ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին: ՍիվիլՆեթի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ առհասարակ «սահմանագոտու ցանկացած ուղղությամբ ինտենսիվ և էական խախտումը իրենք արձանագրում են և հաղորդագրություններով տեղեկացնում հանրությանը»։
Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում: Ավելի վաղ այս մասին գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ գիշերը Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ։
Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են առաջնագծում և բանակային դիրքերում տիրող իրավիճակի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
«Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Առհասարակ սահմանագոտու ցանկացած ուղղությամբ ինտենսիվ և էական խախտումը արձանագրում ենք և հաղորդագրություններով տեղեկացնում հանրությանը», - ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշեցին ՊՆ-ից։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե իբր հայկական կողմը կրակոցներ է արձակում սահմանագոտու տարբեր հատվածներում։ Պաշտպանության նախարարությունը ավելի քան մեկ տասնյակ անգամ հերքել է այս պնդումները։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է պաշտպանության նախարարությանը խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ընդգծել է Փաշինյանը։
Գևորգ Թոսունյան
Civilnet










