Դատարանը մերժեց Ջալալ Հարությունյանի պաշտպանի բոլոր միջնորդությունները

Հայկ Ղազարյան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին:
Հունիսի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ-20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Դատավոր Մխիթար Պապոյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանին՝ արդյոք հետնահանջի հրամանը գործելու դեպքում կարող էին փրկվել զոհվածները և տեխնիկան:
Հարությունյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին և նշեց. «Սկզբից էլ իրենք տրամադրված են եղել հրանոթները թողնել ու դուրս գալ: Այսինքն՝ դիմադրելը նրանց մոտ բացակայում էր: Հիմա այդ պայմաններում, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել, չեմ կարող ասել»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, և Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են:
Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվառլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման:

Հունիսի 16-ի դատական նիստը։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի։
Ըստ քրեական գործի՝ զինված խումբ տեսնելուց հետո և մինչև գլխավոր շտաբ զեկուցելը, դիվիզիոնի հրամանատարությունը որոշել էր հրանոթները հանել ու նահանջել Ջուվառլուից: Սակայն պատկերը փոխվել է, երբ հայտնել են, թե մերոնք են:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը կրկին հարցրեց. «Եթե նահանջի հրամանը չեղարկված չլիներ և կատարվեր, կփրկվե՞ին, թե՞ չէ»: Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատասխանեց, որ երկու տարբերակն էլ հնարավոր էր։
Դիտակետերի հարցը
Պաշտպանական կողմը պնդում է, որ Ջալալ Հարությունյանի ենթադրյալ արարքի և Դ-20 դիվիզիոնի կորուստների միջև պատճառահետևանքային կապ չկա, քանի որ կորուստների պատճառը դիվիզիոնի հրամանատարության, մասնավորապես Հայկ Թովմասյանի կողմից թույլ տրված սխալներն են եղել. դիտակետեր չծավալելը, դիտորդներ չնշանակելը, դիրքերն ինժեներական առումով չպատրաստելը և խուճապային տրամադրություն տարածելը:
Դատաքննության ընթացքում էական վեճ եղավ դիտակետերի ծավալման և պահպանության կազմակերպման վերաբերյալ: Ըստ պաշտպանվող կողմի՝ դիվիզիոնի հրամանատարության որոշմամբ ծավալվել է միայն մեկ դիտակետ, մինչդեռ առնվազն չորս դիտակետ պետք է լիներ, ինչը փորձագիտական եզրակացության կողմից դիտարկվել է որպես կոպիտ խախտում:
Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը, որը Պաշտպանության բանակի շտաբում 14 տարի ծառայելու փորձ ունի, ասաց, որ մեկ դիտակետ ապահովել է տվյալ տարածքի ամբողջ դիտարկումը: Նա նաև նշեց. «Երկրորդ, դիվիզիոնը, դիվիզիոնի դիտակետերից կրակային խնդիրների կատարում չի իրականացվել, սպասարկում չի իրականացվել: Բոլոր նշանակետերը տրվել են խորացված հրամանատարական կետից, բանակի հրամանատարական կետից են տրվել»:
«Եթե լինեին մարտկոցներին դիտակետեր, ապա հնարավոր կլիներ առավել վաղ հայտնաբերել հակառակորդի խմբավորումները»,- նիստի ընթացքում ասաց Ջալալ Հարությունյանը:
Պաշտպանական կողմի փաստարկները
Ջալալ Հարությունյանի պաշտպանական կողմը պնդեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելու մասով, հիմնավորված չէ: Նրանք շեշտեցին, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Հարությունյանի առողջական վիճակը՝ ծանր վնասվածքներ, գլխի վնասվածք, հեմատոմա և այլն՝ որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:
Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր 2020-ի հոկտեմբերի 27-ին։
