ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը կատարվող խուզարկությունները քաղաքական կոմպոնենտ ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
«Վաղ առավոտից ապօրինի խուզարկության հսկայական շքերթ է սկսվել։ Խուզարկություններն առնչվում են Կարապետյան ընտանիքին, մասնավորապես Նարեկ Կարապետյանի մասով։ Թե ինչ են փնտրում շատ բարդ է ասել։ Այս պահին առգրավել են 2 գլխարկ։ Սա բնորոշ է իրավական տեռորի»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ Վարդևանյանի՝ խուզարկության համար դատարանի որոշումից հնարավոր չէ հստակ պատկերացնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է կատարվում խուզարկությունը։
«Եթե խուզարկություններն ունենում են օրինականության, լեգիտիմության, անհրաժեշտության, իրավաչափության դեֆիցիտ, այդ դեպքում մենք ստիպված ենք արձանագրել, որ այստեղ իրավական բաղադրիչը թողնում ենք մի կողմ, և բախվում ենք քաղաքական կոմպոնենտին»,- ասաց Վարդևանյանը։
Անդրադառնալով հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տան խուզարկությանը, Վարդևանյանը նշեց, որ այն փոխկապակցված է ՀԷՑ-ում կատարվող խուզարկության հետ։ Արամ Վարդևանյանը նշեց, որ այս ամենն ունի իր քաղաքական հետապնդման բաղադրիչը։
«Այս ամենն ունի իր քաղաքական հետապնդման բաղադրիչը, որովհետև ամեն ինչ սկիզբ է առել հունիսի 17-ի ֆեյսբուքյան գրառումներից, ընդհուպ մինչև հաշվեհարդարի խոստումը»,- ասաց Վարդևանյանը։
Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական էջերում գրել էր․ «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանն իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Կարապետյանի կալանավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











