն դատարանի վարույթում է գտնվում նաև հեռուստաաշտարակին հարող տարածքի 17,730 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով Գլխավոր դատախազության հայցը, որն ընթացիկ է:

Նորից դատարանի վարույթում է նույն տարածքում 2080 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Արտակ Նազարյանի միջև կնքված պայմանագրի հարցը։ Այս մասով քննարկվում է հաշտության համաձայնությամբ գործն ավարտելու հարցը:

Խոշոր տարածքներից 17 200 քմ մակերեսով հողամասի գործն է դատարանում, վիճարկվում է քաղաքապետարանի և Անուշավան Հայրապետյանի միջև կնքված պայմանագիրը։ Նմանաբնույթ մի գործընթաց էլ դատարանում ընթանում 16,870 քմ հողամասի վերաբերյալ՝ նորից  նույն տարածքում։ Տվյալ դեպքում դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լարիսա Դավթյանի միջև կնքված պայմանագիրը։ Դատարանում է նաև քաղաքապետի և Աշոտ Մաղաքյանի միջև կնքված  պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ։

Նույն գործի շրջանակում դատախազությունը այլ հողատարածքների վեարդարձի մասով է գործընթացներ մեկնարկել։ 

Մասնավորապես, գրավոր պատասխանում նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024-ի հուլիսի 2-ի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Վաչագան Թովմասյանի միջև 2005-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ինչի արդյունքում Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող 12 400 քմ մակերեսով ավելի քան 730 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 

Հակակոռուպցիոն դատարանի 2024-ի նոյեմբերի 29-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Պապովյանի միջև 2005-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված դատական ակտն ուժի մեջ մտնելու դեպքում Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող հողամաս հասցեում գտնվող 12 860 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Ներկայում դատարանի վարույթում է գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Դերենիկ Եղիազարյանի միջև Աջափնյակում 4 000 քմ մակերեսով թիվ 59 հողամասի վերաբերյալ 2003-ին կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելու հարցը։ Առկա է նաև ընթացիկ հայց վարչական դատարանում:

Սրանք Հակակոռուպցիոն դատարանի գործերն էին, միաժամանակ հարուցվել են նաև հայցեր վարչական դատարավարության կարգով։ 

Այդ հայցերի շրջանակում մի շարք հողամասերի օտարման մասով դատախազությունը պահանջում է իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչել և լուծել առուվաճառքի պայմանագրերը, անվավեր ճանաչել սեփականության իրավունքի գրանցումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում