Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մեկ օրվա ընթացքում սա Ադրբեջանի տարածած նմանատիպ երկրորդ հաղորդագրությունն է։ Հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ հաղորդագրություններին արձագանքել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Civilnet