«Ավելին, չեն գնահատվել նրա «Արցախի հերոս» կոչումը, բազմաթիվ պետական պարգևները, դրական ծառայողական բնութագիրը և մանկահասակ երեխա ունենալը»,- ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը:
Պաշտպանությունը պնդեց, որ Դ-20 դիվիզիոնի կորուստները պայմանավորված են եղել անմիջական ղեկավարումն իրականացնող սպաների «լրջագույն սխալներով և բացթողումներով», այլ ոչ թե Հարությունյանի գործողություններով: Նշվեցին մասնավորապես կրակային դիրքերի ոչ ճիշտ կազմակերպված պահպանումը, դիտակետերի բացակայությունը:
Հարությունյանը հայտարարեց, որ ինքը չորս անգամ ասել է «կարող է՝ մերոնք են» և ոչ թե «մերոնք են» կամ «100 տոկոս մերոնք են»: Նրա պաշտպանը հավելեց, որ Հարությունյանը «այլ պատասխան տալու հնարավորություն և իրավունք էլ չուներ», քանի որ չէր կարող կոնկրետ ասել՝ «հակառակորդ են» կամ «մերոնք են»: Պաշտպանական կողմը խնդրեց նշանակել նվազագույն պատիժ և կիրառել պատիժը պայմանականորեն:
Օնիկ Գասպարյանի և Ջալալ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը
Պաշտպանվող կողմը միջնորդություն ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարություն մի շարք ձայնագրություններ ձեռք բերելու և դրանք որպես ապացույց ուսումնասիրելու վերաբերյալ՝ Ջալալ Հարությունյանի խոսքերի հավաստիությունը ապացուցելու նպատակով: Այդ ձայնագրություններից մեկում առկա է նաև նրա և Օնիկ Գասպարյանի զրույցը դեպքից առաջ։ Ըստ մեղադրյալի՝ այդ զրույցի ընթացքում ինքը զեկուցել է ընդհանուր իրադրության մասին, ներառյալ մոտ 700 դասալիքների և թշնամու ներթափանցման վերաբերյալ տվյալներ։ Քննարկվել են նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ էր կատարել հրետանու կողմից, և տրված հրամանները։ Հարությունյանը նշել է, որ զրույցը վերաբերել է դիվերսիոն հետախուզական խմբերին, որոնց պետք է խոցել։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ նշելով, որ նույն տվյալներն արդեն առկա են գործի նյութերում:
Դատարանը մյուս միջնորդությունները ևս մերժեց
Դատախազը նշեց, որ երկու անձի ցուցմունքներով հաստատվել է, որ Հարությունյանը միանշանակ ասել է՝ «տվյալ խմբավորումը յուրային է»՝ առանց քննարկումների, և այն էլ՝ երկու անգամ: Նա հայտարարեց, որ Հարությունյանը բավարար տեղեկություններ է ունեցել իրավիճակը գնահատելու համար, և նրա պատասխանը եղել է «առանց բավարար հիմքերի»:
Ինչ վերաբերում է Հարությունյանի առողջական խնդիրներին, դատախազն ասաց, որ փորձաքննությունն անհրաժեշտ չէ, «քանի որ քրեակատարողական հիմնարկներն ունեն համապատասխան ընթացակարգեր անձին պատժից ազատելու համար, եթե հիվանդությունն իսկապես խոչընդոտում է պատժի կրմանը»:
Դատարանը մերժեց առողջական վիճակի փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ այն պատշաճ չի հիմնավորվել, և նման միջնորդություն չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում:
Փորձագետների հարցաքննության վերաբերյալ միջնորդությունը նույնպես մերժվեց, «քանի որ այն չի արվել առաջին ատյանի դատարանում, և չի հիմնավորվել, թե ինչ հանգամանքներում է անհրաժեշտ փորձագետների հարցաքննությունը»:
Դատարանը նշեց, որ չի բացառել հետագայում դատաքննությանը վերսկսելու հնարավորությունը, եթե հանգուցալուծման համար անհրաժեշտություն առաջանա:
Կարդացեք նաև՝
«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը
«Մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ». Ջալալ Հարությունյանի բացատրությունները դատարանում
Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին
Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը սա գնահատում է որպես ձգձգման փորձ
Civilnet










